Արթուր Գրիգորյանին փոփ-երաժշտության դաշտի համար անընդհատ թարմ «աստղեր» «մատակարարելու» մեջ հաճախ են մեղադրում: Երգող «համաստեղության» գրեթե բոլոր փայլատակող անձերը հենց Երգի թատրոնից են դուրս եկել: «Ինձ հաճախ են ասում, որ ջահել երգիչների մեծարումը հենց ինձանից է սկսվել: Շատ հետաքրքիր ու տարօրինակ իրավիճակ է»,- ասում է Ա. Գրիգորյանը: Այսօր տարբեր հարթակներից հիմնականում երկու զանգվածային ժանրերից` սերիալներից ու էստրադայից են բողոքում: Եվ որպես այդ ամենի խտացում, բոլորը դժգոհում են հեռուստատեսությունից:
– Դուք շատ ակտիվ հեռուստաունկնդիր եք, եղել եք նաեւ Հանրային հեռուստաալիքի խորհրդի անդամ, չե՞ք կարծում, որ խորհուրդն իրականում ոչինչ չի որոշում: Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում ցենզուրային:
– Կյանքը ցույց տվեց, որ որեւէ կարգավորող կազմակերպություն, այսուամենայնիվ, պետք է գործի: Ես միշտ դեմ եմ եղել զսպելու, արգելելու սկզբունքին, բայց այսօրվա «երաժշտական դեմոկրատիան» անարխիայի է վերածվել: Ժամանակ առ ժամանակ բոլորս զգում ենք, որ եկել է պատասխաններ ստանալու պահը: Իսկ պատասխան ստանալու համար նախեւառաջ պետք է ճիշտ հարցեր ձեւակերպողներ լինեն: Կարծում եմ` հիմա ճիշտ հարցեր տվողներ չկան: Հարցնում են. «Լսեցի՞ր իմ նոր երգը, լավն է, չէ՞»: Այդ հարցի սխալ կառուցվածքը շատ հաջող կիրառվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Ամեն բան այնպես է արվում, որ դու պատասխանես` այո: Իսկ եթե ասես` ոչ, հաջորդ օրը քեզ ոչ մի տեղ չեն հրավիրի:
– Դա լավագույն դեպքում է, իսկ վատագույն դեպքում` քեզ «պատժում» են:
– Թատրոնում, կինոյում կամ նույն էստրադայում այնպիսի իրավիճակ է, որ «ոչ» ասողները տեղ չեն գտնում, «կլանին» այդպիսի մարդիկ հարկավոր չեն:
Ես, օրինակ, պարբերաբար որոշում եմ «գլխացավանք» դառնալ հեռուստատեսային ղեկավարների համար: Զանգահարում եմ, խոսում եմ, ասում եմ, բայց արդյունք չկա: Կլանային մոտեցումը բոլոր ոլորտներում էլ իր գործն արել է, ամեն ինչն էլ նեղացել, փոքրացել ու փչացել է: Հիմա ախտորոշում անելու ժամանակն է: Բայց հենց այդ մասին խոսում եմ` ինձ «էստրադայի կնքահայր» պիտակն են կպցնում: Շատ բաների մասին խոսելու իրավունք ես կունենամ Երգի թատրոնի բացվելուց հետո, երբ կհայտնվի մի վայր, որտեղ կոնկրետ ծրագրեր կիրականացնեն: Եվ քանի որ նախատեսում ենք նաեւ տեսագրման ստուդիա բացել, կփորձենք երգի «կենդանությունը» տեսաֆիլմի մեջ ամրագրել: Կարծում եմ, որ Երգի թատրոնը դեռ ասելու բան ունի, որը կիսատ մնաց, քանի որ բեմը մաշվեց, երգիչներն էլ` հետը:
– Իսկ ինչո՞ւ էր Երգի թատրոնը այս մի քանի տարիների ընթացքում «լուռ»:
– Հիվանդության որդը ներսից կերավ թատրոնը, իսկ մենք անընդհատ փորձում էինք դեղամիջոցներով պահպանել այն` թույլ չտալով, որ թատրոնը «պայթի»: Բայց իրականում այդ պրոցեսը կանխել ու «բուժել» հնարավոր չէր, թատրոնը վերջիվերջո պայթեց, ու «արյունլվա» երաժշտությունը եթեր հեղվեց:
– Հիմա շատ գնահատելի է «գլամուրային» ապրելակերպը, արագ, փայլուն, ճանաչելի դառնալու մղումը: «Աստղերը» հայտնվում են էկրանին, ցուցադրում են իրենց զգեստապահարանը, իրենց «փայլուն» մտքերն են արտահայտում… Դա վարակիչ է, քանի որ հեշտ ուղի է հուշում: Վտանգավո՞ր չէ:
– Վտանգավոր է, քանի որ շատ երիտասարդներ ուզում են այդ աստղերին նմանվել: Երիտասարդների շուրջ հիմա շատ խաբողներ են հայտնվել: Իսկ երիտասարդին խաբելը հեշտ է` հերիք է խոստանալ, որ նրա համար ֆոտոսեսիա կանեն, նրա դեմքը էկրանով կցուցադրեն, երգն էլ անընդհատ կհնչեցնեն, ու վերջ` երիտասարդը թակարդում է հայտնվում, նա չի էլ հասկանում, որ իրենից իր բնությունն են գողանում: Երբ ես իմ երգիչներին արգելում էի հարցազրույցներ տալ ու «փակում» էի նրանց համար հեռուստատեսությունը, ինձ դիկտատոր էին անվանում ու ասում էին, որ սահմանափակում եմ ազատությունը` մոռանալով, որ որեւէ բան ասելու համար երգիչը նախեւառաջ պետք է խելք ունենա: Իսկ շատ երգիչներ խելք չունեն: Սովորելու սինդրոմով երգիչները երբեք չեն էլ տառապել: Նրանք տեսնում են, թե ինչպես է նախորդ սերունդը փող աշխատում, ու նույնն են անում (ֆոնոգրամաներ են ձայնագրում, եթերում են երեւում, հարսանիքների ու կնունքների ժամանակ են երգում): Եվ արդյունքում ստեղծվում է մի միջավայր, որտեղ լավ երգեր ու լավ երգիչներ պետք չեն, պետք են միայն տհաս ու տհաճ երգեր, որպեսզի դրանց ծափ տան ու փող վճարեն:
– Հիմա բոլորը մինչեւ կոկորդը հագեցել են ֆոնոգրամայի տակ 1-2 երգ երգող «աստղերից»: Էստրադան ընդհանրապես շատ է վարկաբեկված:
– Երգի թատրոնը վերաբացելով` ուզում ենք երգին «կենդանություն» վերադարձնել: Երգ ներկայացնելը շատ բարդ թատերային ժանր է, պետք է կարողանալ երգի միջոցով մի քանի րոպեի ընթացքում ամբողջական մի պատմություն պատմել: Եվ դա կարելի է անել միայն կենդանի կատարմամբ ու կենդանի մատուցմամբ: Իսկ հիմա բոլորը մոռացել են, որ երգը պիտի բեմադրություն, սյուժե, հոգի ունենա: Մեծ շուքով կազմակերպած համերգները, որոնք սովորաբար անցկացվում են Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, աննպատակ են: Երգիչները մեծ դահլիճներում իրենց 30-ամյակներն են տոնում ու համերգն ամբողջովին ֆոնոգրամայի տակ են երգում: Եվ խաբում են այն հանդիսատեսին, որը եկել է նրանց լսելու:
– Դուք հաճախ եք ասում, որ ամենաթանկը երգչի բնությունն է: Դա ի՞նչն է:
