Բեղմնավորումը երաշխավորված է

03/07/2005

Անասնապահությամբ զբաղվողների համար ընտանի կենդանիների բեղմնավորումը
բավականին լուրջ խնդիր է: Զուտ այդ նպատակով որձ կենդանի պահելը, պարզվում
է, ձեռնտու չէ: Այդ իսկ պատճառով, եթե գյուղական բնակավայրերում մարդը
ցուլ կամ վարազ է պահում, ուրեմն շահույթ է հետապնդում: Մեկ «սեռական
ակտի» համար կովի կամ խոզի տերը վճարում է 2000 դրամ: Իհարկե միշտ չէ, որ
բեղմնավորումն արդյունավետ է լինում, նման պարագայում գյուղական
շրջաններում հաճախ նաեւ վեճեր են լինում՝ երբ «տղայի» կողմը հրաժարվում է
երկրորդ անգամ անվճար ծառայություն մատուցել չհղիացած «հարսին»: Ավելի վատ
բաներ էլ են լինում՝ երբ գյուղի միակ արուն վարակակիր է լինում եւ
վարակում է գյուղի համայն էգերին. ահա թե ինչպես է լինում, որ մի ամբողջ
գյուղի աչքի լույսի պես պահած հորթերն ու խոճկորները համատարած սատկում
են:
Նուբարաշենում գտնվող «Լանդրաս» տոհմային խոզաբուծական ընկերությունն, այս
առումով, բավականին օգտակար գործ է անում: Արհեստական բեղմնավորման
ճանապարհով «Լանդրասի» հոլանդական վեց վարազները խիստ արդյունավետ
բեղմնավորում են պատվիրատուի խոզերին: Սերմնանյութի մեկ չափաքանակն արժե
3500 դրամ՝ գումարած ճանապարհածախսը: Սա թեեւ վերը նշված տարբերակից թանկ
է, բայց, ինչպես հավաստիացնում են «Լանդրասի» աշխատակիցները, ավելի
որակյալ ծառայություն է՝ ոչ միայն այն առումով, որ մայր խոզն անպայման
հղիանում է, այլեւ այն, որ անհայտ ծագումով արուից չի հղիանում, այլ բարձր
մսատվության հոլանդական տեմպո եւ պետրին ցեղատեսակներից: Բացի այդ,
բացառվում է նաեւ հիվանդությունների փոխանցումն ու տարածումը, եւ
միանգամայն առողջ խոճկորներ են լույս աշխարհ գալիս: Որպես ապացույց՝
«Լանդրասի» արհեստական բեղմնավորման լաբորատորիայի վարիչ Տիգրան
Ավետիսյանը նշում է օրեցօր ավելացող պատվիրատուների քանակն ու ընդլայնվող
աշխարհագրությունը: «Լանդրասի» վարազներն այսօր արդեն բեղմնավորում են
Երեւանի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մայր խոզերին: Իսկ նրանց, ովքեր
մայր խոզ չունեն, «Լանդրասն» առաջարկում է երկու ամսական խոճկորներ.
1կգ-ն՝ 2000-2200 դրամ: Կրկին բարձրակարգ՝ տեմպո կամ պետրին հայրերից եւ
լանդրաս կամ ռուսական խոշոր, սպիտակ խոզամայրերից:

Ն.Ա.