Կենտրոնի թաղապետի՞, թե՞ բնակիչների շահն է առաջնային

27/02/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2007թ. ՀՀ կառավարության 108N որոշմամբ` Երեւան քաղաքի Նար-Դոս, Տիգրան Մեծ, Խորենացի եւ Զավարյան փողոցների որոշ հատվածներ ճանաչվել են պետության համար բացառիկ գերակա հանրային շահ հանդիսացող տարածքներ:

Նշյալ տարածքներում ապրում են հիմնականում սեփական տների բնակիչներ, որոնցից շատերը, մասնավորապես՝ Տիգրան Մեծ փողոցի բնակիչներն, իրենց տներին կից, փողոցի ճակատային մասում մսի առեւտրի կետեր են շահագործում: Տեղի բնակիչներն այդ փոքրիկ բիզնեսը կազմակերպում են բացառապես օրենքով սահմանված կարգով, եւ այդ տաղավարների հանդեպ ունեն սեփականության իրավունքի վկայական: Այսօր, սակայն, բնակիչները կարող են զրկվել ինչպես իրենց բնակարաններից, այնպես էլ` միակ եկամտի աղբյուր հանդիսացող տաղավարներից: Երեկ խմբագրություն էին այցելել այդ չորս փողոցների իրացման գոտու տակ հայտնված այն բնակիչներն, ովքեր իրենց դեմ կատարվող ոտնձգությունների մասին փորձում են ահազանգել մամուլի միջոցով: «Իրացման գոտիների բնակիչների հետ այնպիսի դաժան կերպով վարվեցին, որ յոթ մարդ մահացավ: Հիմա նույն կերպ մեզ հետ են վարվում: Մեզ սարսափելի վիճակում են գցել եւ ստիպում են տարածքներն ազատել` առանց որեւէ կոնկրետ փոխհատուցման: Հենց էս պահին մենք ինսուլտ խփած բնակիչ ունենք, որն իրենց պատճառով անկողին է ընկել»,- ահազանգում են բնակիչներն, ովքեր պատկերացում անգամ չունեն, թե այդ հսկայական տարածքի վերաբերյալ կառուցապատողն ինչ նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարությանը կամ Երեւանի քաղաքապետարանին: Պետության համար բացառիկ գերակա հանրային շահ հանդիսացող նշյալ տարածքի կառուցապատողներն են` «Սկառտա», «Արդավի» եւ «Արեւիկ» ընկերությունները: Մինչդեռ, տեղի բնակիչները վստահեցնում են, որ այս երեք ընկերությունները պատկանում են մեկ մարդու. Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի հորը` Բեգլար Բեգլարյանին: Այդուհանդերձ, կառուցապատողը բնակիչներին ստիպում է պայմանագիր կնքել, ըստ որի` առաջարկվում է դրամական չնչին փոխհատուցում, որով բնակարան գնել հնարավոր չէ նույնիսկ մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում: Հետաքրքիրն այն է, որ որեւէ մեկը տեղյակ չէ, թե ահռելի այդ տարածքում կառուցապատողն ի՞նչ է կառուցելու, հետեւաբար՝ բնակիչներն իրենց տարածքում կառուցվելիք բնակելի շենքում բնակարանով ապահովվելու որեւէ երաշխիք չունեն: Բացի այդ, պայմանագրում նշված չէ, թե իրացման գոտու կառուցապատողին որքան ժամանակ է տրվել ծրագիրն իրականացնելու, ավարտին հասցնելու համար: Նար-Դոս փողոցի բնակչուհին, ով խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում ասաց. «Ոմանք չունեն սեփականության իրավունք: Մերը սեփական տուն է, որի հանդեպ ունենք սեփականության իրավունքի վկայական: Չնայած 1915-ից այդտեղ ենք բնակվում, բայց 2004-ին հողը պետությունից գնել ենք, գույքը հաշվառված է: 3մլն քանի հարյուր հազար դրամ մուծել եմ հողի համար, կտրոնները մեզ մոտ են, բայց հիմա պետությունն ուզում է մեզ քցել»: Այդուհանդերձ, բնակիչները վստահեցնում են, որ կառուցապատողը խիստ գաղտնի է պահում, թե տարածքում ինչ է կառուցվելու. «Որովհետեւ, եթե մեզ էստեղից վտարելու եւ տեղը բնակելի շենք են կառուցելու, ապա հարց է ծագում` բա դրա հանրային գերակա շահը ո՞րն է: Այսինքն` պետության համար գերակա չէ իր քաղաքացու սեփական տունը, այլ գերակա է քաղաքացուն ինֆարկտի հասցնելով՝ կառուցապատողին հարստացնելը»: Ինչեւէ, տեղի բնակիչները վստահեցնում են, որ մի քանի անգամ իրենց տարածք ոտք դրած ԾԻԳ (Ծրագրերի իրականացման գրասենյակ) պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչները բնակիչներին նախապես հոգեբանորեն պատրաստում են, որ մեծ ակնկալիքներ չունենան: Դրա վառ ապացույցը նրանց կողմից կատարած բնակարանների չափագրումներն են, որտեղ նրանք հնարավորինս սեղմում են բնակչի սեփականություն հանդիսացող տարածքի բնակմակերեսը եւ կեղծ, իրականությանը չհամապատասխանող թվեր են ամրագրում: «Կառուցագետ» կոչվող գնահատող կազմակերպությունն էլ, բնականաբար, քաղաքացիների բնակարանները գնահատում է ի վնաս բնակիչների` կառուցապատողի համար հնարավորինս շահեկան պայմաններով: «Սկառտա» կազմակերպության ներկայացուցիչը մեզ ասում է` հա, բա մենք ինչի՞ ենք վարձատրվում… որպեսզի ձեզ խաբենք»,- պատմում են բնակիչները, ովքեր նաեւ դիմել են «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ուսումնասիրելով վերոնշյալ փողոցների բնակիչների օրենսդրական փոխհարաբերությունը կառուցապատողի, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ՝ ասում է. «Փաստորեն, տեղի բնակիչներին տեղյակ չեն պահում, թե իրացման գոտում ինչ է կառուցվելու, խիստ գաղտնի են պահում, եւ, եթե բնակիչը նույնիսկ կնքում է պայմանագիր, բնականաբար, կնքում է տվյալ կազմակերպության հետ, իսկ կառավարությունը երաշխիքներ չի տալիս: Կազմակերպությունը կառուցապատում է եւ ստանում է գերշահույթ: Քաղաքացուն ասում է` ես ձեզ 3 տարի հետո նույն գոտում բնակարան կտամ, բայց քաղաքացին երաշխիք չունի, որ կառուցապատողը տարածքում շենք է կառուցելու եւ այս ճգնաժամային պայմաններում կառուցելու է նշված ժամանակահատվածում: Այն դեպքում, երբ կառուցապատողին տալիս է իր սեփական տունը` դիմացը ստանալով թղթի կտոր, որը 3 տարի հետո կարող է դառնալ զուգարանի թուղթ»: Ի դեպ, անկախ գնահատողը քաղաքապետարանի կողմից իբր թե ընտրվում է մրցույթով, մինչդեռ, հետաքրքիրն այն է, որ անկախ գնահատող կազմակերպությունը վարձատրվում է հենց կառուցապատողի կողմից: Պարզ է, որ կառուցապատողը շահագրգռված է քաղաքացիների բնակարաններին տիրանալ հնարավորինս ցածր գներով: «Այստեղ քաղաքապետարանը որեւէ կերպ չի պաշտպանում քաղաքացու շահերը: Աբովյան փողոցի իրացման գոտու բնակիչ Գեւորգ Ճաղարյանի բնակարանը 47.000 գնահատեց իրենց «անկախ» «Արթին էնթերփայզ» կազմակերպությունը, իսկ, երբ Ճաղարյանը մեկ այլ գնահատող կազմակերպության բերեց` բնակարանը գնահատեցին 187.000 դոլար: Մարդը շահեց այս գործը, եւ պետությունն արդեն բյուջեից, մեր հաշվին` մոտ 150.000 դոլար լրացուցիչ փող տվեց»,- փաստում է Ս. Բաղդասարյանը` տեղեկացնելով, որ վերագնահատում կատարող անկախ կազմակերպությունները, որոնք օբյեկտիվ են գնահատում, հետագայում կառավարության կողմից զրկվում են լիցենզիայից, այսինքն` պետության կողմից պատժվում են արդար աշխատանքի եւ կառուցապատողի շահերը չպաշտպանելու համար: Նման ճակատագրի արժանացել են գնահատող 6 կազմակերպություններ, ինչը պատճառ է դարձել, որ ներկայումս որեւէ կազմակերպություն լիցենզիայից զրկվելու մտավախությամբ չհամարձակվի գնահատել իրացման գոտու տակ հայտնված բնակարանները: Ինչեւէ, Նար-Դոս, Տիգրան Մեծ, Խորենացի եւ Զավարյան փողոցների բնակիչները հայտարարում են, որ իրենք դեմ չեն մայրաքաղաքի զարգացմանը, հետեւաբար՝ պատրաստ են տարածքներն ազատել միայն այն դեպքում, երբ իրենց կառաջարկվի բնակարաններին համարժեք փոխհատուցում կամ նոր բնակարան: Բնակիչներն ասում են` «Խորենացի 47 շենքին կից, որտեղ ապրում է Գագիկ Բեգլարյանը, մի անկապ տարածք կա, որը Սովետի օրոք քանդվել է շենք կառուցելու նպատակով, բայց քանի որ գետնի տակից գետեր են գնում` դադարեցրել են շինարարությունը: Մի կին էլ տարիներ առաջ խեղդվեց այդ ջրափոսում: Ոչ մի կերպ չեն կարողացել շինություն գցել, տեղանքն անհամապատասխան ու վտանգավոր է: Հիմա մեզ նաեւ առաջարկում են այդ տարածքում կառուցվող շենքում բնակարան տրամադրել: Վերացական շենք է, որը հնարավոր էլ չի կառուցել` ելնելով սեյսմիկ անվտանգությունից: Չի էլ նշվում` ե՞րբ է կառուցվելու, ո՞նց է կառուցվելու… Չեն գալիս բանակցելու, խոսելու, տեղեկացնելու: Փոստով պայմանագրերն ուղարկում են, որ ստորագրենք: Փաստորեն՝ մեր պետությունը մեզ լրիվ մենակ է թողել ու քաղաքացուն պաշտպանելու փոխարեն՝ բիզնեսմենի փող լվանալու շանսերն է մեծացնում»: Վրդովված բնակիչներն ասում են, որ շուտով հանրահավաքներ են կազմակերպելու եւ ամեն գնով պաշտպանելու են իրենց իրավունքները. «Եվ թող չասեն, թե ժողովուրդը բողոքի ակցիա է անում, միտինգ է անում: Մեր կառավարությունը մեզ հասցնում է ինֆարկտի»: «Կառավարության կողմից 2001-ից կիրառված հանրային գերակա շահ ճանաչված տարածքների իրացումը, շինարարությունը շատ լավ ոլորտ է, որտեղ կարելի է մեծ գումարներ ուտել եւ փողեր լվանալ: Եթե, իրոք, սա պետական կարիք էր, ապա դա պետք է արվեր օրենքի շրջանակներում: Սահմանադրությունն ամրագրում է, որ քաղաքացու սեփականությունը կարող է օտարվել միայն բացառիկ գերակա հանրային շահի դեպքում, եւ պետք է կոնկրետ օրենք ընդունվի` տվյալ քաղաքացու սեփականությունը հանրության ո՞ր կարիքների համար է վերցվում, որը փաստացի չկատարվեց: Մինչդեռ կատարվեց խայտառակ երեւույթ` թալան»,- այս կապակցությամբ նշում է Ս. Բաղդասարյանը: