Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են բոլոր այն միջոցառումները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվելիք ծրագրի շրջանակներում կիրականացվեն ինչպես Վ. Սարգսյանի ծննդյան օրվան նախորդող շաբաթվա ընթացքում, այնպես էլ մարտի 5-ին` ծննդյան օրը, ու նաեւ դրանից հետո` ամբողջ տարվա ընթացքում: Միջոցառումները կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում եւ ԼՂՀ-ում: Երեկվա նիստում հանձնաժողովի անդամներից ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները, Հայաստանի գրողների միության նախագահը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը ներկայացրել են իրենց առաջարկությունները` համատեղ կամ առանձին իրականացնելիք միջոցառումների վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է Վ. Սարգսյանի ծննդյան օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնել հիշատակի երեկո, իսկ մինչ այդ` պետական, քաղաքական գործչի 50-ամյակի կապակցությամբ մի շարք կրթօջախներում, զորամասերում, Վ. Սարգսյանի ծննդավայրում ՀՀ Պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունները եւ Հայաստանի գրողների միությունը համատեղ կանցկացնեն հիշատակի հանդիսավոր արարողություններ, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ: Մարտի 5-10-ը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կանցկացնի ծանրամարտի պատանիների առաջնություն` նվիրված Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, իսկ Հայաստանի գրողների միությունը կկազմակերպի գրող Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունների ընտրանու շնորհանդեսը: Մշակույթի նախարարությունը «Գրականություն պատանիներին» ծրագրի ընթացիկ տարվա շարքը կնվիրի գրող, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանին: Հանրային հեռուստառադիոընկերությունը կցուցադրի Վ. Սարգսյանին նվիրված` ՀՀ
ՊՆ-ի պատրաստած նոր ֆիլմը, ուղիղ եթեր կհեռարձակի մարտի 5-ի հիշատակի երեկոն եւ լայնորեն կլուսաբանի հոբելյանական հանձնաժողովի հաստատած միջոցառումները: Տ. Սարգսյանը հանձնարարել է այս եւ հանձնաժողովի նիստում հնչած նոր առաջարկությունները ներկայացնել գրավոր` ամրագրելով միջոցառման անցկացման ժամկետը եւ պատասխանատուին: Հայտնում են Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: