Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, «հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը»: Նույն աղբյուրի համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Ս.Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: «Ընդգծելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը»,- ասված է հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ: Ուշագրավն այն է, որ այս հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց Երեւանում տեղի ունեցավ, այսպես ասած, Ջավախքի հարցով հանրահավաք, որտեղ հնչած բազմաթիվ ելույթներ ուղղակի կամ անուղղակիորեն ուղղված էին Վրաստանի իշխանությունների դեմ: Եվ ամենակարեւորը` այդ հանրահավաքն արտոնված էր Երեւանի քաղաքապետարանի կողմից: