Երեկ «Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ծավալուն զեկույց` նվիրված 2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններին եւ դրանից հետո` մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: «Հայաստանը դեռ պետք է պատասխանատվության կանչի Ոստիկանությանը ոչ համաչափ ուժի կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց»,- նշված է «Human Rights Watch»-ի` «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008 թ. վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները եւ միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը» վերնագրով 64 էջանոց զեկույցում, որի հեղինակները հորդորում են կառավարությանը հետաքննել մարտի 1-ի ընդհարումներում Ոստիկանության ուժի կիրառումը` շեշտելով, որ այդ օրվա յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է առանձին գնահատվի: «Այնտեղ, որտեղ ապացույցներ կան, որ ուժի կիրառումը դուրս է եկել օրինականության շրջանակներից, բոլոր օրինախախտները (այդ թվում` նրանք, ովքեր հրամաններ են արձակել) պետք է հետապնդվեն դատական կարգով»,- ասված է զեկույցում: