Ագարակում հարկադիր գործազրկություն է

01/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Կարծում եք` էստեղ որեւէ միջոցառո՞ւմ է տեղի ունենալու, չէ՛, սխալվում եք»,- ասում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակից Ռոբերտ Գալստյանը: Վերջինս հունվարի 9-ին ստացավ ղեկավարության ծանուցումը, ըստ որի` նա հարկադիր պարապուրդի մեջ է ու կվարձատրվի աշխատավարձի երկու երրորդի չափով. «Արդեն երկրորդ ամիսն է` աշխատավարձ չեմ ստանում: Երկու երեխա ունեմ, տան միակ աշխատողն էլ ես եմ: Հիմա ուրիշ տեղ էլ չկա, որ աշխատենք. ստիպված` հավաքվում ենք էս հրապարակում»: Իսկ ինչո՞վ է կոմբինատի մեքենավարն ընտանիքը պահում: «Պարտքով, հեն ա լրիվ խանութներից պարտք ենք վերցնում: Հիմա էլ արդեն լույսն ենք պարտքով վառում»,- պատասխանում է նա: Իսկ անվադողերի փականագործ Էդգարը հրապարակ էր եկել իր երկու տարեկան փոքրիկի հետ, ասում է` երեխային զբոսնելու եմ հանել. «Տան միակ աշխատողն եմ: Մենք էլ վարձով ենք ապրում: Փետրվարի 17-ին հաստիքս կրճատեցին ու դարձա գործազուրկ,- ապա ավելացնում է,- հենց փետրվարին կրճատեցին 300 հոգու: Բախտակիցներս քիչ չեն, չէ՞»: Ճիշտ է, Աշոտ Հովհաննիսյանը Էդգարի բախտակիցներից է, բայց ոչ փետրվարյան. «Դեկտեմբերին կրճատվեցի: Ինձ հետ էլ` եւս 45 հոգի: Մեծ աղջիկս 6-րդ դասարանում է, փոքրս էլ՝ առաջին: Կինս էլ չի աշխատում»: Իսկ թե ինչպես են ապրում, ինչ կամ ում միջոցներով, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի կերպ, էլի, եթե դա ապրել ա կոչվումգ»: Հրապարակում հավաքվածներից ամենքն էլ ունի իր պատմությունն ու նույն հոգսերը: Ալյոշա պապն, արդեն մի քանի տարի է, կենսաթոշակի է անցել, ասում է` վիճակը չի փոխվի, եթե վրացիներն էստեղից չգնան (նկատի ունի կոմբինատի վրացի ղեկավարությանը): Պարոն Ավագը Ալյոշա պապիկին հիշեցրեց. «Դեւաձեն գնացել է. հիմա ռուս է եկել ու հենց երեկ էլ Բելազի վարորդների հետ զրույցի ընթացքում վատացել է, անմիջապես հիվանդանոց են տարել»: Ալյոշա պապն ի պատասխան այդ լրացումի` ասաց. «Վրացի, ռուս, ա՛յ մարդ, լրիվ նույնն են: Թող գնան մեր քաղաքից: Ո՞նց էինք աշխատում առաջ, բա ինչի՞ սովետի ժամանակ մի հատ կրճատում չեղավ, հը՞»: Սովետական տարիների կոմբինատը հիշեց նաեւ պարոն Ավագը. «Էն ժամանակ, որ մի աղաց էր կանգնում, լուրը հասնում էր մինչեւ Ռուսաստան, ու հարցը արագ լուծում էին: Հիմա էս սեփականատերերին միայն գերշահույթներն են հետաքրքիր, ոչ թե շահույթները: Մետաղի գները մի քիչ ընկան, շահույթը մի քիչ պակասեց, իրար անցան` բա ի՞նչ կլինի»: Ավագ Ղարիբյանը վստահեցնում է, որ կոմբինատում դեռ 15 տարվա պաշարներ կան, բայց հույս չունի, որ դրանք կրկին կշահագործվեն. «Էլ չեմ հավատում: Կոմբինատը փակվելու ա, մենք էլ տեսնենք` ինչ ենք անում»: Պարոն Աբոն, որ կրճատվել էր միայն այն պատճառով, որ գործադուլի ժամանակ առաջին շարքերում էր գտնվել, նշեց. «Ի՞նչ պիտի անենք, ո՛չ արտերկիր կարող ենք գնալ, ո՛չ էլ էսպես պարապ նստել»: Հետո տղամարդիկ որոշեցին, որ անցակետն են փակելու, ուրիշ ելք չունեն, չնայած կոմբինատի նախկին երկարամյա աշխատողն առաջարկեց. «Կամ էլ պետք է Պարսկաստան անցնել»: Իսկ Ասյա տատը` յուղի տարան ձեռքին մոտենալով հավաքվածներին` ասաց. «Մեկ է` մեզ ոչ մեկն էլ չի օգնի: Ինչի՞ եք իզուր էդքան հարցեր տալիս: Երեւի մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք, թե չէ` թերթում գրում եք՝ որպես ի՞նչ: Մեր ձայնը չի լսվում, ավելի լավ է` եկեք մի բաժակ սուրճ հյուրասիրեմ»: Կոմբինատի ներկայիս աշխատողներից Եղիշե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հիմա վերականգնողական աշխատանքներ են ընթանում ու գործարանում աշխատում է 60 մարդ: Իսկ ի՞նչն են վերականգնում. «Էքսկավատորներ, բելազներ, ապարների հեռացման աշխատանքներ ենք տանում»,- պատասխանեց նա: Իսկ երբ հարցրեցինք, թե արդյոք հնարավո՞ր է ներս մտնել, տեսնել այդ աշխատանքների ընթացքը, նա պատասխանեց. «Ո՛չ, անվտանգության բաժինը թույլ չի տալիս, ուզո՞ւմ եք զանգեմ»: Զանգեց ու հարցրեց։ «Հիմա չի կարելի չէ՞ կոմբինատ մտնել» հարցին խոսափողից լսվեց աշխատակցի պատասխանը` ոչ, իհարկե: Վարչական շենքում էլ նույն անվտանգության աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, ինչ-որ մեկից ճշտելով՝ ասաց. «Պատասխանը բացասական է` Սերգեյ Պոլովինկինը հիվանդ է»: Իսկ վարչական շենքի մոտ, որը գտնվում է հենց կենտրոնական հրապարակում, հավաքված գործազուրկների թիվը գնալով շատանում էր:

Ագարակցիները խանութներից պարտքով են ապրանքներ գնում: Տնտեսական ապրանքներ վաճառող տիկին Կարինեն պարտքերի տետրերն արդեն տանն է պահում: Ասում է` առեւտուր չկա, մարդիկ անգամ պարտքով գնումներ չեն անում. «Տետրերը բերած կամ չբերած, հիմա հազար դրամի առեւտուր էլ չեմ անում, խայտառակ վիճակ է: Մարդիկ մտածում են միայն հացի մասին, էլ ի՜նչ տնտեսական ապրանքներ»: Իսկ դիմացի խանութի վաճառողուհի տիկին Մելանյան ահավոր զայրացել էր` սա արդեն երրորդ պարտքերի տետրն է: Իրենք, որ նախկինում պարտքով ապրանք չէին տալիս, հիմա հազարավոր դոլարներով պարտքեր են տվել. «Ի՞նչ անենք, ստիպված տալիս ենք, ժողովրդի ձեռքին ոչ փող կա, ոչ էլ ճար: Գալիս են, խնդրում են, մենք էլ էդքան հաճախակի չենք ապրանք ստանում, ի՞նչ անենք»: Խանութներից մեկի վաճառող Սամվելը, սակայն, գիտի ի՞նչ անել, ասում է` պետք է էլ պարտքով ապրանք չտան. «Մեզ մոտ պարտքով ապրանք չենք տալիս, միայն կանխիկ առեւտուր»։ Սա ասելուն պես վաճառողը նկատում է, որ սրանք զուտ խոսքեր են, բայց հենց մարդիկ գալիս են ու հաց են ուզում, ստիպված` իր խոսքը դրժում է։ «Հիմնականում հաց ու սնունդ են առնում, էն էլ` առաջվա պես չէ: Հիմա մենակ իմ մշտական հաճախորդներին եմ պարտքով ապրանք տալիս, էն էլ` ոչ տետրով,- ավելացնում է Սամվելն ու վաճառասեղանին դնում ստվարաթղթի վրա գրված պարտքերի ցուցակը,- Դե՛ նայեք, էս է պատկերը»: