Լիբանանից՝ Սիրիա

27/02/2009

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հորդանանից մեկնել է Լիբանան: Նախօրեին Էդվարդ Նալբանդյանն Ամմանում հանդիպել է Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է փետրվարի 23-ին) արտգործնախարար Նասեր Ջաուդեի հետ: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Ն. Ջաուդեն Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ: Նալբանդյանն ու Ջաուդեն քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգության եւ կայունության ամրապնդման հետ կապված հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին: Էդվարդ Նալբանդյանը հորդանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Մերձավոր Արեւելքի տարածաշրջան այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը երկուշաբթի օրը եղել էր Եգիպտոսում, իսկ Լիբանանից կմեկնի Սիրիա: