Չի ողջունում, բայց ֆինանսավորում է

27/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաշխարհային բանկը երեկ հաստատել է 85 մլն դոլար ընդհանուր գումարով չորս ծրագրային փաթեթ` տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա մեղմելու նպատակով: Բացի այդ, հաստատվել է նաեւ դրամաշնորհային մի ծրագիր, որով նախատեսված է օգնել Հայաստանին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ ռեսուրսները:

Խոսքը 1.5 մլն դոլար ընդհանուր գումարով Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի Գրիձորի եւ Կառկառի վայրերում համապարփակ երկրաջերմային հետազոտությունների իրականացման մասին է: Իսկ 85 մլն դոլարի ծրագրային փաթեթը ՀԲ-ի կողմից առաջիկա չորս տարիներին տրվելիք 525 մլն դոլար վարկի մի մասն է: Նշենք, որ նախորդ չորս տարիներին ՀԲ-ի տրամադրած վարկերի ընդհանուր գումարը կազմել է 220 մլն դոլար, այսինքն` շուրջ 2 անգամ պակաս: ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը երեկ տեղեկացրեց, որ մինչեւ 2009թ. հունիս կարող է հաստատվել նաեւ կրթական ոլորտին առնչվող մի ծրագիր, իսկ մինչեւ հոկտեմբեր` Հայաստանի բյուջեի դեֆիցիտի ծածկմանը օժանդակող ծրագիր, որոնք նույնպես այդ 525 մլն դոլար ընդհանուր գումարով ծրագրի բաղկացուցիչներն են լինելու: Արդեն հաստատված չորս ծրագրերից մեկը 25 մլն դոլար արժողությամբ «կենսական ճանապարհների բարելավման» ծրագիրն է, որը կնպաստի մոտ 100 կմ երկարությամբ (16 հատվածներով) ճանապարհների վերականգնմանը Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերում` ստեղծելով շուրջ 200.000 աշխատանքային օրերի կամ տարեկան շուրջ 800 աշխատատեղերի հնարավորություն: Երկրորդ եւ երրորդ ծրագրով նախատեսված է լրացուցիչ ֆինանսավորել արդեն մի քանի տարի ընթացող սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիրը (8 մլն դոլարով) եւ գյուղական ձեռնարկությունների ու փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրը (2մլն դոլարով): Առաջինը կնպաստի համայնքային ներդրումներին Հայաստանի ամենաաղքատ համայնքներից 55-ում` ստեղծելով շուրջ 350 կարճաժամկետ աշխատատեղ, իսկ երկրորդի շնորհիվ ավարտին կհասցվեն 35 համայնքների ընթացիկ ծրագրերը եւ ծրագրում կընդգրկվեն 5-7 նոր համայնքներ: Մյուս ծրագիրը շուրջ 50 մլն դոլար արժողությամբ տեղական առեւտրային բանկերի միջոցով Փոքր եւ միջին ձեռներեցությանը (ՓՄՁ) վարկավորելու ծրագիրն է, որը կնպաստի ներդրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կնվազեցնի Հայաստանի մասնավոր եւ ֆինանսական հատվածների խոցելիությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: ՀԲ Երեւանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՀԲ-ն այս վարկը տրամադրում է 26.5 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ ժամկետով: Առեւտրային բանկերին այդ վարկը կտրամադրի ԿԲ-ն` 8.25% տոկոսադրույքով (վերաֆինանսավորման ներկայիս 6.75%-ի եւ լոմբարդային վարկերի տրամադրման 9.75%-ի միջինը): Յուրաքանչյուր փոքր եւ միջին ընկերությանը տրամադրվող վարկը նախնական որոշմամբ չպետք է գերազանցի 150 հազար ԱՄՆ դոլարը: Նկատելով, որ Հայաստանին տրվող այս օժանդակությունը հնարավոր է դարձել` շնորհիվ ՀԲ ծրագրերի իրականացման գործում Հայաստանի կողմից ցուցաբերած վճռականության եւ բարեփոխումների քաղաքականության հաջող ընթացքի, Ա. Վարուդակիսը, այնուամենայնիվ, նշեց, որ իրենք չեն ողջունում կառավարության կողմից իրականացվող որոշ հակաճգնաժամային ծրագրեր: «Տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով Հայաստան ներկրվող վերջնական սպառման ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնես ծրագրերի ուսումնասիրման եւ բյուջեից ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար կառավարության կողմից ստեղծված արագ արձագանքման հանձնաժողովի նկատմամբ մենք թերահավատորեն ենք տրամադրված: Մեր նախագահի` պարոն Զոյլիկի կողմից շատ հստակ նշվել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է, որ բոլոր երկրները զերծ մնան հովանավորչությունից: Թեեւ որոշակի գայթակղություն կա պաշտպանելու տեղական արտադրողներին, եւ նմանատիպ միջոցառումներ իրականացվում են նաեւ շատ բարձր եկամուտներով երկրներում, սակայն այս միջոցառումները, ըստ էության, ավելի կհետաձգեն համաշխարհային տնտեսության վերականգնումը: Հայաստանի դեպքում, մեր գնահատականներով, ներմուծողները չեն մրցում տեղական արտադրողների հետ: Այդ մրցակցությունը շատ սահմանափակ է: Ուստի մաքսատուրքերի բարձրացումը գնաճ կառաջացնի, ինչն էլ, բնականաբար, ավելի շատ բացասաբար կանդրադառնա այդ ապրանքները (միս, սուրճ, կաթնամթերք եւ այլն) սպառող աղքատ խավի վրա: Ինչ վերաբերում է առանձին բիզնեսներին տրամադրվող օժանդակությանը, նշեմ, որ նմանատիպ միջոցառումներ նույնպես ներդրվել են այլ երկրների կառավարությունների կողմից, սակայն սրա հետ կապված էլ որոշ խնդիրներ կան: Այս բիզնեսները իրականում դժվարություններ ունեն այն պատճառով, որ ամբողջական պահանջարկն է նվազել, ուստի այդ օժանդակությունը չի լուծում գլխավոր խնդիրը` պահանջարկի մեծացումը: Ավելի լավ է ուղղակիորեն անդրադառնալ ցածր պահանջարկի խնդրին: Բացի սրանից, ճգնաժամի խորացմանը զուգահեռ՝ կաճի խնդիրներ ունեցող ընկերությունների թիվը, եւ դրանց օժանդակելը բյուջեի վրա բավականին մեծ ճնշում կառաջացնի»,- նշեց Ա. Վարուդակիսը: