Դժվար չէր կանխատեսել, որ ընդդիմության` մարտի 1-ի հանրահավաքից առաջ իշխանությունների կողմից կատարվող «պրոֆիլակտիկ» գործողությունների շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պետք է ասուլիս հրավիրեր ու հայտարարեր, թե ինչ կտրուկ միջոցների է Ոստիկանությունը դիմելու «հնարավոր անկարգությունների դեպքում»:
Եվ պատահական չէր, որ երեկ ասուլիս էր հրավիրել անձամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը, «այլ թեմաներից բացի», անդրադարձավ նաեւ մարտի 1-ին սպասվող հանրահավաքին` հայտարարելով, թե իշխանությունները ոչ միայն «ահաբեկված չեն» այդ հանրահավաքից, այլեւ` այսօր ավելի պատրաստ են, քան նախորդ տարի: Ըստ նրա` Ոստիկանությունն իրավիճակը հսկելու է ամբողջությամբ եւ մինչեւ վերջ, այսինքն` հարկ եղած դեպքում` առավոտյան ժամը 7-ից մինչեւ հաջորդ օրը: «Իսկ այն իրավախախտին, որ կփորձի անկարգություններ հրահրել կամ կոչ անել, Ոստիկանությունը հենց սկզբից կմեկուսացնի»,- հայտարարեց Ա. Սարգսյանը` ավելացնելով, որ կիրակի օրը իրենք աշխատելու են խիստ ռեժիմով, ու մինչեւ վերջին մարդը չգնա տուն` իրենք չեն գնալու:
Մարտի 1-ի մասին
«2008-ի մարտի 1-ին Ոստիկանությունը պատրաստ չէր, իսկ այսօր ամեն մի նման զանգվածային անկարգություն կկանխի հենց բնից»,- ասաց Ալիկ Սարգսյանը` հավելելով, թե կիրակի օրն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իրենք «ամեն գնով թույլ չեն տալու կրկին անկարգություններ հրահրել, հասարակական շահերը վնասող ոտնձգություններ իրականացնել»: «Ինչ գնով լինի` մեր խնդիրն է, թույլ չենք տալու: Մենք պաշտոնական դիրք օգտագործելու խնդիր չունենք, մեր քայլերը բխում են ժողովրդի շահերից: Պետք է Հայաստանում վերանա վախի մթնոլորտը, ու մարդ հանգիստ կարողանա դուրս գալ իր պատշգամբ: Վերջը` էդ վախի մթնոլորտը պետք է վերացվի: Կոչ եմ անում հայաստանցիներին, որ որեւիցե քաղաքական ուժի ազդեցության տակ չընկնեն ու ուրիշի ջրաղացին ջուր չլցնեն: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է նման ճանապարհով (անկարգությունների, բռնությունների), հասնել իշխանափոխության, թող հույսները կորցնեն ու որդեգրեն քաղաքակիրթ գործելակերպ»,- հայտարարեց նա:
Ըստ Ա. Սարգսյանի` 2008թ. մարտի 1-ին Ոստիկանությունն իր բոլոր հնարավորություններով չի գործել, ցուցաբերել է դանդաղկոտություն, չի կանխատեսել, որ հնարավոր են սանձազերծումներ, զանգվածային անկարգություններ ու կանխավ իր գործողությունները նախապատրաստած չի եղել. «Եթե Ոստիկանությունն արագ կողմնորոշվեր եւ տիրապետեր օպերատիվ իրադրությանը, մարտի 1-ը տեղի չէր ունենա: Ոստիկանությունը հայտնվել էր անկանխատեսելի վիճակում եւ ժամանակին չի կողմնորոշվել, որի պատճառով էլ դարձել է նաեւ տուժած կողմ: Այլեւս նման դեպք չի կրկնվի, քանի որ Ոստիկանությունն այսօր զգոն է եւ տիրապետում է օպերատիվ իրավիճակին:
Ես Ոստիկանությանը կարող եմ մեղադրել միայն ոչ ճիշտ պահվածքի, ոչ ճիշտ կողմնորոշվելու մեջ, իսկ իրավազանցության առումով, օրենքը խախտելու առումով` Ոստիկանությունը ոչ մի սխալ թույլ չի տվել: Ոստիկանությունն ընդամենը կանխել է զանգվածային անկարգությունները, իսկ այն, որ դրանց ընթացքում նաեւ մարդիկ վնասվածքներ են ստանում, եւ աղմուկ է բարձրանում, հայտնի է բոլորին»,- ասաց նա: Ա. Սարգսյանի ասելով` այսօր ինքը հանգիստ է, քանի որ այդ մարտի 1-ին, ըստ նրա` արտառոց ոչինչ չի սպասվում: «Մարտի 1-ին մենք էլ տուժողի կեցվածք ենք ընդունելու, քանի որ զոհեր ենք տվել, ժողովրդի հետ միասին հարգելու ենք զոհերի հիշատակը: Սակայն հասարակական կարգի խախտման եւ ոտնձգության որեւէ դեպք թույլ չենք տալու: ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է մարտի 1-ն ամբողջությամբ վերահսկելու: Հասարակական կարգն՝ ամբողջությամբ պահպանվելու, օպերատիվ իրավիճակը` վերահսկվելու է»,- ասաց Ա. Սարգսյանը:
Պետդեպի զեկույցի մասին
Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության եւ «Human Wrights Watch» իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ գնահատականներին` Ա. Սարգսյանը նախ նշեց, թե ինքը չի կիսում այդ հեղինակների կարծիքը, ապա ավելացրեց. «Ես չեմ կարծում, որ Ոստիկանությունը բռնի ուժով է կանխել անկարգությունները: Ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, ես այդ կարծիքին եմ հանգել իմ իրականացրած բոլոր ուսումնասիրություններից հետո: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, դատավարություններից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա: Ըստ նրա` «արտասահմանցի գործընկերները» մշտապես փորձում են դատավորի կեցվածք ընդունել եւ մեղադրանքներ հնչեցնել մեր երկրի հասցեին: «Այնինչ ոչ մի եվրոպական երկրում ոստիկանը չի հանդուրժում ցուցարարին եւ դիմադրություն է ցուցաբերում, անգամ` մահակներ կիրառում»: «Ես չեմ կարծում, որ այսօր Ոստիկանության կողմից առանձնապես ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնց պատճառով խաթարվում են մարդկանց իրավունքները: Մենք համագործակցում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Ցանկացած դիտողության ես մոտենում եմ ըմբռնումով եւ աշխատում եմ հարցին արդարացի լուծում տալ: Որոշ դեպքերով անգամ ծառայողական քննություններ են անցկացվել` պարզելու համար` Ոստիկանության կողմից իրոք խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Պարզապես մարդկանց դուր չի գալիս Ոստիկանության այսօրվա պահվածքը, հստակ կողմնորոշված լինելը»,- կարծում է Ա. Սարգսյանը:
Գեւորգ Մհերյանի սպանության մասին
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի բացահայտենք փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը: Դա պատվի ու արժանապատվության հարց է` նախ եւ առաջ՝ Ոստիկանության համար»,- երեկ անդրադառնալով ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը, ասաց Ա. Սարգսյանը` նշելով, թե իր տեղակալի սպանության դեպքն իրենց համար շատ «ամոթաբեր» է, իսկ պետության համար` վարկանիշի հարց է: Նա տեղեկացրեց, որ Գ. Մհերյանի սպանության գործով կա չորս հիմնական վարկած: