Հաշվի առնելով սոցիալական ծանր վիճակի պատճառով Հայաստանում առաջիկայում ստեղծվելիք անկայուն իրավիճակը, որից կարող է օգտվել ընդդիմությունը, արտաքին աշխարհաքաղաքական ուժերը նախագահ Սերժ Սարգսյանին ստիպում են գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այդպիսով մեղմելով ժողովրդի շրջանում աճող դժգոհությունը: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը` չբացահայտելով, թե կոնկրետ որտեղի՞ց է նման տեղեկատվություն ստացել: «Այսօր կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այնպիսի իշխանություն, որ նույնիսկ այսօրվա մեր կողմից չընդունված ռեժիմից ավելի թույլ են լինելու, – ասել է նա` ավելացնելով,- Այսօր Սերժ Սարգսյանը, այո՛, չունի ժողովրդի աջակցության ոչ մի նշույլ, բայց ունի կամակատարներ խորհրդարանում, ունի կամակատարներ օլիգարխիայի դաշտում: Դրանից նույնպես զրկելու են նրան, որ հանգիստ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել»: Սէֆիլյանն ասել է նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին միջնորդավորված փոխանցել է այս տեղեկատվությունը եւ զգուշացրել, որ ոչ մի դեպքում իշխանությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ համաձայնության չգնա: «Արտահերթ ընտրությունները նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանի սրտով չէ, որովհետեւ խորհրդարանում չունենալով մեծամասնություն, նա վերածվելու է «թագուհու»: Նա կնախընտրի թագուհի դառնալ, քան թափառել աշխարհով մեկ կամ բանտարկվել»,- հայտարարել է Սէֆիլյանը: Իսկ ընդդիմության պայքարի` արդյունքին շուտ չհասնելը Սէֆիլյանը կապում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի հետ, որը մերժված է աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կողմերից, ինչն էլ պայմանավորված է նրա հայաստանակենտրոն գործիչ լինելով: