Crisis made in USA
«Ներկայիս համաշխարհային ճգնաժամն իր վրա կրում է «Պատրաստված է ԱՄՆ-ում» պիտակը»,- հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, ներկայումս՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում։ «Մենք արտահանել ենք տնտեսության պետական կառավարման թուլացման մեր փիլիսոփայությունը, արտահանել ենք մեր թունավոր հիպոթեքային արժեթղթերը, իսկ այժմ արտահանում ենք մեր տնտեսական անկումը»,- ավելացրել է Ստիգլիցը։ Ըստ տնտեսագետի, ԱՄՆ ֆինանսական համակարգը չի արդարացրել իրեն. «Ենթադրվում էր, որ այն պետք է մոբիլիզացներ խնայողությունները, տեղաբաշխեր կապիտալը եւ խուսափեր ռիսկերից։ Առաջին խնդիրը ԱՄՆ ֆինանսական համակարգը չի կարողացել կատարել, քանի որ խնայողությունները գտնվում են զրոյական մակարդակի վրա։ Ներդրումներ են արվել այնպիսի տներում, որոնք մարդիկ ի վիճակի չէին գնել, ընդ որում, այնպիսի տեղերում, որի կարիքն ընդհանրապես չկար։ Եվ վերջապես, համակարգը չի նպաստել ռիսկերից խուսափելուն, այլ հակառակը՝ ինքն է ռիսկեր ստեղծել»։
Նոբելյան մրցանակի դափնեկիրը գտնում է, որ հենց արատավոր ֆինանսական համակարգն է դեֆորմացրել ԱՄՆ-ի ողջ տնտեսական համակարգը, եւ այժմ խորը բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ «Մեր ֆինանսական համակարգի խնդիրները ախտանիշն են ավելի խորը խնդիրների, որոնք առկա են ժամանակակից կապիտալիզմում՝ իր ամերիկյան տարբերակով»,- ասել է նա։
Ստիգլիցը չի բացառել, որ հաջորդ մեկ, երկու կամ երեք տարիների ընթացքում ԱՄՆ ֆինանսական համակարգը հնարավոր կլինի «կարգի բերել», սակայն եւ կարծիք է հայտնել, որ դա բավարար չի լինի՝ կայուն տնտեսական աճին վերադառնալու համար։ Տնտեսագետը «ավելորդ լավատեսական» է համարել այն կանխատեսումները, որ 2011 թվականից Ամերիկայի տնտեսությունը կսկսի կայուն աճ արձանագրել։ Նշենք, որ այդ լավատեսական կարծիքի հեղինակը ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն է։ «Քանի դեռ իրականացվում են ոչ թե խորը, այլ զուտ կոսմետիկ բարեփոխումները, շարունակվում է պահպանվել այն ռիսկը, որ անկումից դուրս գալը երկար կտեւի»,- ասել է Ստիգլիցը։
Ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն, ըստ Ստիգլիցի, համախառն պահանջարկի դեֆիցիտն է, որն առաջացել է «գլոբալ անհամաչափությունների» արդյունքում։ Իսկ անհամաչափությունների պատճառը անցումային տնտեսությամբ զարգացող երկրներն են, որոնք արտարժութային ռեզերվների պահանջ են զգացել։ Ըստ Ստիգլիցի. «Վերջին 8-9 տարիների ընթացքում ռեզերվների կուտակումը, հատկապես Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, հսկայական մասշտաբների է հասել եւ հաշվվում է տրիլիոնավոր դոլարներով»։
Տնտեսագետը նաեւ այդ երեւույթի բացատրությունն է տվել։ Բանն այն է, որ 1997-1998թթ. ֆինանսական ճգնաժամից հետո այդ երկրները որոշեցին այլեւս երբեք թույլ չտալ այնպիսի իրավիճակ, որում նրանք կկորցնեն իրենց տնտեսական ինքնիշխանությունը՝ ենթարկվելով Արժույթի միջազգային հիմնադրամի հրահանգներին։ «Նրանք հասկացան, որ պետք է պաշտպանեն իրենք իրենց։ Ու քանի դեռ գոյություն չունի գլոբալ ապահովագրման համակարգ՝ որպես այդպիսին, յուրաքանչյուր երկիր ձգտում է ինքն իրեն պաշտպանել՝ մեգառեզերվներ ստեղծելով։ Այդ ռեզերվները բուֆերի դեր պետք է կատարեն, եթե իրավիճակը վատանա։ Եվ նրանք ճիշտ էին վարվում, քանի որ ճգնաժամի արդյունքում ավելի նախընտրելի վիճակում հայտնվեցին, քան այն երկրները, որոնք ռեզերվներ չէին կուտակել»,- ասել է Ստիգլիցը։ Նա նաեւ նշել է, որ պահանջարկի դեֆիցիտի արդյունքում մեկ երկիր վերածվեց «վերջին ատյանի սպառողի», եւ այդ երկիրն ԱՄՆ-ն է։ Տնտեսագետն ամոթալի է համարել այն համակարգը, որի պայմաններում աշխարհի ամենահարուստ երկիրը պետք է միջոցներ չխնայելով սպառի, որպեսզի նույն համակարգը շարունակի գործել։
Ստիգլիցը դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հակաճգնաժամային ծրագիրը, սակայն մտահոգություն է հայտնել, որ մինչ ֆեդերալ կառավարությունը փորձում է խթանել տնտեսությունը, առանձին նահանգներ լրիվ հակառակ ուղղությամբ են գործում։ Օրինակ, Կալիֆոռնիայում, որտեղ դեֆիցիտը հասել է 40 միլիարդ դոլարի, իշխանությունները բարձրացնում են հարկերը եւ կրճատում բյուջեի ծախսերը։ Ստիգլիցն այդ գործելաոճն անվանել է՝ «խթան՝ բացասական նշանով»։ Որպես դրական օրինակ՝ նա հիշատակել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ով 1993թ. իր առջեւ խնդիր դրեց խթանել տնտեսությունը՝ միեւնույն ժամանակ խոստանալով, որ «երկիրը ֆինանսական պատասխանատվության կվերադարձնի» ավելի ուշ։ Քլինթոնին դա հաջողվեց։
Քլինթոնի հետ զուգահեռ անցկացնելու հետ մեկտեղ՝ Ստիգլիցը նշել է, որ ներկայիս խնդիրները լրիվ այլ բնույթ են կրում. տնտեսական անկումն այնքան խորն է, որ երկար ժամանակ կպահանջվի դրանից դուրս գալու համար։ Նա նաեւ ասել է, որ ծախսերը կրճատելու եւ հարկերը բարձրացնելու գործելաոճը 1-2 տարի անց կարող է հակառակ արդյունք տալ։
Տնտեսագետն իր խոսքը եզրափակել է նրանով, որ ներկայիս պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրների տնտեսությունները միմյանցից կախման մեջ են գտնվում, ԱՄՆ-ը չի կարող ճգնաժամից միայնակ դուրս գալ։ «Դա չի հաջողվի, եթե տնտեսության առողջացում չլինի աշխարհի մասշտաբով»,- ասել է նա։
Ճապոնիայի արտահանումը կրկնակի նվազել է
2009 թվականի հունվարին ճապոնական արտադրանքի արտահանումն ավելի քան 45%-ով կրճատվել է՝ 2008-ի հունվարի համեմատ։ Երկրի Ֆինանսների նախարարության տվյալներով, ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է՝ 53, իսկ Եվրամիություն՝ 47 տոկոսով։ Սա ամենալուրջ անկումն է, որը Ճապոնիայի վիճակագրությունն արձանագրել է 1979 թվականից ի վեր։
Ճապոնական ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը կրճատվել է 69%-ով։
Տնտեսագետներն առանց այդ էլ լավատես չէին արտահանման հարցում, սակայն արձանագրված ցուցանիշները գերազանցել են անգամ ամենահոռետեսական կանխատեսումները։ Թեեւ անկումը որոշ չափով բացատրում են ամանորյա տոներով (ըստ լուսնային օրացույցի) եւ դրանց հաջորդած արձակուրդներով։
«Անկումային միտումներն, ըստ ամենայնի, կշարունակվեն, քանի որ ճապոնական արտահանումը կորցրել է աջակցությունը գրեթե բոլոր տարածաշրջաններում եւ բոլոր ոլորտներում»,- ասել է Միցուխոյի ինստիտուտի ավագ տնտեսագետ Յասուո Յամամոտոն: «Չեմ զարմանա, եթե առաջին եռամսյակի ցուցանիշները 10%-ով ավելի ցածր լինեն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից»,- նշել է նա։ Արտահանման անկումը շարունակվում է 3 ամիս անընդմեջ։ Ճապոնական արտադրողների համար արտաքին շուկաներում դժվարություններ է ստեղծում նաեւ իենի բարձր փոխարժեքը։ Պաշտոնական տվյալների համաձայն, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն արդեն կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար։ Նշենք նաեւ, որ անցյալ շաբաթ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, թե երկրի համար սա ամենալուրջ տնտեսական ճգնաժամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Ճգնաժամն ու սեքսուալ ներքնազգեստը
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանանց ստիպել է հրաժարվել սեքսուալ ներքնազգեստից եւ նախապատվությունը տալ ավելի սովորական, պրակտիկ ներքնազգեստին։ Այս մասին գրում է «The Washington Times»-ը։
«Սպառողներն այսօր գնում են միայն ամենաանհրաժեշտ իրերը։ Ինչպես նրանք մթերային խանութներում անտարբեր անցնում են երկրորդային նշանակություն ունեցող ապրանքների կողքով, նույն կերպ էլ վարվում են ներքնազգեստի դեպքում,- ասել է հոգեբան Կիտ Յարրոուն,- Պրակտիկ, հիմնական, հուսալի, ամուր. ահա այս ապրանքներն են, որոնց կարիքն այսօր ունի սպառողը»։
Պրակտիկությունից բացի՝ կարեւոր դեր է խաղում նաեւ գինը։ Օրինակ, ներքնաշորեր արտադրող «Victoriaգs Secret»-ը, որը կրծկալներ է վաճառում 48 դոլարով, հայտարարել է, որ վերջին եռամսյակում զգալի վնասներ է կրել։ Մինչդեռ «Hanes» ընկերությունը, որի կրծկալների գինը տատանվում է 15-20 դոլարի սահմաններում, ամրապնդել է իր դիրքերը ներքնազգեստի շուկայում։
«Մարդիկ, ովքեր նախընտրում են «Victoriaգs Secret»-ի արտադրանքը, պատկանում են այն դասին, ովքեր երազում են բարձրացնել իրենց սոցիալական կարգավիճակը,- «The Washington Times»-ին ասել է «Mintel International Group» շուկայական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարսիա Մոգելոնսկին,- Նրանք ձգտում են կրել այնպիսի հագուստ, որը կրում են ավելի բարձր դասի ներկայացուցիչները։ Իհարկե, նրանք ունեին կրեդիտ քարտեր»։
Այժմ պարտքեր են կուտակվում, իսկ քարտային մնացորդները հալվում են։ «Կարծում եմ՝ ամենից շատ տուժել են հենց այն մարդիկ, ովքեր ձգտում էին բարձրացնել իրենց սոցիալական կարգավիճակը»,- ավելացրել է Մոգելոնսկին։
Վերջինիս խոսքերով, ունեւոր կանայք եւ աղջիկները անգամ ճգնաժամի պայմաններում շարունակելու են գնել «La Perla» կրծկալներ, որոնք արժեն շուրջ 250 դոլար. «Գնումների բնույթը չեն փոխի նաեւ «Wal-Mart» եւ «Target» խանութների հաճախորդները, ովքեր գնում էին 15 դոլարանոց «Playtex»։ Դժվար կլինի այն կանանց համար, ովքեր գնում էին «Victoriaգs Secret»-ի՝ ամեն նոր դուրս եկած մոդելները»։
Կարծում ենք՝ ընթերցողների համար հետաքրքիր կլինի իմանալ, որ «պանտալոնները» հոլիվուդյան աստղերի շրջանում մոդայիկ դարձան 2007-ից սկսած։ Դրանց շնորհիվ նրանք ծածկում էին իրենց մարմնի բնածին թերությունները, ինչպես նաեւ՝ շոկոլադը չարաշահելու հետեւանքները։
Իսկ ավելի վաղ շրջանում Հոլիվուդում մոդայիկ էին համարվում երկար կիսաշրջազգեստները։ Հետազոտողները պնդում են, որ դա անմիջականորեն կապված է տնտեսության վիճակի հետ։ Որքան երկար է զգեստը, այնքան ծանր է տնտեսության վիճակը։ Շրջազգեստի երկարությունը ամերիկացի հետազոտողները նույնացնում են նաեւ ֆոնդային բորսաների ինդեքսների հետ։ Ըստ այդմ, կարճ կիսաշրջազգեստները վկայում են ինդեքսների վերելքի, տնտեսական աճի մասին, իսկ երկարները՝ հակառակ իրողության։
Անհույս վարկեր
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ երկրի 30 խոշորագույն բանկերի տրամադրած ընդհանուր վարկերից շուրջ 883 միլիարդ ռուբլին (24.5 միլիարդ դոլար) անվերադարձ գումարներ են։ Առանց «Խնայբանկի», ՎՏԲ-ի եւ «Ռուսգյուղբանկի» վարկերի՝ այդ գումարը կարող է կազմել 351 միլիարդ։ Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ՌԴ բանկային համակարգի տրամադրած վարկերի 10%-ը կարող են ետ չվերադարձվել։ Կուդրինի խոսքերով, բանկերն իրենք պետք է ձեւավորեն հնարավոր «անհույս» վարկերի համար նախատեսված ռեզերվներ։ Սակայն հաշվի առնելով, որ ներկայումս չկան այնպիսի ներդրողներ, որոնք կարող են դրա համար միջոցներ տրամադրել, պետությունը ինքը կօգնի մասնավոր բանկերին։