Ռուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մայրը` Մարիա Խոդորկովսկայան, հայտարարել է, թե իր որդու քրեական հետապնդման պատվիրատուները երկրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն ու փոխվարչապետ Իգոր Սեչինն են: 2005 թվականին 8 տարվա ազատազրկման դատապարտված Խոդորկովսկուն եւ նրա բարեկամ ու գործընկեր Պլատոն Լեբեդեւին առաջադրվել են նոր մեղադրանքներ, եւ նրանք նախօրեին Չիտայի բանտից տեղափոխվել են Մոսկվա` արդեն մարտի սկզբին կրկին դատարանի առջեւ կանգնելու համար: «Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը այդ գործի նկատմամբ: Դա Պուտինի եւ Սեչինի պատվերն է: Ես դա ասել եմ դեռ այն ժամանակ, երբ հրապարակվեց առաջին դատավճիռը»,- «Ազատություն» ռ/կ Ռուսական ծառայությանը ասել է Մարիա Խոդորկովսկայան: ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը 2005 թվականին 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով: Նրան եւ Lեբեդեւին առաջադրվող նոր մեղադրանքների համաձայն` 1998-2003 թթ. նրանք ապօրինի յուրացրել են 7,5 միլիարդ դոլար եւ լվացել 450 միլիարդ ռուբլու հասնող գումարներ: Դատարանում այդ մեղադրանքների հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Խոդորկովսկին եւ Լեբեդեւը կտրականապես հերքում են ինչպես նախկին, այնպես էլ նոր մեղադրանքները` քրեական հետապնդումը որակելով՝ «քաղաքական վրեժ»: Մարիա Խոդորկովսկայան համոզված է, որ իշխանություններն ամեն ինչ անում են իր որդուն ընդմիշտ բանտում պահելու համար: «Որպեսզի նրան երբեք բաց չթողնեն: Հավանաբար, նրանք ինչ-որ բանից վախենում են, որ չեն ուզում, որ Խոդորկովսկին ինչ-որ մի օր ազատ արձակվի: Միխայիլը ծիծաղում է այդ պատմության վրա, ասում է, որ դրանով երեւում է իր գործով զբաղվող մարդկանց մակարդակը: Նա շատ լավ է հասկանում, թե ինչու է դա արվում»:
Դատավարությունը մեկնարկելու է մարտի 3-ին: Նախնական լսումները փակ են լինելու: Խոդորկովսկու ու Lեբեդեւի փաստաբաններն արդեն հնարավորություն ստացել են հանդիպել մեկուսարանում գտնվող պաշտպանյալներին: Դատական գործընթացը լուսաբանելու են շուրջ 5 տասնյակ լրագրողներ: «Հուսով եմ, դատարանը օբյեկտիվություն կցուցաբերի: Մեր նոր նախագահը, այնուհանդերձ, պետերբուրգյան դարպասատակերից դուրս եկած բանդիտ չէ, այլ պրոֆեսորի ընտանիքից է եւ մասնագիտությամբ իրավաբան է: Հուսով եմ, նա թույլ չի տա այնպիսի ապօրինություն, որ թույլ է տրվել իր նախորդի ժամանակ»,- հայտարարել է Մարիա Խոդորկովսկայան: