Ի՞նչ արժե մեր լվացքը

03/07/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Կոնկրետ լվացք, քիմմաքրում, ներկում առաջարկող կազմակերպությունները
հավաստիացնում են, որ այն ժամանակ էլ բնակչության որոշակի խավն էր միայն
կարողանում օգտվել իրենց ծառայություններից, իսկ հայ տանտիրուհիների
մեծամասնությունը ոչ միայն կասկածանքով էր վերաբերվում («դրանց արած
լվացքը մի հատ էլ պետք ա արվի»), այլեւ անպատվաբեր էր համարում
լվացքատների ծառայություններից օգտվել («կարգին տան կնիկը իր լվացքը
ուրիշին չի վստահի»): Այժմ ժամանակները փոխվել են, եւ կարգին տանտիկինները
հնարավորության սահմաններում աշխատում են օգտվել նման ծառայություններից,
որովհետեւ «համ ժամանակ է խնայվում, համ կարգին լվացք են անում, համ էլ,
եթե համեմատենք՝ մեր արած լվացքի միայն չարչարանքն է մեր օգուտը»:
Կենցաղսպասարկման ոլորտում մրցակցությունը բնականաբար ծառայությունների
բարձր որակ է պարտադրել: Ոլորտի աշխատակիցները նույնիսկ իրենց աշխատանքի
նրբությունները չեն սիրում բացահայտել, որպեսզի մրցակիցներին ավելորդ
լավություն չանեն: Այսպես, օրինակ, մի քանի լվացքատներում արված
հարցումների ժամանակ ոչ ոք այդպես էլ չբացահայտեց, թե ինչ տեխնոլոգիաներով
են աշխատում: «Կոմպլեքս» կենցաղսպասարկման արտադրական կոոպերատիվի մենեջեր
Լյուդվիգ Նալբանդյանի հավաստմամբ` իրենք օգտագործում են բացառապես
գերմանական նյութեր, տեխնիկան էլ է գերմանական, բացի այդ, հնարավորության
սահմաններում հետեւում են՝ շուկայում լվացքի, քիմմաքրման, ներկման ի՞նչ
նոր նյութեր են հայտնվում: «Քանի որ մրցակցությունը գնալով մեծանում է,
շատ կարեւոր է, որ մեր ծառայության որակը չզիջի եվրոպական չափանիշներին»,-
գտնում է «Կոմպլեքսի» մենեջերը: Այս կոոպերատիվը բազմաթիվ կետեր ունի
քաղաքի տարբեր մասերում, որտեղ սովորաբար ընդունվում են պատվերները, ապա
տեղափոխվում արտադրամաս՝ մշակման: Բոլոր կետերը բողոքի գրքեր ունեն, որտեղ
հաճախորդները գրանցում են իրենց նկատած դժգոհությունները: «Դա մեզ օգնում
է իմանալ՝ ի՞նչ թերություններ կան եւ կողմնորոշվել՝ ինչի՞ վրա ավելի շատ
ուշադրություն դարձնել»,- ասում է Լ.Նալբանդյանը: «Կոմպլեքս» կոոպերատիվի
հսկիչ-տեսակավորող Ջուլիետա Ներսիսյանն ասում է՝ «Հաճախորդ գրավելու համար
որակյալ ծառայություն մատուցելն էլ է քիչ, պետք է կարողանալ նաեւ լավ
վերաբերմունքով հաճախորդին գրավել»: «Մեզ մոտ հենց հաճախորդ է մտնում, ես
անպայման ոտքի եմ կանգնում նրան դիմավորելու, ժպտում եմ, աշխատում եմ
բարեհամբույր լինել. մարդիկ դրանից շոյվում են, եւ եթե առաջին անգամն են
մեզ դիմել, ես զգում եմ, որ էլի են դիմելու, եւ չեմ սխալվում»,- ասում է
տիկին Ջուլիետան: Նա գտնում է, որ լվացքատանն աշխատելու համար առանձին
կրթություն պետք չէ. «Պետք է ընդամենը գործվածքի տեսակներից հասկանալ եւ
մի քիչ էլ քթածակ ունենալ՝ որովհետեւ յուրաքանչյուր հագուստ իր պիտակն
ունի, որը հուշում է՝ ինչպես մաքրել, որ չորակազրկվի»:
Լվացքատների ծառայություններից օգտվող մեր հայրենակիցներն առաժմ դիմում են
«մեծ լվացքի» դեպքում՝ անկողնու սպիտակեղեն, ծածկոցներ, վերմակներ,
վարագույրներ: Շատ են նաեւ արտասահմանցի հաճախորդները, նրանք լվացքատուն
են հանձնում իրենց բոլոր կեղտոտ հագուստները՝ սկսած վարտիքներից,
գուլպաներից մինչեւ փողկապ: Տիկին Ջուլիետան չհիշեց դեպք, երբ մեր
հայրենակիցները դիմեն ներքնաշորերի լվացման պատվերով: Արտասահմանցի
հաճախորդները մերոնցից տարբերվում են նրանով, որ պահանջում են պատվերը
հանձնել վայրկյանների ճշգրտությամբ եւ հնարավորինս խուսափում են
քիմմաքրումից. «Նրանք ցանկացած հագուստ գերադասում են լվանալ, միայն թե
քիմիական նյութ չկպնի»: Այս գործում շատ կարեւոր է նաեւ ազնվությունը:
Տիկին Ջուլիետան բազմաթիվ դեպքեր է թվարկում, երբ հաճախորդը լվացքը
հանձնելուց ճիշտ չի նշում քանակությունը. «Երբեմն երկու սավան են գրում,
հետո պարզվում է՝ երեքն է, մենք միշտ ազնվորեն իրենց տեղյակ ենք պահում եւ
անպայման լվացած-արդուկած վերադարձնում»: Հաճախորդների զարմանքը
գագաթնակետին է հասնում, երբ լվացքի մեջ մոռացված այլ իրեր են
վերադարձնում, այդ դեպքում հաճախորդը կարող է անվերադարձ «սիրահարվել» այդ
լվացքատանը: Տիկին Ջուլիետան բազմաթիվ իրեր է թվարկում, որ լվացքի միջից
գտել ու վերադարձրել է տիրոջը՝ սկսած բջջային հեռախոսից, ոսկյա ատամներից,
մի անգամ՝ նույնիսկ 800 դոլար, մի անգամ էլ գտածոն չօգտագործված օճառ է
եղել:
Լվացքատների առաջարկած ծառայությունների գները շատ տարբեր չեն՝ 100-200
դրամ տարբերությամբ: Կարելի է միջին գների այսպիսի աղյուսակ կազմել՝ 1կգ
սպիտակեղենի լվացում եւ արդուկում՝ 500-700 դրամ, 1կգ վարագույր, ծածկոց,
վերմակ՝ 700 դրամ, 1 տաբատը կարելի է ներկել 1000, բաճկոնը՝ 1500, կաշվե
բաճկոնը՝ 6000, վերարկուն՝ 4000 դրամի սահմաններում, քիմիական մաքրումը
կարժենա 1 փողկապի համար՝ 400, տաբատի համար՝ 800, բաճկոնի համար՝ 1400
դրամ, վերարկուն՝ 2400, արհեստական մորթուց մուշտակը՝ 5000, իսկ բնականը՝
18.000 դրամ: