Հայկական սառնարանների առեղծվածը

27/02/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք կառավարության այն որոշմանը, ըստ որի՝ «հայրենի արտադրողներին օգնելու համար» բարձրացվելու են մի շարք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։ Ու թեեւ կառավարության նիստում նշվել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը փոփոխության ենթակա ապրանքների ցանկը պետք է 1 օրվա ընթացքում տրամադրեր կառավարությանը, տեւական ժամանակ չէր հաջողվում տեղեկատվություն ստանալ այդ ցանկի մասին։

Երեկ, վերջապես, մեր ձեռքի տակ հայտնվեց «բաղձալի» այդ ցուցակը։ Դրանում, ըստ առանձին ապրանքատեսակների, նշված են մաքսատուրքի գործող դրույքաչափերը, այդ դրույքաչափերի ավելացման առաջարկվող չափը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից թույլատրված առավելագույն դրույքաչափերը։ Ըստ այդ ցանկի, առաջարկվում է բարձրացնել շուրջ 100 անուն ապրանքների ներմուծման դրույքաչափը։ Որոշ ապրանքների դեպքում ավելացումը 5% է՝ մաքսատուրքը 10 տոկոսից դառնալու է 15% (օրինակ՝ գլխարկների համար)։ 15 տոկոս դրույքաչափ է սահմանվում նաեւ մի շարք ապրանքների համար, որոնց ներմուծման համար ներկայումս զրոյական մաքսատուրք է սահմանված։ Ի դեպ, 15%-ը առավելագույն դրույքաչափն է, որը կարող ենք սահմանել (համաձայն ԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների)։

Հիմա գանք ամենահետաքրքիր հանգամանքին՝ այս փաստացի թանկացումների բուն իմաստին։ «Ապրանքների ընտրությունը կատարվել է հետեւյալ տրամաբանությամբ` պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել»,- կառավարության նիստում ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այսինքն, պետք է բարձրացվեր ներկրվող այն ապրանքների մաքսատուրքը, որոնցից արտադրվում է նաեւ Հայաստանում։ Այդ տրամաբանությամբ ինչ-որ տեղ հասկանալի է՝ սննդամթերքին, որոշ վերապահումներով՝ նաեւ հագուստին վերաբերող փոփոխությունները, չնայած վիճելի հարց է՝ արդյո՞ք ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքների 5 կամ 15 տոկոսանոց թանկացումը սպառողներին ուղղելու է դեպի հայրենական արտադրության ապրանքները։ Այստեղ մի շատ ավելի հետաքրքիր նրբերանգ կա, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ։ Մինչ դրան անդրադառնալը ցանկանում ենք մի հարց ուղղել ընթերցողին՝ արդյոք դուք տեսե՞լ եք հայկական արտադրության սառնարան։ Իսկ ֆոտոխցի՞կ։ Իսկ կառավարությունում, ըստ երեւույթին, տեսել են ու տեսնում են։ Ու երեւի հայկական սառնարան ու ֆոտոխցիկ արտադրողներին օգնելու ազնիվ մղումով՝ վերցրել ու այս ապրանքների մաքսատուրքը բարձրացրել են 5%-ով՝ դարձնելով 15%։ Այսինքն՝ 1000 դոլարանոց արտասահմանյան սառնարանն արժենալու է արդեն 1050 դոլար, եւ հայրենասեր հայ սպառողը սկսելու է, օրինակ, «Զիգզագի» կամ այլ խանութներում հայկական սառնարան փնտրել։

Ու եթե շարքային հայաստանցին հավատում է կառավարությանը, ուրեմն պետք է հավատա, որ նման բան գոյություն ունի, պետք է անխոնջ փնտրի ու փնտրի ու «օգնի» տեղական արտադրողին։

Այլ հետաքրքիր նրբերանգներ եւս կան։ Եթե սառնարանի դեպքում գոնե տեսականորեն (շա՜տ տեսականորեն) կարելի է ենթադրել, որ մաքսատուրքի բարձրացումը կարող է ինչ-որ մեկին ստիպել սառնարանների արտադրություն հիմնել Հայաստանում, ապա որոշ դեպքերում այդ մոտեցումը ընդհանրապես ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Որովհետեւ այդ դեպքերում այլ կանոններ են գործում. գինը, հայրենականը կամ ոչ հայրենականը կապ չունեն։ Օրինակ՝ «Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր» հոդվածի համար ներկայումս գործող զրոյական մաքսատուրքի փոխարեն առաջարկվում է կիրառել 15% դրույքաչափ։ Եթե «արվեստի գործերը» պարզ արտադրություն են, եւ մեր երկրում դրանք սկսելու են շատ «արտադրվել»՝ արտասահմանյան «մակնիշի» արվեստի գործերի թանկացման դեպքում, ուրեմն մեր երկրում հարկային փոփոխությունների շնորհիվ ամեն ինչ կարելի է ավելացնել, այդ թվում՝ տաղանդավոր մարդկանց թիվը։

Շատ ավելի զավեշտալի (կամ ողբերգական) է տպագիր գրքերի ու թերթերի մաքսատուրքի բարձրացումը՝ «հայրենի արտադրողին պաշտպանելու համար»։ Կարծում ենք, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա միամտություն կլինի կարծել, թե կառավարությունը սառնարանի մաքսատուրքը բարձրացնում է հայրենի սառնարանների՝ չեղած «արտադրողին» օգնելու համար։ Մյուս կողմից՝ առանց պատճառի ոչինչ չի լինում։ Իսկ պատճառը ավելի քան պարզ է՝ պետք է ավելացնել բյուջեի մուտքերը։ Օրինակ, 2008-ի ընթացքում Հայաստան ներմուծված սառնարանների, սառցարանների ու դրանց հետ կապված սարքավորումների համար վճարվել է 812 միլիոն դրամ մաքսատուրք։ Սա՝ 10%-անոց դրույքաչափի դեպքում։ Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել, որ եթե այս տարի էլ նույն ծավալի սառնարաններ եւ դրանց հետ կապված սարքավորումներ ներմուծվեն, ապա բյուջե կմտնի 406 միլիոն դրամով ավելի գումար։

Թվում է՝ բյուջեի համար սա մեծ գումար չէ։ Սակայն, երբ հաշվում ենք, թե այս փոփոխության արդյունքում բոլոր ապրանքատեսակների գծով որքան են ավելանալու մաքսատուրքերը, ստացվում է բավական կլոր մի գումար՝ շուրջ 17 միլիարդ դրամ (55 միլիոն դոլար)։ Իհարկե, սա այն դեպքում, եթե այս տարի ներմուծման ծավալները գոնե 2008-ից պակաս չլինեն։