«Բանակցային գործընթացում կան հույսեր, սակայն չեմ կարող ասել, թե կան
տեղաշարժեր: Տեղաշարժ կլինի այն դեպքում, երբ մենք պայմանավորվենք այս կամ
այն հարցի շուրջ: Բայց հույսեր կան, քանի որ աշխարհում առկա գործընթացները
հայերի օգտին չեն: Քաղաքական պատկերը տարածաշրջանում փոխվում է»,-
CNN-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին հայտարարել է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ նրա, ներկայումս հակամարտության
կարգավորմանն առնչվող հանդիպումներն ընթանում են դրական ուղղությամբ, քանի
որ «տվյալ հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններում, ԵԱՀԿ Մինսկի
խմբում արդեն իրական պատկերացում է ստեղծվել այն մասին, որ Ադրբեջանը
երբեք չի զիջի Լեռնային Ղարաբաղը, երբեք չի հաշտվի իր տարածքային
ամբողջականության խախտման հետ»: Ալիեւը եւս մեկ անգամ կրկնել է Ղարաբաղում
բնակվող հայերին բարձր ինքնավարության կարգավիճակ տրամադրելու եւ նրանց
անվտանգությունն ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը: «Սակայն
Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական հող է: Ադրբեջանի ինքնիշխանությունը չպետք
է խախտվի, տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- ավելացրել
է նա: Իսկ ԼՂ հարցն Ադրբեջանի օգտին լուծելու կապակցությամբ իր
լավատեսությունն Ալիեւը բացատրել է նրանով, որ Ադրբեջանը՝ որպես
եվրաատլանտյան տարածքի կողմ, չափազանց սերտ կապեր ունի ՆԱՏՕ-ի,
Եվրամիության, ԱՄՆ-ի հետ: «Հայաստանն այլ քաղաքականություն է վարում, իսկ
Հայաստանի դաշնակիցները մյուս կողմում են», – հայտարարել է Ալիեւը: