Թիկնապահներն ու տնօրենները…

01/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Օրերս կրթության եւ գիտության նախարարն, ի լուր ամենքի, հայտնեց վաղուց արդեն հայտնի մի ճշմարտություն` մասնավոր բուհերը չեն բավարարում բարձրագույն կրթության պահանջներին, շեղվում են ծրագրերից, հետեւաբար հատուկ հանձնաժողովը պետք է նրանցից 13-ին զրկի արտոնագրից:

Թեեւ դրանց բացման օրից արդեն հայտնի էր, որ մասնավոր բուհերը նախեւառաջ բիզնեսի նպատակ են հետապնդում եւ ոչ թե բարձրագույն կրթություն տալու: Այն, որ այս որոշումը եւս կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում, այլ թեմա է:

Խնդիրն այն է, որ վերանայման կարիք ունեն նաեւ հանրակրթական դպրոցները` ի վերջո, այսօր այնքան էլ հստակ չէ` ի՞նչ առաքելություն ունեն այդ հաստատությունները: Դատելով հատկապես կենտրոնական դպրոցների տնօրենների ցանկից` հանրակրթական դպրոցները եւս առեւտրական կենտրոններ են` բառի ամենալայն իմաստով: Դրամահավաքը դարձել է ավանդույթ. տնօրենների եւ ուսուցիչների` փող հավաքելու թուլության դեմ հնարավոր չէ պայքարել նույնիսկ մահվան սպառնալիքով: Հետեւաբար, պետք չէ կարծել, թե նրանք կհրաժարվեն ծնողներից դրամ կորզել` այդ հարցում իրենցից ոչ պակաս փութաջան պետական չինովնիկների հորդորներով: Դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար դպրոցի տնօրենը պահանջում է 3000 դոլար կաշառք, կրկնուսույցները պարտադրում են աշակերտներին, եւ անգամ առաջին դասարանցիների ծնողներն են ստիպված լինում պարզունակ ծրագիրը մատուցել կրկնուսույցի միջոցով: Սակայն առեւտուրը նաեւ շատ տնօրենների տարերքն է:

Դպրոցի տնօրեններից ոմանք ուսուցչանոցում կամ իրենց աշխատասենյակում զբաղվում են առեւտրով՝ Արաբական Էմիրություններից բերած հագուստ վաճառելով ուսուցիչներին: Աշակերտներից մեկի մայրը պատմում էր, որ դստեր անգլերենի ուսուցչուհին 15 րոպե դասից իր ուշանալը հիմնավորել է այսպես. տնօրենը հագուստի նոր «պարտիա» էր բերել եւ ուսուցչուհուն առաջարկել էր հենց ուսուցչանոցում փորձել իրեն դուր եկած տաբատը: Սա գիտեն նաեւ աշակերտները: Նրանք գիտեն, որ իրենց տնօրենները վարսահարդարին, մատնահարդարին հրավիրում են անմիջապես դպրոց: Նրանք տեսնում են իրենց տնօրենների, ուսուցիչների վարքը նաեւ ընտրությունների ժամանակ, երբ վերջիններս ստանձնում են իշխանությունների թեկնածուի քարոզիչների դերը, երբ առանց լուրջ դիմադրության պատրաստ են ամեն կարգի ընտրակեղծիքի:

Ընտրություններից առաջ ռեստորաններում թաղապետերի, օլիգարխների հետ տոնական զգեստներով եւ բարձր սանրվածքներով ճաշի շտապող ուսուցչուհիներն ու տնօրենները աշակերտների համար նույնքան վտանգավոր են, որքան սերիալներն` իրենց անհաջող պերսոնաժներով: Ավելին, երեխաները տեսնում են նաեւ այն խտրական վերաբերմունքը, որ ունեն ուսուցիչները՝ տնօրենի անմիջական հրահանգով, այս կամ այն երեխայի հանդեպ, եթե նրա հայրը բարձրաստիճան չինովնիկ է, օլիգարխ, թաղապետ կամ ֆինանսական խնդիր չունեցող մեկը: Վերցրեք մատյանները եւ կտեսնեք՝ բոլորը գերազանցիկ են: Այնպես որ, այն, ինչ կատարվեց օրերս մայրաքաղաքի դպրոցներից մեկում, մասնավորապես` 114-րդ դպրոցում, լրիվ տեղավորվում է մեր ժամանակակից դպրոցի տրամաբանության մեջ: Հատկապես, որ նման դեպքն առաջինը չէ: Որքան էլ պարադոքսալ է, նման դեպքերից հետո ծնողները հետամուտ չեն լինում, որպեսզի թիկնապահը պատժվի. նրանք նախընտրում են «լեզու գտնելու» մեթոդը:

Հասկանալի է, որ նման դեպքերում օլիգարխներն ու պաշտոնյաներն իրենց զավակներին չեն տեղեկացնում, որ թիկնազորն անհրաժեշտ է իրե՛նց՝ թանկարժեք մեքենայով իրենց մեքենայի հետեւից շրջելու համար, անհրաժեշտ է, որ իրենց հետ շփվողը ենթագիտակցաբար զգա թիկնապահ տղաների լայն թիկունքը, որ ընտրությունների ժամանակ նրանց մատուցած ծառայություններն անփոխարինելի են եւ, վերջապես, թիկնապահ ունենալու գիտակցությունն իրենց ավելի մեծ վստահություն է տալիս՝ պատգամավորի, թաղապետի, նախարարի այնքան բարդ եւ շնորհակալ գործը կատարելիս: Թիկնապահներն էլ իրենց հերթին տեղյակ չեն պահվել, որ բոլոր ժամանակներում աշխատել եւ աշխատում է նույն չգրված օրենքը. երբ տղամարդը ձեռք է բարձրացնում երեխայի, կնոջ վրա կամ իրենից թույլ որեւէ մեկի վրա, դա լուրջ կասկածի տակ է դնում նրա ուժն ու տղամարդկայնությունը: Հավանաբար այդ մասին նրանք երբեւէ առիթ չեն ունեցել լսելու:

Տվյալ պարագայում 114-րդ դպրոցի տնօրենն էլ, դատելով թե՛ այս միջադեպից, թե՛ շրջող լուրերից, չի տարբերվում ժամանակակից դպրոցի տնօրենի ոչ նախանձելի կերպարից: Պատմությունը, որ թիկնապահները մեր իրականությունում ընկալվում են որպես մանկուրտ հիշեցնող արարածներ, ովքեր առանց երկար մտածելու, ավելի ստույգ` առանց մտածելու, առաջնորդվում են բացառապես տիրոջը պաշտպանելու բնազդով, ինչ-որ առիթով արդեն լսել ենք: Նման կարգի թիկնապահների զոհ դարձավ նաեւ Պողոս Պողոսյանը՝ «Պապլավոկ» սրճարանում:

Տնօրենների եւ ուսուցիչների խնդիրը բարդ է: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնի դպրոցների տնօրենները, ինչպես օլիգարխների կամ պետական չինովնիկների թիկնապահները, անպատիժ են: Նրանք առանց աշխատանքից ազատվելու մտավախության՝ դպրոցները դարձրել են քաղքենիական մի միջավայր, ուր կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ՝ ներքնազգեստից մինչեւ գնահատական:

Կարելի է կրկնել ծեծված ֆրազը, որ դպրոցը հասարակության հայելին է, որ այստեղ տեղափոխված են հասարակական փոխհարաբերություններն՝ իրենց բոլոր արատներով: Սակայն այդ դեպքում երեխային դպրոց ուղարկելը ծնողի համար դառնում է լուրջ ռիսկ: Այստեղ հավասարապես վտանգավոր են թե՛ պաշտոնյաների, օլիգարխների որդիները, թե՛ նրանց թիկնապահները եւ թե՛ դպրոցների ուսուցիչները, թե՛ տնօրենները: