Փոփոխությունների, հավասարակշռության եւ սպասումների շրջան

27/02/2009

ՀՀ Երրորդ նախագահը ժառանգեց իշխանության մի հետաքրքիր շրջան, որը պատմականորեն կարող է ոչ պակաս կարեւոր ու վճռական լինել, քան առաջին երկուսը։ Այս շրջանը բնութագրվում է ինչպես քաղաքական ու աշխարհաքաղաքական անհրաժեշտ զարգացումներով, այնպես էլ երկրի նախագահի անձնական նկարագրով։ Նախագահական մեկ տարին ապացուցեց, որ նույնիսկ սահմանադրության փոփոխությամբ նախագահի լիազորությունների կրճատումը ոչ մի էական նշանակություն չունի հայկական միակենտրոն իրականության մեջ։ Սերժ Սարգսյանն իր ձեռքը վերցրեց իշխանությունը ավելի ամբողջական, քան երբեւէ հաջողվել էր Հայաստանում, ամբողջովին դրսեւորելով լիդերի հատկություններ։ Չնայած կոալիցիոն ուժերի բավական բարդ եւ բազմադեմ համակցությանը, նա այսօր, կարելի է ասել, ավելի միաձույլ եւ հավաք թիմ ունի, քան մյուս նախագահներն առաջին տարիներին։ Դա կարելի է մեկնաբանել նաեւ ոչ այնքան որպես Սերժ Սարգսյանի անձնական նվաճում, որքան՝ պետական զարգացման արդյունք։ Ի վերջո, Հայաստանն արդեն մոտ 2 տասնամյակի կենսագրություն ունեցող պետություն է։ Նա զարմանալի հետեւողականությամբ նախապատրաստեց իր նախագահական շրջանը։ Սկզբից եւեթ, նույնիսկ սպասելիքներին եւ զարգացող իրադրությանը հակառակ, մերժեց երկիշխանությունը, որն այսօր, օրինակ, Ռուսաստանում գլխավոր քաղաքական ինտրիգն է, ընդ որում՝ ստեղծված արհեստականորեն, հսկայական երկրի քաղաքական զարգացումները հարմարեցնելով անհատական ամբիցիաներին:

Երրորդ նախագահը հետաքրքիր մի հատկություն ունի. ներքին խնդիրները լուծել մի տեսակ հարթ, բոլոր կողմերին լսելով եւ հաշվի առնելով, առանց սուր կոնֆլիկտային իրադրություններ ստեղծելու։ Եթե երկրում զարգացումը կանոնավորված է, այն ընթանում է սեփական օրինաչափություններով եւ չի պահանջում մշտական միջամտություն։ Անշուշտ, մեր երկիրը դեռ այն վիճակում չէ, որ ընդհանրապես կարողանա առաջ գնալ «ավտոպիլոտով»։ Պարզապես ղեկավարման մեթոդն է այդպիսին՝ մի տեսակ մեղմ, թավշային, առանց սուր անկյունների։ Համենայնդեպս, կառավարող կոալիցիայում դա հաջողվում է նախագահին։

Ընդունված է, որ կադրային հարցում նոր նախագահը շախմատային տեղափոխությունների (ռոկիրովկա) մասնագետ է։ Ոմանք ասում են՝ դրանից ի՞նչ է փոխվում։ Շախմատի կանոններին տիրապետողների մոտ նման հարց չի առաջանա։ Այդ մի ժամանակ էր, որ պաշտոնյաները հեռուստացույցից էին իմանում իրենց դուրս մնալու մասին, ինչը գրգռում էր կարող ուժերին իշխանության դեմ եւ աստիճանաբար հավաքում ընդդիմադիրների կրիտիկական զանգված։ Այսօր քաղաքականությունը տարվում է որպես կայացած պետության ղեկավարում։ Նպատակը՝ ամեն մարդ իր տեղում պիտի լինի եւ իր տեղը պիտի ունենա։ Սա երկար գործընթաց է։

Կառավարման համակարգերում այս մեկ տարում տեղաշարժն ակնհայտ է։ Ուժեղացել են վերահսկողական գործառույթները։ Դիմադրություններով, բայց բացատրելով եւ բավականին հաստատակամ՝ առաջ է գնում ոլորտների օրենքի դաշտ բերելը։ Օլիգարխները կուտակել են նախնական կապիտալը, եւ այդ դիրքից հնարավոր է արդեն նրանց հետագա զարգացումը քաղաքակիրթ բիզնեսի օրենքներով։ Դա նշանակում է նաեւ՝ հաշվի նստել չափ, շրջահայացություն եւ պետական շահ հասկացությունների հետ։ Կարելի է սպասել, որ «կուլակաթափ անելու» ռուսական մեխանիզմը մեզ մոտ չի գործի, որքան էլ այն նստած լինի ռամկական մտածողության մեջ՝ որպես գործունյա եւ ուժեղ իշխանության չափանիշ։ Նկատի ունենանք, որ բոլոր դեպքերում խոսում ենք օրինաչափությունների եւ ոչ՝ բացառությունների մասին։

Մի գծի մասին եւս՝ ներկա իշխանությունը զանգվածային լրատվության միջոցներին ուշադրություն է դարձնում եւ լսում ավելի, քան իր նախորդները։ Դա առավելություն է անշուշտ, ժողովրդավարության մասնավոր դրսեւորում։ Բայց դա չի նշանակում, որ այդպիսով ԶԼՄ-ները կարող են իշխանությանն ուղղորդել։ Վերլուծական կենտրոններ, հատուկ փորձագետներ՝ այո, բայց աշխարհում չկա մի կայացած երկիր, որտեղ բարձրագույն իշխանություններն առաջնորդվեն օրաթերթերի լրագրողների թելադրանքով։ Որպես կանոն, մամուլը ամեն ինչի մասին խոսում է, սակայն այն, առավել եւս մեզ մոտ, միշտ ինտրիգային է, եւ այդ դեպքում այդ ինտրիգները տեղափոխվում են պետական քաղաքականության ոլորտ, ինչն ամենեւին ստաբիլություն չի խոստանում։ Եվ հակառակը, տարբեր հանցագործությունների մասին մամուլի հայտարարություններին մեզ մոտ դեռեւս ցանկալի ուշադրությունը չի դարձվում։

Իշխանության ամենալուրջ խնդիրներից մեկը ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ է։ Համենայնդեպս՝ մեզ մոտ։ Կարելի էր, իհարկե, բավարարվել ցինիկների փաստարկով ու փակել հարցը՝ արմատական ընդդիմությունը լուրջ չի կարող ընկալվել, որովհետեւ փող չունի։ Կամ հետեւել պրագմատիկներին, այն է՝ պետք է մի քանի ընդդիմադիր գործչի պաշտոն տալ ու դրանով խարխլել ընդդիմադիր ճակատը։ Եթե նրանք կարողանան աթոռ ստանալուց հետո նաեւ աշխատել՝ ավելի լավ երկրի համար։ Բոլոր դեպքերում եղածներից շատերի չափ կարող են աշխատել։ Կարծիք է հայտնվել նաեւ, որ սերիալների հետապնդման «պետական» քաղաքականությունը սխալ էր՝ թող սերիալներից ամենադիտվողը դնեն միտինգի ժամին, ինչպես «Շանթը» դնում է իրեն քննադատող Պետրոսի հաղորդման ժամին՝ էականորեն խլելով նրա լսարանը։ Կատակը՝ կատակ, բայց սա եւս գործուն քաղաքականություն է։

Իրականում զարգացումները մեզ մոտ նման պարզունակ ճանապարհներով չեն գնում, չնայած դրանց առանձին տարրերի առկայությանը։ Նախագահը առաջարկել է երկխոսություն, ուղիների միասին փնտրում։ Հետաքրքիրն այն է, որ ընդդիմության առաջնորդի կողմից եւս դրսեւորվել են հաշտության որոնման ինչ-որ հայտարարված տարրեր։ Ինչո՞ւ մերձեցման աշխատող եզրեր առ այսօր չեն գտնվում։ Կարծում ենք՝ դա շրջապատի բեւեռացվածության արդյունք է։

Այս մեկ տարվա ընթացքում ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության դիրքորոշումներում վերջնական հստակություն չարձանագրվեց։ Ընդդիմությունը չի բացահայտում կամ նույնիսկ չի ձեւակերպել իր կոնկրետ նպատակները՝ այդ դեպքում բանակցությունները ինչի՞ շուրջ են գնալու։ Մարտի 1-ին իշխանության հարցն էր դրված, այսօր պահն անցել է։ Գիտենք, որ «7-ի գործով», ի վերջո, բաց են թողնելու բոլորին։ Հետո՞ ինչ է պահանջվում։ Եթե անկեղծ լինենք՝ նման հարցերը քաղաքական սակարկություն են՝ ինչի՞ դիմաց` ի՞նչ է պահանջվում։ Եթե՝ «Ամբողջ իշխանությունը սովետներին» կարգախոսն է, ապա, բնականաբար, իշխանությունը այսօր կհամախմբվի հակազդման դիրքերում։ Այսօրվա դրությամբ պնդում կա, որ ամեն ինչ կորոշարկի մարտի 1-ի հանրահավաքը։ Իրականում կարեւոր է ընդդիմության գործողությունների ռազմավարությունը՝ եթե 6 ամիսը մեկ խոշոր հանրահավաք են կազմակերպելու՝ դա այլ հարց է, եթե շաբաթը մեկ է լինելու՝ հնարավոր է դրանց ներկայացուցչականության աստիճանական նվազում։ Բոլոր դեպքերում համբերություն է պետք երկու կողմին էլ։ Հնարավոր է՝ այս առճակատումը ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։ Դա կախված է նաեւ երկրի ընդհանուր վիճակից, ինչն իր հերթին գլոբալ զարգացումների արդյունք կարող է լինել։ Սերժ Սարգսյանի ռեակցիան, ելնելով իր բնութագրերից, կարելի է սպասել, ավելի համբերատար ու հավասարակշիռ պետք է լինի։

Ներքաղաքական կոնֆլիկտներից տարվա ընթացքում ամենածանր քննարկումները գնացին մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ։ Գործում է երկու տեսակետ՝ դրանք ամենամեծ վնասը հասցրեցին Սերժ Սարգսյանի դիրքերին եւ հակառակը՝ մարտի 1-ով Քոչարյանը փրկեց իշխանությունը եւ այն «պատրաստի» հանձնեց իր հաջորդին։ Ո՞րն է այստեղ իրականությունը՝ ամենալավը տարբերակում է ինքը՝ Սերժ Սարգսյանը, չնայած այդ մասին խուսափում է անձամբ արտահայտվելուց։ Համենայնդեպս, նա չի գնացել «շառը նախորդի վրա գցելու» ճանապարհով, ինչը հրահրում է ցածր կրքեր հետապնդող որոշ շրջապատ։ Նույնկերպ Քոչարյանն էր վարվել իշխանության առաջին տարում՝ նպաստելով իր նախորդի նկատմամբ «քաղաքական գնահատականի» ավելի մեղմ տարբերակի ընդունմանը։ Սա ղեկավարի էթիկայի, հավասարակշիռ պետական գործչի կարեւոր կանոն է:

Նախագահի գործունեության մյուս կարեւորագույն ոլորտն է երկրի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, որը ստեղծված պայմաններում կարող է կարեւորագույնը լինել երկրի ճակատագրի առումով։ Ի՞նչ չափով համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդեցություն կունենա ՀՀ-ում՝ սա կարող է վճռորոշ լինել նույնիսկ քաղաքական զարգացումների համար։ Պատահական չէ, որ որոշ ուժեր, որպես կանոն, հանդես են գալիս նոր շինարարության, հանքերի շահագործման եւ նման նախաձեռնությունների վարկաբեկողի դերում։ Դա, գիտակցված թե ենթագիտակցաբար, նպատակադրված է հանրապետությունում արտադրության կրճատմանը եւ ճգնաժամային երեւույթների խորացմանը։ Այլ կերպ չենք կարող մեկնաբանել։ Եվ դա համընկնում է երկրին սպառնացող գլոբալ տնտեսական վտանգների հետ։ Իսկապես, անկում է ապրում շինարարությունը, որը ՀՆԱ-ի, բյուջետային մուտքերի, աշխատատեղերի զգալի մասն էր ապահովում։ Շատ հնարավոր է՝ կանգնեն հին, խարխուլ թաղամասերի ժամանակակից վերակառուցման ծրագրերը։ Դեռեւս շատ ընտանիքներ շարունակում են ապրել ոչ մի ստանդարտի չհամապատասխանող, կոմունալ հարմարություններից զուրկ բնակարաններում, «էլիտար» շենքերի կառուցումն արգելակվել է։ Կատարվե՜ց ապուշներիս երազանքը։

Իշխանությունը պիտի պայքարի ոչ միայն իրական, այլեւ մտածողության նման դրսեւորումների դեմ։ Այստեղ հաճախ անհրաժեշտ են լինելու ինչպես լայն հանրության կողմից պահանջվող, այնպես էլ ոչ պոպուլյար քայլեր։ ՈՒզենք թե չուզենք, պիտի կանգնեցվի աշխատավարձերի աճը։ Կենտրոնական բանկի պահուստային հնարավորություններն անսահմանափակ չեն, եւ դրամի փոխարժեքը երկար պահպանել հնարավոր չի լինելու՝ համաշխարհային ընդհանուր անկման պայմաններում։ Ահա այն ժամանակ կդրսեւորվեն դրա սոցիալական հետեւանքները։ Կարելի է կռահել՝ ինչու այսօր դրամի կայունությունը շատերին չի բավարարում։

Այսօրվա իշխանությունն ի վիճակի է ճնշում գործադրել մոնոպոլիստների եւ կիսամոնոպոլիստների վրա (էներգո, գազ, կապ, տրանսպորտ), որպեսզի նրանք հնարավորության սահմաններում չբարձրացնեն գները։ Դա հեշտ գործ չէ, Ռուսաստանում, օրինակ, որոշ ոլորտներում գների տարեկան մի քանի անգամ փոփոխությունը սովորական է։ Քիչ են այնպիսի երկրները, որտեղ 5 տարուց ավելի էլեկտրաէներգիան նույն գնին է։ Եթե տնտեսությունը բավարարվի նվազագույն աճով, դա էլ արդեն ձեռքբերում է։ Պետք են լուրջ միջոցառումներ, որպեսզի աղքատության կրճատման փոխարեն՝ դրա ավելացում չգնա, ինչն արդեն փաստ է զարգացած երկրներում։ Դժվար է, սակայն լավ կլինի, որ լայն սպառման ապրանքների գներն իջնեն։ Այս պայմաններում դա արդեն տեսնում ենք մի քանի երկրներում, այդ թվում՝ մեր հարեւան Վրաստանում։ Բայց շատ անգամ իրարամերժ իրադրությունների ենք հանգում։ Գներն իջնելու համար պետք է քիչ վճարեն աշխատողներին։ Սա էլ այլ դժգոհության առիթ է։ Շատ դժվար է նաեւ բացատրել, որ ցածր գները հատուկ են հետամնաց, աղքատ երկրներին։ Դրամի արժեւորման քննադատները՝ թվում է, առաջարկում են սղաճ, ինֆլյացիա կիրառել։ Սա էլ, հակառակը՝ անպայման կբարձրացնի գները։ Իր նախագահական շրջանը Սերժ Սարգսյանը սկսեց խոստումնալից նախագծերով։ Իմ անձնական կարծիքն է, որ եթե դրանք չարդարանան՝ պատասխանատու են այս գաղափարների հուշողները։ Կարող ենք ավելի կտրուկ ասել, առանց դիվանագիտության. տնտեսական խորհրդատուները անկարող են եղել օպտիմալ տարբերակներ մշակել որոշ ոլորտների համար, տուրք են տվել ֆրազներին։ Սակայն այսօր ստեղծված համաշխարհային իրադրությունն էլ նպաստում է ծրագրերում էական փոփոխություններ մտցնելուն։ Մեկ տարվա ընթացքում նկատվեց, որ նախագահն աստիճանաբար շատ ավելի վստահ է սկսել վերահսկել իրադրությունը եւ տիրապետել փաստերին։ Մեկ տարին նշանակալի ազդեցություն ունեցավ այս առումով եւս։ Համենայնդեպս, շատ ավելի շահեկան է, երբ նախագահն այսօր բոլոր ոլորտների մասին առանց կոնսպեկտի է խոսում, հանպատրաստից։ Տնտեսական թիմում դեռ փոփոխություններ կլինեն, իհարկե, սակայն մեկ տարվա կտրվածքով իսկապես էական աշխատանք է կատարվել, որը հատկապես արժեւորվում է՝ մանավանդ երկրորդ կիսամյակի համընդհանուր ճգնաժամի պայմաններում։ Դրամի փոխարժեքի կայունության ձգտում են շատ երկրներ, բայց չեն հասնում (Ռուսաստան, ՈՒկրաինա, դոլար-եվրո փոխարժեքի մրցակցությունը եւ այլն)։ ՈՒժեղ տարադրամի մասին քննադատությունները դասագրքային են եւ չեն ելնում իրական նպատակներից։ Շատ հեշտ է էմիսիա կատարել, արժեզրկել դրամը, բայց դա մեր պայմաններում շատ ավելի մեծ վնասներ կբերի։ Պահպանվում է տնտեսական վիճակը, ամենակարեւորը՝ այս ծանր պայմաններում սոցիալական ծրագրերը չեն տուժել։ Գյուղատնտեսական հարկի հումանիստական օրենք է մշակվել, որը հասարակ գյուղացուն պաշտպանում է դեռեւս իր համար ծանր միջազգային պահանջներից։ Թվում է՝ հարկային քաղաքականությունը խստացել է, սակայն ցուցանիշներն ամբողջովին տեղավորվում են չափավորության սահմաններում (շատ ոլորտների առումով՝ դրանում հեշտությամբ կարելի է համոզվել թեկուզ առաջադեմ երկրների հետ համեմատությունների միջոցով)։ Հարկերի հավաքումը խնդիր է դառնում շատ դեպքերում դեմագոգների ակտիվ օգնությամբ։ Ի վերջո, պետք է հաշվի նստել նաեւ երկրի հնարավորությունների հետ։ Օրերս հաստատվեց $ 500 մլն-ի վարկային ծրագիրը Ռուսաստանից։ Անշուշտ, դա վարչակարգի հեղինակության եւ վստահության հարց է նաեւ։ Ընդ որում, Ռուսաստանից վարկային օգնություն ստացած մյուս երկու երկրներից դրա դիմաց կարեւոր զիջումներ են պահանջել։ Մենք այստեղ օգտագործել ենք ավելի շուտ ռազմավարական գործոնները։

Նախագահության ստանձնումից ի վեր Սերժ Սարգսյանի համար պետական գլխավոր հարցերից մեկը շարունակում է մնալ ԱՐՑԱԽԻ խնդիրը։ Այստեղ առաջխաղացումը եւ զարգացման հեռանկարներն ընկալելու համար պետք է մի փոքր անդրադարձ կատարել նախկին նախագահների քաղաքականությանը։ ՀՀ Առաջին նախագահը շեշտում էր Արցախի բնակչության ապահովության հարցը, իսկ անկախության հարցը նրա դիվանագիտական քաղաքականության մեջ մինչեւ վերջ ձեւակերպված չէր՝ միջանկյալ տարածքները հանձնելուց հետո բացառված չէր, որ մեզ փաստի առաջ կանգնեցնեին։ Ինչեւէ, այս ուղղությունը կիսատ մնաց։

Երկրորդ նախագահը, ըստ էության, կիրառեց խնդրի, այսպես կոչված, «սառեցման» սկզբունքը եւ կոշտ հակաթուրքական դիրքորոշումը։ Պետք է նշել, որ, մի խոշոր վրիպումը բացառյալ, սա նաեւ դրական ազդեցություն ունեցավ։ Համենայն դեպս, 10 տարվա «արհամարհվելուց» հետո թուրքական կողմը ավելի զգայուն դարձավ հաշտեցման բանակցությունների նկատմամբ, եւ պետք է ենթադրել՝ ավելի պատրաստ՝ զիջումների, ինչը վերջնականապես կարող է պարզվել առաջիկայում։ Հենց այս փաստն էլ օգտագործեց Սերժ Սարգսյանը։ Նրա ժամանակաշրջանը սկսվեց դիվանագիտական ուշագրավ առաջխաղացմամբ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Առայժմ դրանք բանակցությունների փուլում են, սակայն թեկուզ միայն պատրաստակամությունը անխտիր խրախուսվել է միջազգային հանրության կողմից։

Թուրքիայի հետ բանակցությունների մեջ մտնելը շատ համարձակ առաքելություն է, եւ ոմանք գտնում են, որ նախագահության հենց առաջին շրջանում միանգամից չարժեր այսպիսի խոշոր դիվանագիտական թնջուկի մեջ մտնել։ Բոլորն էլ գիտեն, որ Թուրքիայի հետ չի կարելի խաղի մեջ մտնել ու հետո անվնաս հետ կանգնել՝ վտանգավոր է։ Մյուս կողմից՝ կարելի է նրան հասկացնել, որ իր ազդեցությունը պարտավոր է օգտագործել Ադրբեջանի դիրքորոշումը մեղմելու համար։ Թուրքիան առանց այն էլ պարտքեր ունի Հայաստանին շատ մեծ։

Արդյո՞ք արժեր մտնել «սպորտային» այս անհավասար խաղի մեջ։ Բանն այն է, որ աշխարհում գնում է անկախացումների հստակ պրոցես, եւ երբեք ոչ հակառակը։ Ալանդյան կղզիների, Էրիտրեայի, Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ մյուսների փորձը դա է վկայում։ Օրեցօր ավելանում է անկախությունների շքերթը, վաղը, շատ հնարավոր է, նման գործընթացներ առաջանան Կանադայում, Իսպանիայում, Կորսիկայում, այլուր։ Համենայն դեպս, սա է զարգացումների ուղղությունը։ Եվ այս պայմաններում արագացնել Ղարաբաղի հարցի լուծումը միջազգային ասպարեզում, հաստատ չիմանալով վերջնական անկախության պայմանի ապահովվածությունը՝ բավականին անհեռատես քայլ կարող է դիտվել։ Կարող է ստացվել, որ 21-րդ դարում էլ, ինչպես նախկինում, այս գործընթացներից բոլորը օգտվեցին, բացի հայերից։ Այս պայմաններում, կարծում ենք, նախագահ Սարգսյանը (մանավանդ, երբ արդեն հստակ հայտարարված են նրա կողմնորոշումները) մտածել է անցանկալի զարգացումների դեպքում հետ կանգնելու ուղիների մասին։ Ստատուս-քվոյի պահպանման սկզբունքը եթե Ռ. Քոչարյանը կիրառում էր «խխունջի քաղաքականությամբ»՝ ներամփոփվելով ու մեկուսանալով, Ս. Սարգսյանի համակարգում կարող է իրագործվել ակտիվ դիվանագիտության, բանակցությունների շարունակականությամբ։ Դիվանագիտական այս փոխհարաբերություններում Թուրքիային շատ ընկճում է Կիպրոսի հարցը, չի խանգարի հարմար պահին դա հիշեցնել։

Եվ վերջապես, հասել է «տարածքային ամբողջականություն» եւ «ազգերի ինքնորոշում» տերմինները ճիշտ մեկնաբանելու ժամանակը։ Մեզ մոտ կենտրոնանում են դրանք որպես հավասարարժեք օրենքներ ներկայացնելու խնդրի վրա, մինչդեռ դա չի արտահայտում էությունը։ Խնդիրն այն է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է տարբեր երկրների հարաբերությունների դեպքում (ասենք՝ երբ Իրաքն ուզում է գրավել Իրանի տարածքի ինչ-որ մասը), իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառվում է պետության ներսում, ինչպես բուլղար ժողովուրդը ինքնորոշվեց Թուրքական կայսրությունից 1908-ին, Ալժիրը Ֆրանսիայից՝ 1962-ին, Վանուատուն Ավստրալական Միությունից՝ 1980-ին, Կոսովոն Սերբիայից՝ 2008-ին եւ այլն։ Սա քաջ գիտակցելով, մեր հարեւանները ամեն կերպ ջանում են հակամարտությունը ներկայացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ուսանելի է Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, որ Ղարաբաղի խնդիրները ավելի շատ քննարկում է Մինսկի խմբի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարության հետ, քան՝ անձամբ Ալիեւի։ Վերջինս թող այդ հարցերը փորձի կարգավորել նախ Ղարաբաղի ղեկավարության հետ, իսկ Հայաստանը սատարելու է Արցախին, ինչպես Թուրքիան սատարում է Ադրբեջանին։

Ոմանք գտնում են, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում վերադարձ է կատարում առաջին նախագահի դիրքերին։ Վերջին հրապարակային հայտարարություններից դա չի երեւում։ Նա ավելի ու ավելի է շեշտում Արցախի ժողովրդի՝ Բաքվից բացարձակ անկախ լինելու պայմանի անբեկանելիությունը։ Ս. Սարգսյանը հստակ նշում է, որ սակարկություններ ԼՂ անկախության շուրջ չեն կարող լինել (վերջինը՝ ԲՀԿ համագումարում)։ Եվ այս հարցը դնում է գնալով ավելի մեծ հաստատակամությամբ։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ասպարեզում, եթե ընդհանրացնենք, Սերժ Սարգսյանի կողմից շարունակվում է նույն ակտիվ, հավասարակշիռ քաղաքականությունը, հաշվի առնելով իրադարձությունների զարգացումները։

Ռուսաստանի հետ հարաբերությունների ինտենսիվացումը պարտադրված է իրավիճակով։ Սա պրիորիտետ չէ, առավել եւս՝ սուբյեկտիվ կողմնորոշում։ Ժամանակ է եղել, երբ Կիլիկիայի հայկական պետությունը ստիպված է եղել դաշնակցային հարաբերություններ կնքել մոնղոլների հետ։ Իզուր է` ինտրիգի առիթ փնտրել «արեւմտյան» կամ «ռուսաստանամետության» հողի վրա։ Եվ միջազգային հանրությունը այսպիսի մոտեցումը հասկանում է։ Քչերն են այսօր հիշում, որ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը 90-ականների կեսերին արգելեց ԱՄՆ-ը՝ իր ստրատեգիական շահերին հակասող հայտարարելով։ Այսօր մեր ինքնուրույնության մակարդակը էականորեն բարձրացել է։ Սերժ Սարգսյանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես խաղաղ, անցնցում զարգացումն ապահովող ղեկավար, նրա հետ են կապում նաեւ ներքին հայտնի բարդացումների խաղաղ լուծման հեռանկարը։

Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին նշանավորեց էվոլյուցիոն, օրինաչափ զարգացման ուղին։ Այս մեկ տարին աստիճանաբար ապացուցում է նախապես հայտնված այն տեսակետը, որ Ս. Սարգսյանը կառուցողական ուժերին է ձեռնտու, թե՛ դրսում, թե՛ ներսում։ Քաղաքական հնարավորության սահմաններում նա կարողանում է հասնել դրան՝ թե՛ կողմնակիցների, թե՛ հակառակորդների համար բացատրելի վարքագծով։ Տիպիկ օպտիմալ քաղաքականության իրականացնող, համբերատար եւ հեռուն նայող պետական գործիչ է։

«3» թիվը ամփոփող խորհրդանիշ է։ Երրորդ նախագահից սպասվում է մեր պետական ուղու ամբողջացում։ Ժողովուրդն ուզում է, ամենից շատ, որ իր պետությունը կայանա, որ աստիճանաբար հաստատվի արդարությունը, համաձայնությունն ու փոխհամագործակցությունը, որ ինքն իր պետության մեջ ունենա իր բարեկեցությունը խաղաղ զարգացնելու հնարավորություն։ Մենք այս 20 տարում վատ ճանապարհ չենք անցել, ընդհակառակը, հաղթահարել ենք չափազանց մեծ դժվարություններ, որոնք չունեին մյուս երկրները։ Պետք է սովորենք ժառանգականության, ընտրություններից հետո ձեռքսեղմման եւ համագործակցության։ Մեր չկայացած քաղաքական դաշտը շարունակ թուլացնում է երկրի կառավարման համակարգը, ներառյալ՝ նաեւ նախագահին։ Մեր երկիրը 3 նախագահ է ունեցել, երեքն էլ՝ ուժեղ, շեշտված կամային հատկություններով անհատականություններ, որոնք նույն թիմից են եղել, նույն հասարակական, քաղաքական գաղափարների կրողները։ Առաջին նախագահի օրոք մեր անկախությունը հաստատեցինք բոլորից ավելի դժվարին ու թշնամական միջավայրում, հաղթեցինք պատերազմը։ Երկրորդի օրոք կառուցվեց երկիրը, բնական եւ աշխարհաքաղաքական պայմաններ չունենալով՝ մոտեցանք իրական բարեկեցության չափանիշներին, պահպանեցինք ու բազմապատկեցինք ունեցածը, խուսափեցինք կորուստներից։ Երեք նախագահներն էլ միմյանց ժառանգականությունը հաստատելու որոշ քայլեր փորձել են կատարել, բայց քանի որ մեր հասարակական-քաղաքական բնավորությունը կոնֆլիկտային է, նրանց էլ ի վերջո տարան այդ հունով։ Որքա՞ն կարող ենք «դրսից տղա բերել», թե՝ պետք է մեր ինտրիգները լուծեք։ Եվ միայն նախագահներին եկեք չվերագրենք՝ սրանք չկայացած պետականության, չկայացած քաղաքական էլիտայի, չհասունացած հասարակության հատկանիշներ են։ Հասկացանք, որ ամեն հայ ինքը մի նախագահ է, սակայն նրանց է վերապահվել պետության, ազգի ճակատագիրը, ու, որ համեմատենք մյուս երկրների հետ՝ մի՞թե այնտեղ միայն իդեալականներն են իշխանության գալիս, ասենք՝ Բուշը…։ Ոչ մեկի չենք հավանում՝ Մեկը «քոռ է», մյուսը «քաչալ է», երրորդը ղարաբաղցի է… Արդեն ծաղրանկարի է վերածվել մշտապես շարունակվող բանավեճը՝ «դու ոչ լեգիտիմ ես – ոչ լեգիտիմը դո՛ւ ես»։ Փոխանակ նախագահի անձից դժգոհելու, հասարակությունը պիտի օգնի նրանց՝ պետությունը կայացնելու։ Այսօր արդեն վերջին հայկական պետականության երեք նախագահ ունենք, որոնց միասին՝ ոչ՛ պետական, ո՛չ համազգային որեւէ միջոցառման երբեք չենք կարողանում տեսնել։ Սա իրական ազգային ողբերգություն է։ Անհաշտության, առճակատման մթնոլորտը առաջնային վտանգ է դարձել Հայկական պետականության համար։

Չենք կարող ասել, թե այս ամենի լուծումները միայն երկրի նախագահի ձեռքում են, բայց ամենամեծ պարտավորությունները ժողովուրդը նրան է վերապահում։ Հուսով ենք, Ս. Սարգսյանի անհատական եւ նախագահական հատկանիշները համապատասխանում են այս նպատակներին, եւ նա կկարողանա, վեր կանգնելով այս արատավոր մթնոլորտից, իրագործել մշտապես սպասված ազգային միասնության գերագույն նպատակը։

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