«15 մլն գումար են ծախսել, տրուբեն կա՝ ջուրը չկա»,- ասում է Ճոճկանի նորընտիր համայնքապետը

01/03/2009 Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

Լոռու մարզի Ճոճկան գյուղի նորընտիր համայնքապետ Սամվել Գիգոլյանը փետրվարի 5-ին` մեր այցելության պահին, խիստ անհանգիստ էր ընդամենը երկու ամիս առաջ Ճոճկանի նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանից ընդունած համայնքապետարանի փաստաթղթերի համար:

«2006թ. Լալվարից Ճոճկան ջուր են քաշել, 15 մլն դրամ էլ գումար են ծախսել, տրուբեն կա` ջուրը չկա: Նայել եմ ջրագծին, կիսատ-պռատ է: Գյուղի վերեւն ա, թե այդ 15 մլն դրամն ում միջոցներից է հատկացված, ով է կառուցել, ոչ մի փաստաթուղթ չկա: Համայնքապետարանի հիմնական միջոցների գրքում ընդամենը գրված է` Լալվար-Ճոճկան խմելու ջրի ջրատար` 15 մլն դրամ»,- բացատրեց համայնքապետը: Թե Վ. Թամազյանից փաստաթղթերն ընդունելու ժամանակ ինչո՞ւ չի պահանջել ջրագծի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, Սամվել Գիգոլյանը պատասխանեց. «Բալանսում ինչ կա, ես այն ընդունել եմ, ջրագծի համար էլ ոչ մի պատասխան չեմ կարող տալ: Ինչ պատասխան տեմ տալ, ջրագծի միակ փաստաթուղթն այս մի տողն է»: Սամվել Գիգոլյանն այն համոզմանն էր, որ Լալվարից Ճոճկան ջուր բերելու համար 15 մլն-ը փոքր գումար է, եւ գտնում էր, որ ջրագծի գործում ինչ-որ բան այն չէ, իսկ գյուղում ամենահրատապը խմելու ջրի խնդիրն է: Ջրատարի մասին մեր հարցին նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանը պատասխանեց. «Շատ լավ էլ ջուրը գնում է, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության միջոցներով, Լոռու մարզպետարանի կողմից, գյուղի գլխին հսկա ցիստեռն եմ սարքել, ջուրը լցվում է այնտեղ, երկու տարի ջուրը գյուղ է եկել, տրուբեքը քանդած տեղեր ունի, թող գնան սարքեն` էլի կգա»: Համայնքապետի պաշտոնավարման շուրջ 12 տարիների ընթացքում սա Վարուժան Թամազյանի կողմից Լալվարից Ճոճկան կառուցված երկրորդ չկայացած ջրագիծն է: Ճոճկանցիները դեռ չեն մոռացել 1999 թ. շահագործված «Լալվար-Ճոճկան» ոռոգման ջրատարը, որի բացման ժապավենը կտրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հորդառատ անձրեւներին այս ջրատարում ջուր է եղել, ամռան տապ եղանակներին` ոչ, դրա արդյունքում էլ գյուղի 1000 հա այգիները չորացել են»,- գյուղ մտնող ամեն անծանոթի բացատրում են ճոճկանցիները: «Օբյեկտներ ունենք` մեր գրքերում չկան, սեփականատեր էլ չկա, օրինակ` բաղնիքի շենք ունենք, սառնարան ունենք, ո՛չ տերը կա, ո՛չ էլ մեր հաշվեկշռում է: Գյուղի բժշկական ամբուլատորիան գրանցված չէ ոգչ համայնքապետարանի, ո՛չ էլ` Ալավերդու առողջապահական կենտրոնի հաշվեկշռում»,- ասում է նոր համայնքապետ Սամվել Գիգոլյանը: Բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սաթենիկ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես այս շենքում նստած եմ ահուդողով: Թվում է` էս ա-է սա շենքի պանելը իմ գլխին կընկնի, որովհետեւ ճիշտ չի սարքված, ցեմենտ չկա, լրիվ հող ա: Ամբուլատորիայում ջուր չունենք, ես ինչքան կարամ շշով գնամ ջուր բերեմ: Շենքը սարքելուց մեկ շաբաթ հետո պարկետները լրիվ օդում են եղել»: Ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Նաիրա Գրիգորյանն էլ հայտնեց իր կարծիքը. «Ամբուլատորիան կառուցված է 2000թ., դեռ հանձնված չէ, դրա վերանորոգումն ընթացքի մեջ է»: Ամբուլատորիան կառուցած շինարարի կամ ընկերության մասին համայնքապետարանում տեղյակ չէին: «Ամբուլատորիան Լոռու մարզպետարանն է կառուցել, ՀՀ Առողջապահության նախարարության ծրագրով: Շինարարի անունը չեմ կարող հիշել, թող գնան մարզպետարանի առողջապահության վարչությունում հարցնեն: Ես շենքը չեմ ընդունել թերությունների համար, թերությունները վերացնելու համար մի 800 հազար դրամ են հատկացրել, գումարը քանի որ քիչ էր, ոչ մի շինարար էլ չուզեց թերությունները վերացնել, էդպես էլ մնաց»,- ասում է նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանը:

Սամվել Գիգոլյանը Ճոճկանի վիճակը շատ ծանր գնահատեց: «Էսօրվա վիճակում գյուղի մանկապարտեզը չի աշխատում, շենքը վթարային վիճակում է, մշակույթի տունը եւ երաժշտական դպրոցը չեն գործում, այգիները չեն մշակվում, խորհրդային տարիների 1000 հա դեղձի ու խաղողի այգիներից մնացել է 10 հա այգի: Վարելահողերի 40 տոկոսը չի մշակվում գյուղացիների կողմից, անմխիթար վիճակում են գյուղամիջյան ճանապարհները: Ճոճկանից երիտասարդությունը` տարեկան մի 200 հոգի, դուրս են գալիս, գնում են Ռուսաստան կամ Երեւան` աշխատելու: Ժողովուրդը հուսահատված է»,- ասում է Սամվել Գիգոլյանը:

Տարիների ավանդույթով ճոճկանցիները երբեք տեղյակ չեն եղել համայնքի բյուջեին: Հայտնին մեկն է եղել` Վարուժան Թամազյանն անվերապահորեն, ի սկզբանե արգելել է սեփական վարելահողերը մշակել այն գյուղացիներին, ովքեր չեն կարողացել վճարել հարկերը: Նոր համայնքապետը համաձայն չէր այս մոտեցմանը. «Գյուղացին պետք է հողը մշակի, որ կարողանա հարկ տա, որ չմշակի, որտեղի՞ց կտա: Ամեն ինչ անելու ենք, որ ճոճկանցին իր հողը մշակի»: Այդուհանդերձ, Ճոճկան համայնքի 2008 թ. բյուջեի եկամուտները պլանավորվել են 30,3 մլն դրամ, որից տարեվերջի մուտքերը կազմել են 22,7մլն դրամ, վերջինիս 12,6 մլն դրամը կազմել է դոտացիան: Համայնքապետարանը թերացել է սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում, հողի հարկի նախատեսված 6 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3,5մլն դրամ, վարձակալությամբ տրված հողերի նախատեսված 3,6 մլն դրամ վարձավճարների փաստացի հավաքագրումը կազմել է 1մլն դրամ: Առավել զավեշտական է բյուջեի ծախսային մասը: Վ. Թամազյանը բյուջեի 23,5մլն դրամ փաստացի մուտքերից 17,5մլն դրամը ծախսել է Ճոճկանի համայնքապետարանի աշխատակազմի պահպանման համար, իսկ 3,9մլն դրամի մասով ավագանու որոշում է կայացրել համայնքապետի համար ծառայողական նոր ավտոմեքենա գնելու մասին, որն էլ իրականացրել է նոր համայնքապետը:

Սամվել Գիգոլյանը դեկտեմբերի 12-ին համայնքի անդամների ժողով է հրավիրել, որտեղ գյուղացիների հետ քննարկել է սեփական հարկային եկամուտների գանձման, երաժշտական դպրոցի ու մանկապարտեզի խնդիրները, աղբահանության, կենցաղի ջրի 500 դրամ վարձավճարների սահմանման, գյուղի «Գիլասկուտ» հանդամասի 10 հա հողերը, որոնք չեն օգտագործվում, տնկարան կառուցելու նպատակով հատկացնելու եւ գյուղի համար կարեւոր այլ հարցեր: Համայնքապետն իր առաջին խնդիրներից մեկը համարել է գյուղացիների հավատի վերականգնումը. «Ահագին մարդիկ են դիմել, այգի են ուզում տնկել: Ամեն ինչ արել ենք, որ ոռոգման սեզոնին գյուղացիներին արդյունավետ մատակարարենք ջրի եղած պաշարները: Ոռոգման ջրի գյուղի ներքին ցանցը խայտառակ վիճակում է, ամբողջությամբ երեւի չհասցնենք վերանորոգել, բայց մասամբ կվերանորոգենք»,- ասում է համայնքապետը:

Ճոճկանցիները համայնքի ղեկավարից պահանջում են ոռոգման համար Դեբեդից ինքնահոս ջուր հասցնել գյուղ: «Երեւանում որոշ մարդկանց դիմել եմ, մեծ գումարի հետ է կապված: Կառավարությունը դրա շուրջ կարող է որեւէ ծրագիր իրականացնել, մեր շրջանից 3 գյուղ է` Այրումը, Ճոճկանը, Շնողը, Նոյեմբերյանի տարածքից մոտ 10 գյուղ կա: Տվյալներն էդ գյուղերից վերցրել եմ, 10 հազար հա հող կարող է ինքնահոս ջրի տակ մտնել»,- ասում է Ս. Գիգոլյանը: Գյուղի տնտեսության վերականգնման ու գյուղացիներին ոտքի կանգնեցնելու ուղղությամբ համայնքապետը մի ելք է տեսնում. «Գյուղի փրկության միջոցն էն ա` մենք այգի ունենանք: Ցորենը, գարին սուտ բան ա, դրանք մեր գեղըմը բերք չեն տալիս փաստորեն: Մի տարի, երկու տարի տվին ու վերջ: Այգի է պետք, մերը այգին ա»: Սամվել Գիգոլյանը նաեւ հայտնեց, որ համայնքի 2009 թ.-ի բյուջեն արդեն հաստատվել է ավագանու կողմից, բյուջեի` իր կողմից նախատեսված եկամուտները կազմում են 33մլն դրամ, որից 17մլն դրամը ՀՀ կառավարության կողմից նախատեսված դոտացիան է:

Հ.Գ. Այսուհանդերձ, Ճոճկանի նորընտիր համայնքապետ Սամվել Գիգոլյանի ուշադրությունը չենք կարող չհրավիրել գյուղի մուտքի հսկա աղբակույտերի վրա, որի կողքով անցնելիս անհնար է չնկատել:

www.hetq.am