– Դա շշմելու բան է, որը չի կարելի բացատրել: Կարող եմ օրինակ բերել. իմ մոտ կար մի տղա, որը շատ մաքուր ու ամբողջական բնություն ուներ, որը Երեւանում ապրելով` խոստովանում էր, որ ամենից շատ կարոտում է իր գյուղն ու իրենց կովի կաթը: Այդ տղան երգում էր այնպես, ինչպես բնությունն էր իրեն թելադրում, եւ դա շատ գեղեցիկ էր: Այդ տղան Վարդան Բադալյանն էր, որին ուղղակի օգտագործեցին ու «գլամուրի շրջանակների» մեջ մտցրեցին, նույնիսկ «Երկու աստղերի» մեջ խցկեցին: Եվ նման օրինակները շատ են: Երգիչները սկսում են կատարել երգեր, որտեղ հոգի չկա, բայց որոնք կլիպեր ու ձայնագրություններ դառնալով` փող են բերում:
– Այդ գայթակղությանը դիմանալը դժվար է:
– Իհարկե, դժվար է: Եվ հիմա շատ են այն երգիչները, որոնք հիվանդ ձայն ունեն: Ես բոլոր երգիչների արածին շատ ուշադիր հետեւում եմ, ու երբ զգում եմ, որ երգիչը «հիվանդ» է, կանչում եմ ու ասում եմ` գնա բժշկի մոտ: Իսկ նա զարմանում է, նրան ոչ ոք այդ մասին չի ասել ու չի ասի, քանի որ ոչ մեկին մեծ հաշվով այդ երեխաները պետք չեն, նրանց պարզապես օգտագործում են: «Կեղտոտ», վնասված ձայնով երգելուց բացի` նրանք իրենց իրավունք են վերապահում երգից հետո ասել` այսօր ջերմություն ունեի ու մի քիչ լավ չերգեցի: Արդյոք դա հանդիսատեսին հետաքրքի՞ր է: Իհարկե, ոչ: Այդ մոտեցման արդյունքում են երգիչները «փչանում»: Տեսեք` ինչպես լավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դարձավ հասարակ, գավառական մի երեւույթ, մինչդեռ, եթե նրա հետ իրոք մի քանի ամիս աշխատեին, նա կարող էր բարձունքների հասնել: Ժամանակին Երգի թատրոնում «ատեստացիա» կոչված միջոցառումն էր անցկացվում, ու ամեն երգիչ պարտավոր էր ամսական մի երգ ավելի երգել: Եթե երգիչը դա անում էր` նրա «կատեգորիան» բարձրանում էր, աշխատավարձն էլ՝ հետը: Դա խորհրդային մոդել էր, որը շատ լավ գործում էր: Երգիչների միջեւ շատ հետաքրքիր մրցակցություն էր ստեղծվում, նրանք «ձգվում» էին, խթան էին ստանում, իրար հետ մրցում էին: Մրցելն ընդհանրապես լավ բան է: Քրիստինե Պեպելյանն, օրինակ, կարող էր որոշել, որ երրորդ կատեգորիան իրեն հերիք չէ, ու սկսում էր աշխատել իր վրա: Եվ հասնում էր արդյունքի: Ես ընդհանրապես երբեք չեմ մեղադրում երգիչներին, չէ՞ որ յուրաքանչյուր երգիչ փխրուն հոգի ունեցող երեխա է: Երգիչներն ուզում են, որ իրենց մասին խոսեն, ու տեսնելով, որ դաշտը «նեղ» է` ցեյտնոտի մեջ են հայտնվում: Հիմա կուլուարները` «բեմախորշերը» ավելի կարեւոր են դարձել, քան բուն երգերը: Երգիչը ելույթ է ունենում, ու նկատում ես, որ նրա հայացքն անընդհատ սահում է ժյուրիի կամ հանդիսատեսի վրայով, որպեսզի հասկանա` թե ով` ինչպես է ընկալում իրեն: Երգիչը երգից դուրս է, նրան միայն կուլուարն է հետաքրքիր:
– Իսկ հիմա Երգի թատրոնում կրկին երգիչների նոր սերո՞ւնդ պետք է մեծանա:
– Այլ կերպ չի կարող լինել, դրանից չենք կարող «փախչել»: Շուտով մրցույթ ենք հայտարարելու ու թատրոնի համար 12 երգիչ-դերասան ենք ընտրելու: Ընտրության սկզբունքը մեկն է լինելու. երգիչը պիտի կարողանա իրար հետեւից 9 երգ կատարել: Եթե երգիչը առանց դադարի 9 երգ իսկապես կարողացավ երգել, ուրեմն կայանալու շանսեր ունի, իսկ շոու կազմակերպելը, երգելու կուլտուրան մշակելն արդեն իմ գործն է: Եվ կարող եմ վստահ ասել, որ մի քանի տարվա ընթացքում նոր երգիչները ճիշտ աշխատելու հնարավորություն կստանան: Բայց թե որքան կդիմանան թատրոնում` չեմ կարող ասել: Դա արդեն իրենցից է կախված:
– Փորձը ցույց է տալիս, որ չեն դիմանում:
– Երգիչներին տուն, նոր զգեստներ են պետք, շատերը երգելով ընտանիք են պահում, ու պարզ է, որ պետք է փող աշխատելու մասին մտածեն: Ես չեմ կարող նրանց անվերջ իմ կողքին պահել: Մանավանդ, որ երբեք ինքս ինձ պրոդյուսեր չեմ կոչել:
– Ինչո՞ւ:
– Պրոդյուսերը մարդ է, ով երգչին ասում է` գնա ու երգիր, թքած քո ձայնալարերի վրա, դու պայմանագիր ունես ու պիտի երգես: Չես կարող երգել, ուրեմն` ձեւացրու, որ երգում ես: Մի անգամ է այդպես լինում, հետո երկրորդ անգամ է այդպես լինում, եւ արդյունքում երգիչը «մահանում» է, քանի որ սովորում է ձեւացնել, որ աշխատում է: Հենց պրոդյուսերների թեթեւ ձեռքով էլ ի հայտ է եկել մեր օրերի աղետը` պլյուսային ֆոնոգրաման: Երգիչները «պլյուսով» ապրում են, ոչ թե երգում են, եւ իրենք էլ չգիտեն, որ դա կյանք չէ` «կոմա» է: Իսկ Երգի թատրոնում «պլյուսը» արգելված է, ես էլ պրոդյուսեր չեմ: Պրոդյուսերները երեխա-երգիչներին հիմար վիճակի մեջ են դնում: Ռազմիկ Ամյանն, օրինակ, արդեն սկսել է «Պստիկ պապա», «Սրտիկ» ու էլի մի շարք այլանդակ երգեր երգել: Իսկ նա այն երգիչն է, որը վերջերս մի շշմելու ինքնաբուխ համերգ է երգել բասկ երաժիշտների հետ (կիթառ, ուդ, քամանչա ու հիանալի ոգի կար այդ համերգի մեջ): Դա երաժշտության, լեզուների, տարբեր մշակույթների հիանալի խառնուրդ էր (բասկերը Իսպանիայի «ղարաբաղցիներն» են, ու շատ լավ իրար հասկանում էին երգի միջոցով): Այդ համերգը Ֆրանսիայի եկեղեցում էր կատարվել եւ բնավ էլ գումար աշխատելու համար չէր կազմակերպվել: Վերջիվերջո, կան բաներ, որոնց վրա փող աշխատել չի կարելի: Որքա՞ն կարող ես ինքդ քեզ դավաճանել: Հաստատ, ոչ շատ երկար: Ես ինքս էլ սուրբ չեմ, ժամանակին ես էլ եմ պատվերներով երգեր գրել, բայց գիտեմ, որ կյանքում անընդհատ կոմպրոմիսների գնալ չի կարելի: Հարկավոր է նաեւ կանգ առնել իմանալ: Հասկանում եմ, որ Ռազմիկը վարձով է ապրում ու երկու երեխա ունի, բայց նա կամաց-կամաց դառնում է հարսանիքների երգիչ ու հեռանում է իր բնությունից: Իսկ բնությունը կարող է «նեղանալ» ու երես թեքել երգչից: Իսկ երգչի համար դրանից ավելի սարսափելի ավարտ լինել չի կարող: