«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ստեղծվող արագ արձագանքման ուժերը ներքին հակամարտություններում չեն օգտագործվելու»,- երեկ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցում: «Ինչն ավելի կարեւոր է` չի ենթադրվում Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի օգտագործումը միջպետական երկկողմ քաղաքական խնդիրների լուծման համար, կամ էլ ԱՊՀ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ հարեւան պետությունների նկատմամբ: Այդ ուժերը պետք է կիրառվեն, նախ եւ առաջ, ՀԱՊԿ-ում ընդգրկված պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար»,- ասել է Բորդյուժան:
Նա հայտարարել է նաեւ, որ Արագ արձագանքման ուժերը նախագծից վերածվում են իրական կազմակերպության, եւ արդեն հունիսին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվեն այդ ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը, ընդունել են փետրվարի սկզբին: Իսկ ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահում է Հայաստանը: