ԵՄ-ի ուշադրության կենտրոնում ենք

27/02/2009

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է. «Հայաստանը Եվրամիության ուշադրության կենտրոնում է: Այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ միայն եվրոպական այս կառույցի հետ հարաբերություններն ակտիվացնելու եւ Եվրամիության արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու, այլեւ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը հասնելու անհրաժեշտությամբ»: Հիշեցնենք, որ նախօրեին Պ. Սեմնեբին հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ երեկ նա հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի դեպ, Սեմնեբին Հայաստանում էր նաեւ անցած շաբաթ, այն ժամանակ էլ նա հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի հետ:

«Ազատության» հետ զրույցում նա հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարել ներքաղաքական խնդիրները, որպեսզի քաղաքական երկխոսություն սկսելու համար պայմաններ ստեղծվեն: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում նաեւ Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու հիմքեր ստեղծելու համար, Պ. Սեմնեբին պատասխանել է. «Անցյալ տարվանից ի վեր մենք միշտ ենք ջանքեր գործադրել երկխոսության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Հիմա, երբ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, նման երկխոսության համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Եվրամիությունը, որպես Հայաստանի կարեւոր գործընկեր, կշարունակի հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել այդ հարցի առնչությամբ»: