Ինչո՞ւ Հայաստանի նախկին առաջին խոշոր հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այդքան մեծ ծավալի` մոտ 10 մլն դոլար պարտք վերցրեց բյուջետային վարկի տեսքով: Եվ ամենակարեւորը` այդքան հապճեպ, հատկապես, երբ հարեւան քաղաքի գործարաններում համաշխարհային ճգնաժամը վաղուց հիմնավորվել է: Սա վերջին ժամանակներում հայկական լրատվամիջոցներում քննարկվող հիմնական թեմաներից մեկն է, բայց այդ ընթացքում մի շարք հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան… Իրականում ի՞նչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Մինչեւ վարչական շենք
Բաց հանքի լեռնային արտադրամասից սկիզբ է առնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ էլ կատարվում են հանքային մարմնի հորատումները հորատման հաստոցներով եւ պայթեցումով: Ճիշտ է, մեր այնտեղ գտնվելու պահին պայթեցումներ չէին կատարվում, բայց փոխարենն՝ արդեն պայթեցված հանքային զանգվածը տեղափոխում էին «Բելազ» մակնիշի մեքենաներով: Մեզ ուղեկցող անվտանգության ինժեներ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ տրամադրված բյուջետային վարկից իրենք «Բելազ» մակնիշի նոր, ավելի տարողունակ մեքենաներ ձեռք կբերեն: Բացի դրանից, իրենք կգնեն նոր ինքնաղացներ ու աղացներ: Չնայած դեռեւս աշխատում են հին աղացներով, որոնք արդյունավետությամբ այդքան էլ աչքի չեն ընկնում (8 ժամում աղում է 13 տոննա հանքաքար): «Ամերիկյան աղացների շինարարական հրապարակում արդեն աշխատանքները սկսել են»,- ասաց անվտանգության ինժեները` մատնացույց անելով հրապարակը: «Սրանք եւս ձեռք են բերվել վերջերս, ու կրկին տրամադրված վարկի շնորհիվ այստեղ շինարարական աշխատանքները չդադարեցվեցին: Ամերիկյան աղացները հնարավորություն կտան աղալ 16.000 տոննա հանքաքար»,- ասաց ինժեներն ու մեզ առաջնորդեց դեպի հարստացուցիչ գործարանի գլխավոր մասնաշենք, որտեղ բացակայում էր դրսի փոշին. այնտեղ մշակվում են մոլիբդենն ու պղինձը` իրենց առանձնահատուկ հոտով: Երկարամյա աշխատողներն արդեն հարմարվել են գործարանի հոտին: Պարոն Սեյրանը, 30 տարի է, աշխատում է գործարանում` որպես էլեկտրիկ: Հիշում է կոմբինատի նաեւ դժվար տարիները, երբ պատերազմ էր, ու աշխատանքներն էլ մի քանի ամսով դադարեցվում էին. «Բայց հաղթահարեցինք, ու հիմա ամեն բան շատ ավելի լավ է, քան անգամ կոմունիստների ժամանակ»: Տիկին Արմինեն՝ ընդամենը 10 ամիս է, որ աշխատում է գործարանում: Վերջինս 20 տարիների բժշկական գործունեությունից հետո դժվար է համակերպվում գործարանի աշխատանքին։ «Ամուսինս մահացավ, իսկ երկու աղջիկներիս պետք է պահեի, բայց հիվանդանոցում աշխատավարձս էնքան ցածր էր, որ ստիպված դուրս եկա,- ասում է արդեն ուսանող երեխաներ ունեցող կինն ու ավելացնում,- Չեմ բողոքում աշխատանքի ծանրությունից, կարեւորն՝ աշխատավարձս բարձր ա: Վայ, աշխատանքիս պետք է հետեւեմ»,- շտապում է ժապավենավար Արմինեն: Գործարանի մյուս հատվածում արդեն մանրացված հանքաքարի ֆլոտացիային է հետեւում գորիսեցի Արարատը։ «Տեսնում եք, չէ՞, էս զանգվածը: Էստեղ արդեն 50 տոկոսի չափով մոլիբդեն կա: Սրա մասին այ էս տախտակի վրա ենք գրանցում: Ֆլոտացիայից հետո այն ուղարկում ենք ջրազրկման ու չորացման բաժին»,- նշում է քաջարանաբնակ ֆլոտատորը: Իսկ գործարանից քիչ հեռու գտնվում են վարչական մասնաշենքերը….
Վարչական շենքի մեծ սենյակում
«Էսօր պետք է մտածել վաղվա մասին ու, ամենակարեւորը, օրվա խնդիր չստեղծել,- ասում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը` նայելով պատուհանից դուրս, որտեղից երեւում է Քաջարանը,- Սիրում եմ պատուհանից նայել, բայց վերջին շրջանում անգամ դրա ժամանակը չունեմ»։ Համաշխարհային ճգնաժամը անակնկալ չէր իրենց համար: Նախորդ ճգնաժամից մեծ դասեր քաղեցին։ «1998-ին, երբ դարձա ձեռնարկության տնօրեն, գործարանը գտնվում էր ճգնաժամային վիճակում` էլեկտրաէներգիայի շուրջ 5 մլրդ դրամի պարտք կար, աշխատավարձերն էլ բավականին ցածր էին` միջինը երեսուն հազար դրամ: Ընդհանուր աշխատատեղերի քանակը 1600 էր: Ի՞նչ պետք է անեինք: Այդ դեպքում միակ ելքը մանր ու միջին ձեռնարկությունների ստեղծումն էր, որոնք պետք է սպասարկեին կոմբինատը: Ու հենց այդ շրջանում ստեղծվում է 60 ձեռնարկություն, որոնք աշխատում են մինչ օրս»,- հիշում է Մ. Հակոբյանը: «Հիմա կոմբինատում մոտ 3000 աշխատող կա, իսկ արբանյակ ձեռնարկությունների հետ` մոտ 10.000: Ձեռնարկությունների թիվը հատկապես ավելացավ վերջին տարիներին, օրինակ, Կապանում ստեղծվել են մի քանի տնտեսություններ, դրանցից են` ջրի, քարի, անասնապահական ֆերման: Բայց ամենակարեւորը հիմա պղնձաձուլարանի ստեղծման հարցն է»,- նշում է նա:
Պղնձաձուլարան, որի ճակատագիրը դեռ անորոշ է
«Երազանքներիցս մեկն է Հայաստանում պղնձաձուլարան ստեղծել,- ասում է Մաքսիմ Հակոբյանը,- հիմա մենք Ֆինլանդիայի հետ համագործակցում ենք: Այնտեղ արդեն կառուցվել է փոքր պղնձաձուլարան, որտեղ 200 տ պղինձ է մշակվել: Մեր աշխատակիցներն արդեն եղել են Ֆինլանդիայում, եւ առաջիկայում եւս կլինեն հանդիպումներ ֆինների հետ: Նրանց հետ կքննարկենք պղնձաձուլարանի հետ կապված մի շարք հարցեր: Կարծում եմ` հաջողությունների կհասնենք: Ամեն դեպքում՝ չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Գործը կլինի, հետո դրա մասին կխոսեմ: Բայց, օրինակ, շատ ուրախ եմ, որ մեր արտադրած մոլիբդենի մի մասը վերամշակվում է Երեւանի մաքուր երկաթի գործարանում: Հասկանում եք, նույն պղնձաձուլարանի կառուցումը կրճատում է մի շարք ծախսեր եւ ավելացնում նոր աշխատատեղերի քանակը: Սա նաեւ նորություն է բնապահպանական առումով` ավելի անվնաս»: Իսկ իրենց կողմից բնությանը հասցրած վնասների համար, ըստ Մ. Հակոբյանի` իրենք վճարում են: Այն տարեկան կազմում է 1 միլիոն 500.000 դրամ: Համենայնդեպս, տնօրենը վստահեցրեց, որ իրենք լուրջ բնապահպանական վնասներ չեն հասցնում հատկապես ջրային ավազանին, նաեւ օդային ավազանին։ «Դա ավելի շատ միջազգային խնդիր է, այսինքն` արտադրված պայթուցիկ նյութերից է կախված նաեւ դրանց վնասակար լինելու հատկությունը»,- ասում է Մաքսիմ Հակոբյանը` այժմեական խնդիր տեսնելով կոմբինատի առաջիկա արտադրողականության աճն ու վիճակը, որի համար էլ կառավարությունը տրամադրել է 10 միլիոն բյուջետային վարկը, եւ որի շուրջ էլ տարածվեցին խոսակցությունները…
Քաջարանը պա՞րտք է վերցնում
Երբ հարեւան քաղաքի կոմբինատների աշխատավորները կանգնած էին աշխատանքը կորցնելու խնդրի առջեւ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներն աշխատում էին: Ինչուներին պարոն Հակոբյանը բազմիցս պատասխանել է. «Պետք է ամեն բանի մասին նախօրոք մտածել: Ես որպես բիզնեսմեն չեմ ասում, այլ որպես ՀՀ քաղաքացի. ձեռնարկությունը պետք է ունենա ծրագիր, ու ճգնաժամից դուրս գալու համար էլ պետք է ելք գտնել: Հենց օրինակ Կապանի կոմբինատում ոսկու պաշարներ կան, իսկ այսօր ոսկու գինը` համեմատ մյուս մետաղների, բարձր է: Ամենակարեւորը` գործարանը պետք է կանգ չառնի, այն պետք աշխատի»։ Սա նշելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը թերթում է իրենց բիզնես-պլանի գրքույկը, որտեղ անգամ մինչ 2012թ. նախատեսում են պղնձի՝ մոտ 70 տոկոս, եւ մոլիբդենի` 30 տոկոս աճ: Բայց հենց այս բիզնես-պլանի համար էլ իրենց անհրաժեշտ էր որոշակի գումար։ «Մենք արդեն սկսել էինք մեր աշխատանքները, որոշակի նոր տեխնոլոգիաներ ենք գնել, բայց սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար էր պետք: Եվ կառավարությունը տրամադրեց ցածր տոկոսներով մեծ գումար»,- ասաց պարոն Հակոբյանը: «Բայց ինչո՞ւ հենց հիմա» հարցին Մ. Հակոբյանը պատասխանեց. «Գիտեմ, շատերին դա զարմացրեց, բայց մեզ, իրոք, աջակցություն էր անհրաժեշտ մեր ծրագիրն իրականացնելու համար: Եթե այդ աջակցությունը չլիներ, այսօր հարյուրավոր մարդիկ, ովքեր աշխատում են շինհրապարակներում, պետք է դառնային գործազուրկ»: «Իսկ արդյո՞ք ամբողջ գումարն է ներդրվելու» հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այո, ամբողջ գումարը ներդրվելու է միայն այդ ծրագրի իրականացման համար: Սարքավորումներն արդեն սահմանի մոտ են: Կան նաեւ գերհսկա սարքավորումներ, որոնք միայն կառավարության միջամտությամբ պետք է սահմանն անցկացնենք»: Մ. Հակոբյանն ասում է` սարքավորումներն անցկացնելու օրը կհրավիրի բոլոր լրատվամիջոցներին. «Թող իրենց աչքով տեսնեն, թե գումարը ինչպես ենք ծախսում»:
Մաքսիմ Հակոբյանի ներկայացմամբ` այդ սարքավորումները հորատման հաստոցներ են, բուլդոզերներ, էքսկավատորներ, աղացներ եւ էլի շատ սարքավորումներ, որոնցից մի քանիսը արդեն գտնվում են շինհրապարակներում:
Հո էսպես չի՞ մնալու
«Առաջիկայում ունենալու ենք ծավալների աճ, ամենակարեւորը` աշխատատեղերի ավելացում: Ի՞նչ կրճատում: Ավելին` ամեն ինչ լավ թափ կառնի` շնորհիվ այս ծրագրի: Անգամ 1951-ից մինչ օրս մենք էդպիսի աճ չէինք էլ ակնկալի, բայց այս նոր ծրագրով, կարող ենք վստահ ասել, որ կունենանք արդյունաբերական մեծ զարգացում,- ասում է Մաքսիմ Հակոբյանը` հավելելով,- Քանի ես կենդանի եմ՝ որեւէ կրճատում չի լինելու իմ աշխատողների շրջանում: Այս գումարներն ապահովելու են ձեռնարկության բարձր արտադրողականությունը. շինարարները չեն կանգնի, իսկ արբանյակ ձեռնարկությունները, որոնք գործում էին, կգործեն»: Իսկ շրջանառվող այն լուրերին ի պատասխան՝ թե, այնուամենայնիվ, կրճատումներ եղել են, ու անգամ աշխատավարձերի նվազեցում է եղել, պարոն Հակոբյանն ասաց, որ իրենց մոտ միշտ էլ լինում են կրճատումներ, հատկապես կենսաթոշակառուների շրջանում, իսկ աշխատավարձերի նվազեցման մասին խոսելիս պարոն Հակոբյանն ասաց, որ ոչ թե աշխատավարձերն են նվազեցրել, այլ խրախուսական գումարները, որոնք գրեթե ամեն ամիս կոմբինատի մեծ շահույթի դեպքում տրվում են աշխատողներին: Կոմբինատի տնօրենը, այնուհանդերձ, վստահ է, որ ճգնաժամը կանցնի: «Մեր ժողովուրդը լավն է: Լեռնահանքային այս գործով աշխատողների հետ հեշտ է աշխատելը, իրենք մեզ են հավատում, մենք էլ` իրենց: Դա մեզ շատ է օգնում,- ասում է տնօրենը` եզրափակելով,- Երեք տարի անընդմեջ առաջին հարկատուն ենք եղել: Թող դառնանք հարյուրերորդը, բայց ոչ թե նահանջելով, այլ այն իննսունինի գործերն այնքան լավ լինեն, որ գան ու մեզանից անցնեն: Նորից եմ ասում` ոչ մեր նահանջի պարագայում»: