Երեկ Ազգային ժողովում ավարտվեցին Քրեական օրենսգրքի 104, 225, 300 եւ 301 հոդվածների փոփոխությունների քննարկումները: Քննարկման հիմնական վիճելի հարցը 225 հոդվածի 5-րդ կետն էր, որի համաձայն՝ «Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկարգությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության»:
Արդյո՞ք դեպքի վայրից չհեռացող լրագրողը, բժիշկը, իր զավակին փնտրող ծնողը այս օրենքի համաձայն պետք է պատասխանատվության ենթարկվեն, տարակուսում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: «Լրագրողը եթե այնտեղ լուռումունջ է, պետք է պատժի ենթարկվի,- պատասխանեց օրենսդրական այս փոփոխությունները հեղինակած աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ անմիջապես ավելացրեց,- պատգամավորը, որը փորձում է կանխել այդ ամենը, լրագրողը, օգնության հասած բժիշկը եւ ծնողը չեն կարող դիտվել որպես մասնակից»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի կեսօրին, երբ Մալաթիայի կողմից եկող խումբը հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարներին, խմբից դուրս եկած սադրիչներն անմիջապես հարձակվեցին ոստիկանների վրա: Այդ ժամանակ շատերի հետ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը փորձում էին ոստիկաններին փրկել այդ սադրիչներից: Բայց հիմա նրանք մեղադրվում են այդ նույն մեղադրանքով: Նույն պահին սադրիչների ձեռքից բարձրաստիճան ոստիկանին փրկելու համար վիրավորվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ երեկ Դ.Հարությունյանը նախ չբացառեց, որ այդ 5-րդ կետը հանվի օրենքի նախագծից, բայց քննարկման ավարտին որոշեց առաջարկված մյուս փոփոխությունների հետ միասին այդ հարցը քննարկել երկրորդ ընթերցման ժամանակ: Փոփոխությունների առաջին ընթերցումն այսօր քվեարկության կդրվի նախնական տեսքով: Իսկ երեկվա քննարկումը հիմնականում ծավալվում էր այն հարցի շուրջ, թե ի վերջո ինչի՞ համար են փոփոխվում քաղբանտարկյալների մեղադրանքների հիմնական մասը կազմող այս օրենքները: Արդյո՞ք միայն նրա համար, որ իրավական տեսակետից դրանք անկատար են, անորոշություն կա, եւ այդ օրենքներում քաղաքական ու քրեական էլեմենտները հստակ տարբերակված չեն: Փոփոխությունը կատարվում է ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջնե՞րը կատարելու համար: Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե օրենսգրքի այս փոփոխություններն ուղղակի առնչություն ունեն ինչպես ԵԽ ԽՎ բանաձեւերի, այնպես էլ ընթացող դատավարությունների հետ: Անդրադառնալով կոնկրետ փոփոխություններին` Ա.Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ պետք է տալ «զանգվածային անկարգությունների» հստակ ձեւակերպումը: «Դրանից հետո կարող ենք ասել, որ դու գիտակցելով ես մասնակցել ու դրա համար պետք է պատասխանատվություն կրես»,- հայտարարեց պատգամավորը:
«Ես իրավաբան չեմ, բայց որպես մարտի 1-ի, այսպես կոչված, զանգվածային անկարգությունների մասնակից, կարծում եմ, որ այս օրենքի փոփոխությունները վերաբերում են այդ անկարգությունները սադրած մարդկանց արարքներն օրինականացնելուն: Այս օրենքի փոփոխություններով ես ինձ տեսնում եմ որպես քրեական պատասխանատվության ենթակա անձ: Երբ մարդիկ դուրս են գալիս միտինգի եւ ասելիք ունեն գործող իշխանություններին, դա նրանց սահմանադրական իրավունքն է եւ պետք է հստակեցում մտցվի օրինական ելույթների ու բռնություն գործադրելու միջեւ: Ես վստահ չեմ, որ «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը թողնելով` հստակեցում կլինի: «Զանգվածային անկարգություններ» ասելով` ես միանգամից մարտի 1-ն եմ հիշում: Այդ օրը զանգվածային անկարգությունները սարքվեցին իշխանության կողմից այնքան ակնհայտ ու տեսանելի, որ կասկածի տեղ չթողեցին»,- իր հերթին ավելացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Պատգամավորը նաեւ հիշեց, որ մարտի 1-ին խաղաղ հանրահավաքն ընթանում էր Մյասնիկյանի արձանի մոտ, բայց զանգվածային անկարգություններ տեղի ունեցան, եւ մարդիկ սպանվեցին Լեո, Պարոնյան փողոցներում: «Ինչպե՞ս այդպես եղավ, ինչպե՞ս անկարգությունները միտինգի տեղից տեղափոխվեցին այնտեղ: Այսինքն՝ միշտ էլ կարելի է գտնել սադրիչներ, որոնք այդ գործողությունները կանեն: Ես առաջարկում եմ հանել «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը: Այս բառակապակցության պատճառով մենք անդունդն ենք գնալու: Այս օրենքով ուզում են ժողովրդի ըմբոստությունը բնի մեջ խեղդել: Ժողովրդի ըմբոստությունը, ընդվզումը որեւէ օրենքով հնարավոր չէ խեղդել»,- ավելացրեց տիկին Բախշյանը:
Ի դեպ, նախագծերի քննարկման ընթացքում, եւ հատկապես «Ժառանգության» պատգամավորների ելույթների ժամանակ ԱԺ դահլիճը գրեթե դատարկ էր, նստած էին ընդամենը 7-8 պատգամավորներ, որոնք էլ խմբված` զրուցում էին: Եվ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գրեթե դատարկ դահլիճում հրապարակեց, թե մարտի 1-ի զոհերը որտեղ են սպանվել` շեշտելով, որ անկարգությունների վայրը եղել է ոչ թե Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ցուցարարներն էին հավաքված, այլ Լեո եւ Պարոնյան փողոցներում: «Օրենքի բոլոր թերություններով հանդերձ՝ կարելի է ասել, որ մեր գործընկերները կապ չունեն այդ հանցագործությունների հետ: Եթե նույնիսկ 225 հոդվածի առաջին մասը փոխվի, փոխվի զանգվածային անկարգությունների նկարագիրը, եթե որեւիցե միջոցառում վերածվի զանգվածային անկարգության, ապա այդ վայրից անմիջապես հեռացած անձը ենթակա չլինի պատասխանատվության, միեւնույն է, այդ ձեւակերպումը (5-րդ կետը) ՀՀ Դատախազության, Ոստիկանության ձեռքին լինելու է մահակ, ցանկացած անձի հետապնդելու համար: «7-ի գործով» անցնողների մեղադրականների մեջ չեք գտնի մի տող, որ նրանք անձամբ անկարգություններ են կատարել, կազմակերպել են, կամ հրամայել են կատարել, կամ գնացել մարդ են սպանել: Միայն Մյասնիկ Մալխասյանի մոտ ձող է եղել, որի վրա մատնահետք չի եղել: Եթե անգամ փոփոխություններից հետո Դատախազությունը վերաորակավորի մեղադրանքը, եւ այդ 7 հոգու մեղադրանքից հանվի սպանությունների մասը, միեւնույն է, մնացած մասով մեղադրանքը շարունակվելու է: Եվ դատավորը հնարավորություն է ունենալու դատավարությունն անցկացնել առանց ամբաստանյալների ու անպայման դատապարտել նրանց: Ճիշտ է, դրանից հետո հնարավոր է համաներում լինի, բայց մենք հետագայում չենք կարողանա կանխել սադրիչ խմբերի գործողությունները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ այլ մարտիմեկերի համար»,- ասաց Զ.Փոստանջյանը` հիշեցնելով ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի պահանջը, թե այն անձանց գործերը, որոնց մեղադրանք է առաջադրվել 225 եւ 300 հոդվածներով, բայց չկան հիմնավոր ապացույցներ, պետք է կարճվեն:
Քննարկման ավարտին հիմնական զեկուցող Դ.Հարությունյանը գրեթե դատարկ դահլիճին հորդորեց նախագծի վերաբերյալ առաջարկները ներկայացնել գրավոր, իսկ մինչ այդ առաջարկեց փոփոխությունները քվեարկել առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք նաեւ, որ ՔՕ վերը նշված հոդվածներում առաջարկվող փոփոխություններն արդեն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը, իսկ քվեարկությունը տեղի կունենա այսօր: