Հայաստանում մտահոգված են

01/03/2009

Մինչ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանում մտահոգվում են, որ այս միջոցառումները կարող են գործազուրկ դարձնել այնտեղ աշխատող կես միլիոնից ավելի հայերին. սա իր հերթին աղքատության եզրին կհասցնի նրանց ընտանիքներին:

Անցյալ ամիս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով կրճատել արտասահմանյան աշխատուժի քվոտաները՝ աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվությունը տալով Ռուսաստանի քաղաքացիներին: Արդյունքում` ՌԴ-ում բնակվող Խորհրդային Միության միլիոնավոր նախկին քաղաքացիներ հայտնվում են գործազրկության վտանգի առջեւ: Իր այս հայտարարությունը հիմնավորելով՝ Մեդվեդեւը բերում է Ինգուշեթիայի օրինակը:

«Երկրում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը՝ 57 տոկոս: Եվ չնայած այս հանգամանքին` նրանց մոտ այժմ արտասահմանից հրավիրված 4000 մասնագետ է աշխատում»,- բացատրում էր Մեդվեդեւը:

Ըստ որոշ հայ տնտեսագետների վերլուծությունների` Ռուսաստանում հայազգի աշխատանքային միգրանտների թիվը 600.000 է: Նրանց կարծիքով` ճգնաժամի եւ Մեդվեդեւի կոչի հետեւանքները զգալի կլինեն մոտ ապագայում: Ըստ ՌԴ կառավարության կանխատեսման` 2009թ. տնտեսական աճը կկրճատվի 2,2 տոկոսով, մինչդեռ այժմ աշխատավարձի պարտքերն արդեն վնաս են հասցրել կես միլիոն մարդկանց:

«Հայերը հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում, իսկ դա սեզոնային աշխատանք է»,- ասում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը` բացատրելով, թե ինչու ճգնաժամի հետեւանքները հատկապես զգալի կլինեն գարնան սկզբին:

Հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են այն մասնավոր դրամական փոխանցումների հաշվին, որոնք ուղարկում են Ռուսաստանում աշխատող իրենց ազգականները, հարազատները: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների 70%-ը կատարվում է Ռուսաստանից: Կառլեն Միքայելյանը, որը բնակվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, 10 տարուց ավելի է՝ արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Պերմ քաղաք: Նա ասում է, որ անում է այն` ինչ պատահում է. ասֆալտապատելուց սկսած՝ մինչեւ բնակարանների վերանորոգում եւ շինարարություն: «Եթե մնամ գյուղում, չեմ պատկերացնում, թե ի՞նչ եմ անելու մի հատ կովով ու կարտոշկա ցանելով: Պերմում աշխատելու ժամանակ ես ամիսը 500-800 դոլարի չափ փող էի ուղարկում տուն»: Միքայելյանի խոսքերով` եթե այս անգամ էլ մեկնի Պերմ ու աշխատանք գտնի, հույս չունի, որ նախկինի նման բարձր կվարձատրվի:

Աշխատանքային միգրացիայի հոսքի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի գյուղական բնակչությունը, միգրանտների 1/4-ը եղել են Երեւանից, մնացած 30%-ը` այլ բնակավայրերից: ԵԱՀԿ զեկույցի համաձայն, հարցված միգրանտների վստահեցմամբ` դրսում աշխատելով՝ վաստակել են ամիսը միջինը 660 դոլարից ոչ պակաս, մինչդեռ Երեւանում նույն աշխատանքի դիմաց երեք անգամ պակաս գումար են ստանում: Գայանե Հակոբյանն անհանգստացած է. ամուսինը Մոսկվայում է աշխատում, բայց արդեն զանգահարել է տուն` զգուշացրել, որ իրենց ծախսերը կրճատեն, քանի որ չի կարող մոտակա ամիսներին գումար ուղարկել. աշխատավարձ չեն տվել, ու հույս էլ չկա, որ կտան:

Սիրանույշ Զադոյանի պատմելով` ամուսինը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն, եթե Երեւանում իր մասնագիտությամբ աշխատի, չի հասցնի ընտանիքի անգամ տարրական հոգսերը հոգալ: Սիրանույշի ամուսինը պատրաստվում է մոտ օրերս մեկնել Իրկուտսկ: Ամեն տարի նա մեկնում է, շինարարական աշխատանքներում ներգրավվում: «Դե, հիմա Ռուսաստանում էլ գործ չկա, մարդկանց ձեռքը փող չկա, որ ռեմոնտ անեն, կամ շենք սարքեն, իմ ամուսինն էլ հենց նման գործեր է կատարում: Եթե գործ չճարի Իրկուտսկում, մենք սոված կմեռնենք: Այստեղ էլ մի կարգին գործ չկա»,- ասում է Սիրանույշը:

Հայաստանի գյուղական շրջանների բնակչության համար աշխատանք գտնելը հատկապես ծանր է, իսկ այժմ նրանք սարսափում են հայրենիքում աշխատանք փնտրելու հեռանկարից: Գյումրիի բնակիչ Բագրատ Սանոյանը շատերի պես ստիպված է գուշակել` արդյոք կկարողանա՞ աշխատանք գտնել Ռուսաստանում այս տարի, թե՞ ոչ: «Անցյալ տարի 7 ամսում ընդամենը 2600 դոլար եմ ուղարկել ընտանիքիս: Բայց դե, մեկ է, հազիվ ենք ծերը ծերին հասցնում: Պատճառն էլ մեկն է. մինչեւ իմ մեկնելն անպայման ընկնում ենք պարտքերի մեջ: Ուղեւորությունն էլ է պարտքով»,- ասում է գյումրեցին:

Այնուամենայնիվ, Սանոյանի նմանները դժվար թե կարողանան աշխատանք գտնել Ռուսաստանում, որտեղ Մեդվեդեւի հայտարարությունը ողջունել են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հասարակ քաղաքացիները: Իր ազգայնական հայացքներով հայտնի Վլադիմիր Ժիրինովսկին` ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը, ավելի կտրուկ հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանում ընդհանրապես պետք է դադարեցնել արտասահմանցիներին աշխատանքի ընդունելը: «Մենք ինքներս մեր խնդիրները կկարգավորենք: Ո՛չ օտարերկրացիների կարիքն ունենք, ո՛չ էլ նրանց համար աշխատանք ունենք»,- IWPR-ի հետ զրույցում հայտարարեց Ժիրինովսկին:

Ռուսաստանյան մյուս քաղաքական գործիչները նույնպես շտապել են քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ: Այսպես` Մոսկվայի քաղաքապետարանը Յուրի Լուժկովի գլխավորությամբ նոր կանոնադրություն է հաստատել, որի համաձայն՝ փետրվարի 1-ից օտարերկրացիները պարտավորվում են նախքան Ոստիկանությունում իրենց ներկայության արձանագրման գործընթացը ներկայացնել բնակարանի վարձակալության փաստաթղթերը: Սա դժվարին կացության մեջ է դնում օտարերկրացիներին, քանի որ գրանցման առաջին փուլի մինիմալ տեւողությունը 7 օր է, սակայն Ոստիկանությունում պարտադիր գրանցումը պետք է տեղի ունենա ժամանման պահից երեք օրվա ընթացքում:

«Եթե մոսկվացին աշխատանք փնտրի, մենք անպայման կաջակցենք նրան, սակայն եթե նման խնդրանքով դիմի օտարերկրացին, ստիպված կլինենք ասել` ների՛ր, եղբա՛յր»,- ըստ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության՝ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի Սպառողական ծառայությունների վարչության պետ Վլադիմիր Մալիշկովը:

Մոսկվայի եւ նրա շրջակայքի ոստիկանությունն ավելի հաճախ է կովկասցի աշխատողներով լի շուկաներում ստուգայցեր կազմակերպում` ապօրինի միգրանտներին ձերբակալելու նպատակով:

«Անցյալ շաբաթվա վերջին նրանք կրկին եկան ստուգայցով: Ոչ բոլորն ունեին պահանջվող փաստաթղթերը, իսկ ոստիկաններն էլ այս անգամ ավելի խիստ գտնվեցին: Իմ ծանոթ ոստիկաններից մեկն ասաց, որ ոչնչով չի կարող օգնել, եւ, որ իրենք վտարման հրահանգ էին ստացել: Հենց այդ օրն էլ շուկայի 10 աշխատողների արտաքսեցին երկրից»,- ասում է Մոսկվայի շրջակայքի շուկաներից մեկի ադրբեջանցի սեփականատերը, ով չցանկացավ իր անունը հայտնել:

Հայերի հույսն այն է, որ կկարողանան այնպիսի աշխատանք ստանալ, որից իրենք` ռուսները, հրաժարվում են: Պավել Գրիգորյանը դեռեւս 1996թ. Ռուսաստանում ռեստորանային բիզնեսով է զբաղվում: Նրա հավաստմամբ` միշտ ստիպված է լինում սեւագործ աշխատանքի օտարերկրացիների ընդունել:

«Վերջերս անընդհատ փորձում եմ աշխատանքի հրավիրել ռուսներին: Բայց ՌԴ քաղաքացիություն ունեցողները պարզապես չեն ցանկանում աշխատել որպես հավաքարարներ ու սպասք լվացողներ, նույնիսկ, եթե միգրանտներին վճարած աշխատավարձից շատ ավելին եմ առաջարկում»,- բողոքում է Գրիգորյանը:

«Կովկասյան լրատու»