Ցավակցում են

01/03/2009

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ցավակցություն է հայտնում 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհված 10 քաղաքացիների ընտանիքներին եւ հարազատներին։ «Միաժամանակ, մենք վերստին մեր մտահոգությունն ենք հայտնում մարտյան դեպքերի քաղաքական շահարկման, հանրության մեջ թշնամանքն ու անհանդուրժողականությունը խորացնելուն միտված գործողությունների եւ նախաձեռնությունների կապակցությամբ։ Անհանդուրժողականության եւ թշնամանքի մթնոլորտի խորացումը կարող է հանգեցնել հանրային կյանքի բնականոն ընթացքի լուրջ խաթարման։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հանդես է եկել քաղաքացիական համաձայնության եւ հանդուրժողականության հաստատման դիրքերից։ Ոչ թե առճակատում, այլ քաղաքացիական համերաշխություն եւ երկխոսություն. սա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը։ Մենք խորապես համոզված ենք, որ միայն քաղաքացիական համաձայնության եւ քաղաքական ուժերի միջեւ երկխոսության ճանապարհով է հնարավոր հաղթահարել մեր երկրի եւ հանրության առջեւ ծառացած մարտահրավերները, նպաստել ազգային միասնության մթնոլորտի հաստատմանը եւ իրականացնել բարգավաճ հայրենիք ունենալու բոլորիս նվիրական երազանքը»,- ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: