Ժողովրդավարացում՝ քյաշ փողով

01/03/2009

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս մի շատ հետաքրքիր զեկույց է հրապարակել, որը պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե հետխորհրդային երկրները ինչ գումարներ են ստացել եւ ծախսել «ժողովրդավարության հաստատման նպատակով»:

1992թ. ԱՄՆ Կոնգրեսը մի օրենք ընդունեց՝ շատ խոստումնալից անվանումով՝ «Եվրասիայի ազատության եւ զարգացող եվրասիական ժողովրդավարություններին եւ ազատ շուկաներին աջակցելու մասին»։ Դրա շրջանակներում միջոցներ հատկացվեցին նախկին ԽՍՀՄ երկրներին (բացառությամբ Բալթյան երկրների)։ Այժմ Պետդեպը որոշել է հաշվել, թե այդ օրենքի եւ այլ ծրագրերի շրջանակներում որքան փող են ստացել այս երկրները 14 տարվա ընթացքում՝ 1992-2006 թվականների ընթացքում։ Առաջին տեղում Ռուսաստանն է, որը ստացել է 11.4 միլիարդ դոլար։ ՌԴ-ին հաջորդում են Ուկրաինան (1.3 միլիարդ), Վրաստանը (725 միլիոն), Ղազախստանը (636 միլիոն), Հայաստանը (495 միլիոն), Տաջիկստանը (458 միլիոն), Ղրղըզստանը (374 միլիոն), Ուզբեկստանը (370 միլիոն), Բելառուսը (324 միլիոն), Մոլդովան (294 միլիոն), Ադրբեջանը (261 միլիոն) եւ Թուրքմենստանը (156 միլիոն)։ Միջոցները հիմնականում տրամադրվել են 1993-1994 թվականներին։ 3 միլիարդ դոլար հատկացվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը (մասնավորապես՝ դատական համակարգի բարեփոխումներ, աջակցություն ԶԼՄ-ներին եւ հասարակական կազմակերպություններին եւ այլն)։ Ռուսաստանն այս առումով էլ առաջին տեղում է՝ ԱՄՆ-ից ստացած 1.1 միլիարդ դոլարով։ Նրան հաջորդում են Ուկրաինան (600 միլիոն), Հայաստանը (234 միլիոն), Վրաստանը (175 միլիոն), Ղազախստանը (162 միլիոն), Ուզբեկստանը (144 միլիոն), Ղրղըզստանը (133 միլիոն), Ադրբեջանը (130 միլիոն), Բելառուսը (114 միլիոն), Մոլդովան (87 միլիոն), Տաջիկստանը (75 միլիոն) եւ Թուրքմենստանը (47 միլիոն)։ «ՀըԽ» պարբերականն այս առիթով կարծիք է հայտնել, որ ամերիկյան հարկատուների վճարած այս գումարների օգտագործման արդյունավետությունը խիստ կասկածելի է։ «Զարգացած ժողովրդավարություն չի ստեղծվել ո՛չ Ռուսաստանում, եւ ո՛չ էլ հարեւան երկրներում»,- նշում է «ՀըԽ»-ն։ Ավելին, ռուսաստանցիներն իրենք էլ հակված չեն ժողովրդավարությանը։ Համաձայն «Gallup»-ի անցկացրած ուսումնասիրության, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների միայն 18%-ն է ասել, որ կցանկանար ապրել Արեւմտյան տիպի ժողովրդավարության պայմաններում։ Նույնքանն էլ գերադասում են խորհրդային կարգերը։ Հարցվածների մեծամասնությունը՝ մոտ 40%-ը, կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի պետական կարգը պետք է հիշեցնի խորհրդայինը՝ ներառելով ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության որոշ տարրեր։ 10%-ը նախընտրել են ավտորիտարիզմը, 2%-ը՝ միապետությունը։ Հայաստանի վերաբերյալ նման հարցում չի անցկացվել, սակայն մեր դեպքում ավելի վստահաբար կարելի է պնդել, որ ամերիկյան միջոցները ոչ մի արդյունք չեն տվել։ Ըստ Պետդեպի տվյալների, մեկ բնակչին ընկնող ամերիկյան օգնության ծավալով մեր երկիրը գտնվում է առաջին տեղում՝ 73 դոլար։ Մեզ հաջորդում են Վրաստանը՝ 40 դոլար, Ղրղզըստանը՝ 27 դոլար, եւ Ռուսաստանը՝ 8 դոլար։ Այս տվյալներից կարելի է երկու հետեւություն անել. կամ մենք ռուսներից էլ ավելի շատ ենք գերադասում խորհրդային կարգերը, կամ` մեզ ավելի շատ փող է պետք։ Չնայած Վրաստանի օրինակը վառ ապացույց է, որ ժողովրդավարության հաստատման համար փողն ամենակարեւոր գործոնը չէ։