Փոքրիկ գետաձիուկն ու մեծ պրոբլեմները

01/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երբ Երեւանի կենդանաբանական այգում գետաձիու ձագուկը ծնվեց, հասկանալի դարձավ, որ այդ ծնունդը ոչ թե սոսկ էմոցիոնալ ուրախություն է, այլ` բանական (թեեւ շատ ուշացած) մոտեցման արդյունք է:

Բանը նրանում է, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բնակվող գետաձիերի միակ զույգը` Մանուկն ու Մանուշը, մի քանի անգամ ձագ են ունեցել, սակայն այդ ձագերը շատ քիչ են ապրել, ծնունդից մի քանի օր անց սատկել են, քանի որ նորածինների համար ոչ նպաստավոր պայմաններ էին ստեղծված: Գետաձիերի ջրավազանը պետք է կայուն ջերմաստիճան ունենա. ջրի ջերմաստիճանի տատանումները չեն ազդում խոշոր կենդանիների վրա, սակայն կործանիչ են նոր ծնված ձագերի համար: Անցյալ տարի Կենդանաբանական այգին, վերջիվերջո, լուծեց ջրավազանի ֆիլտրի ու ջեռուցման համակարգի խնդիրները, եւ 2008թ. նոյեմբերի 10-ին ողջ ու առողջ փոքր գետաձիուկ ծնվեց: Սակայն ձագի ծննդյանը զուգահեռ՝ ավելի լուրջ խնդիրներ ի հայտ եկան, որոնց այգու այսօրվա ղեկավարները փորձում են կարեւորություն չտալ: Խնդիրը երկու որձ գետաձիերի անհամատեղելիությունն է: Խոշոր ու ուժեղ որձն իր տարածքում բացարձակապես չի հանդուրժում մեկ այլ որձի ներկայությունը, նույնիսկ, եթե այդ երկրորդ որձն իր զավակն է: Ինչպես ասում են` բնությանը դեմ չես գնա: Եթե հայրն ու որդին միասին ապրեն, ապա հայրն անպայման կոչնչացնի որդուն: Այդ հարցում կենդանուց «ըմբռնողական» վերաբերմունք չես կարող պահանջել: Փաստորեն, եթե մեր Կենդանաբանական այգում մեկ ջրավազան ու երկու որձ կա, ուրեմն մի որձը պետք է առանց ջրի ապրի: Այգու ղեկավարությունը ջրավազանը ձագին ու մորը տրամադրելու, իսկ հայրիկին մեկուսացնելու որոշում է ընդունել: Սովորաբար գետաձին օրվա կեսից ավելին ջրի մեջ է անցկացնում, ջրավազանը նրա համար թաքստոց, ուտելու, ծննդաբերելու ու ապրելու միջավայր է: Իսկ մեր այգու Մանուկ գետաձին արդեն 5 ամիս զրկված է ջրավազանին մոտենալու հնարավորությունից, նա ապրում է ձմեռանոցում ու կամաց-կամաց խելագարվում է: Գետաձիերին խնամող Արթուրը, որը մեծ սիրով ու նվիրումով գրեթե ամեն վայրկյան իր կենդանիների կողքին է գտնվում, ջրատար խողովակով օրը մի քանի անգամ ջրում է Մանուկին, եւ որպեսզի կենդանու կաշին վերջնականապես չչորանա` պարբերաբար այն ձեթով է պատում: Սակայն այդ կիսատ-պռատ միջոցները չեն փրկում իրավիճակը: Գետաձին միայն առաջին հայացքից է անճոռնի ու դանդաղաշարժ երեւում, իրականում նա շատ վտանգավոր ու ագրեսիվ է, մանավանդ, երբ երկար ժամանակ ջրից հեռու է լինում: Ցամաքի վրա նա իրեն անվստահ է զգում ու պատրաստ է հարձակվել յուրաքանչյուր էակի վրա` լինի դա մարդ թե այլ կենդանի: Մանուկ գետաձին, որը միշտ աչքի է ընկել իր բարի բնավորությամբ, դանդաղորեն խեղճանում, հիվանդանում ու անկառավարելի է դառնում: Կենդանին սթրեսային կյանքով է ապրում: Կենդանաբանական այգին նրա համար ոչ միայն «բանտախուց» է դարձել, այլեւ` մահապատիժ իրականացնելու վայր: Մանուկն արեւից ու ջրից զուրկ իրական «բանտարկյալ» է: Ինչո՞ւ ենք մենք արհեստականորեն խելագարեցնում մեր Մանուկին, եւ ինչո՞ւ Մանուշի հղիության ընթացքում չի լուծվել երկրորդ ջրավազանի հարցը` անհասկանալի է: Այն դեպքում, երբ այգի խոշոր գումարներ են մուտք գործում. միայն 2009թ. ընթացքում պետբյուջեից 175 մլն դրամ է հատկացվել` շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Արման Աբովյանն ասաց, որ իրենք, իհարկե, գիտեին, որ նման բարդություններ են ունենալու, բայց հույս ունեին, որ ձագի մեծանալուց հետո կկարողանան «հաշտեցնել» երկու գետաձիերին: «Իսկ եթե փորձը հաջող չլինի, ու Մանուկն, այնուամենայնիվ, ոչնչացնի՞ իր իսկ ձագին» հարցի պատասխանը գլխավոր անասնաբույժը չունի: Նա ասում է, որ իրենք կապ են հաստատում այլ այգիների հետ ու ուսումնասիրում են նրանց փորձը, որը լի է եւ՛ հաջող, եւ՛ անհաջող փորձերով: «Դե, ի՞նչ կարող ենք անել, չունենք երկրորդ ջրավազանը»,- ասում է ի պաշտոնե միակ լուրջ մասնագետ համարվող Ա. Աբովյանը:

Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է վերանորոգել մեծ կատուների ամառային ու ձմեռային ազատավանդակները, շարունակել պարսպապատման աշխատանքները, կառուցել կոյուղագիծ եւ այլն: Այգում 2008-2012թթ. լայնածավալ շինաշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացված է շուրջ 700 մլն դրամ: Ի դեպ, նախորդ տարի այգում 58 մլն դրամի աշխատանքներ են կատարվել. այդպես են փաստում Երեւանի քաղաքապետարանում: Հասկանալի է, որ այգում հսկայածավալ աշխատանքների կարիք կա, այգին վաղուց արդեն ներսից «նեխում» է: Սակայն հետեւողական ու առաջնահերթ աշխատանքային ցուցակում չեն կարող անտեսված լինել այգու բնակիչները: Մեծ գիտակ լինել հարկավոր չէ` անզեն աչքով տեսնելու համար, որ աշխատանքների մեծ մասը «կարկատաններ» են հիշեցնում: Հանգստյան գոտու բարելավումը կամ ասֆալտապատման աշխատանքները չեն կարող կենդանիների հաշվին լինել, որոնց մեղքն ընդամենը նրանում է, որ իրենք կախում ունեն մարդկանցից: Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը վաղուց արդեն կասկածների տեղիք է տալիս: Եվ շատ դրվագներ կան, որոնց չի կարելի առանց հուզվելու անդրադառնալ: Կենդանիների կյանքի համար պատասխանատու մասնագետները շատ հաճախ մոռանում են, որ կենդանիների հետ աշխատելը, նախեւառաջ, կենդանիներին սիրել է նշանակում: Կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն, իսկ այժմ գիշատիչ կենդանիների բաժնի բանվոր Սամվել Ղահրամանյանը նկատում է, որ աշխատավարձերի չափը (40-50 հազար դրամ) ու աշխատակիցների պատրաստումը վերանայման կարիք ունեն: «Այգին հիմա ամրագրված է քաղաքապետարանի մշակույթի բաժնում: Եվ ստացվում է, որ նույն պահանջներն ենք ներկայացնում փիղ կամ կապիկ խնամողին ու, ասենք, երաժշտական դպրոցի հավաքարարին»:

Եվ երբ տեսնում ես, թե ինչպիսի խնամքով ու քնքշությամբ է իր ձագին վերաբերվում մայր դարձած գետաձի Մանուշը, որն իր ամեն մի շարժումով դաստիարակում ու մեծ կյանքի է նախապատրաստում իր ձագին, հասկանում ես, որ մարդիկ կենդանիներից շատ բան ունեն սովորելու: Որպեսզի լրիվ «գազան» չդառնանք, եկեք փորձենք կենդանիների հետ «մարդավարի» վարվել: Համակրելի ու առնական Մանուկ գետաձին հենց մեր մեղքով է կործանվում: