Երեկ ժամը 18-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության Ավան համայնքի տարածքային բաժանմունքի ոստիկանները ներխուժել են «Հանրապետություն» կուսակցության տարածքային շտաբ` պատճառաբանելով, թե ահազանգ են ստացել: «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը «Ա1+»-ին ասել է, որ Ոստիկանության 10-15 ներկայացուցիչներ գրասենյակ են ներխուժել ակտիվի ժողովի ժամանակ եւ պահանջել իրենից, որ ներկայանա պետի մոտ: «Ես չգնացի` խնդրելով, որ ինձ անպայման ծանուցագիր ուղարկեն, թե ինչու եմ կանչվում Ոստիկանություն, ինչ ահազանգի մասին է խոսքը»,- ասել է նա` նշելով, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, եւ իրենք արդեն համապատասխան հայտարարություն են տարածել: Միջադեպի հետ կապված Ոստիկանությունից որեւէ պարզաբանում չեն տվել: Ոստիկանների երեկվա գործողություններն, ամենայն հավանականությամբ, կատարվել են մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքից առաջ իրականացվող «պրոֆիլակտիկ միջոցառումների» շրջանակներում: