320.000 դոլար՝ «պատմական կայֆերի» համար

27/02/2009

Մինչ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները ճանապարհներ են փնտրում ճգնաժամի դեմ պայքարելու համար, ՀՀ կառավարությունը… խթանում է «հայկական նավատորմի նավարկությունը»: Կառավարության անցած շաբաթվա նիստում կայացվել է մի որոշում, որի անհեթեթությունը պատկերացնելու համար այն մեջբերում ենք ամբողջությամբ: «Գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 97 մլն 160 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` «Սփյուռքի ճանապահներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` հատկացված գումարը տրամադրել «Հայերը եւ ծովը» ՀԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա»: Այսինքն` Հայաստանը այնպես է հաղթահարել ճգնաժամի առաջին ալիքը, որ ավելի քան 320 հազար դոլար է տրամադրում նման «կայֆերի» համար, որը ամենայն հավանականությամբ իրականացնելու է «պատմական նշանակության նավապետ» Զորի Բալայանը` իր «Կիլիկիա» նավով: