Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով 2007թ. օգոստոսից մինչեւ 2009թ. փետրվարն ընկած ժամանակաշրջանում ֆինանսական հատվածում աշխատանքը կորցրել է ավելի քան 300.000 մարդ: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում: Ըստ փաստաթղթի` ֆինանսական հատվածում զբաղված է մոտ 20 մլն մարդ: «Այդ ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 325.000 մարդ: Ընդ որում՝ նրանցից 130.000-ն աշխատանքը կորցրել են վերջին 5 ամսում»,- ասված է զեկույցում: ԱՄԿ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տինոկոն կարծիք է հայտնել, որ այդ թվերը չեն արտացոլում ֆինանսական հատվածի իրական վիճակը, որը դարձել է ճգնաժամի էպիկենտրոնը: Նա զգուշանում է, որ հետագա տնտեսական անկումը կհանգեցնի բանկերի, ապահովագրական ընկերությունների, խորհրդատվական ֆիրմաների եւ այլ ձեռնարկությունների աշխատակիցների էլ ավելի մեծ կրճատումների: