Գրականությունն ու հակագրականությունը մեր կյանքում

27/02/2009 Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վերջերս թերթերից մեկում իմ կողմից խորապես հարգված գրող Հովհաննես Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ այսօր լայն տարածում ստացած սերիալների սցենարը գրելը պետք է լիներ գրողների գործը, սակայն զանգվածային լրատվության միջոցները, վարկաբեկելով Գրողների միությունը եւ գրողներին, այդպիսով չեզոքացրել են նրանց այս դաշտից, եւ այն զբաղեցրել են ոչ պրոֆեսիոնալները: Համաձայնվելով այն մտքի հետ, որ սցենար իսկապես պետք է գրեն գրողները, այնուամենայնիվ, չեմ կարող պատկերացնել, որ այդպիսի դավադրության հետեւանքով են մեր գրողներն անմասն մնացել սերիալների սցենարները գրելու գործից: Գրողների միության անդամների մեծամասնությունը իրեն համարում է, այսպես կոչված, լուրջ, բարձր գրականության ներկայացուցիչ: Ուստի այդ գրողների համար զուտ պատվից ցածր է` զբաղվել մասսայական գրականության ստեղծմամբ, ինչպիսին է նաեւ սերիալային գրականությունը, ուր մնաց թե` սերիալների համար սցենար գրել: «Բարձր» գրականության ընթերցողը, նույնիսկ այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, շատ փոքր շրջանակ է կազմում. խոսքը շուրջ 5000 տպաքանակի մասին է: Միեւնույն ժամանակ, այդ հինգ հազարի մեջ չմտնողների համար եւս ստեղծվում է գրականություն եւ այդ գրականությունը ավելի լավը կամ վատը չէ «բարձր» գրականությունից: Դա պարզապես այլ արտադրանք է այլ ընթերցողների համար: Ու շատ կարեւոր է, որ «բարձր» գրականության ներկայացուցիչներն ամբողջ աշխարհում չեն հավակնում միլիոնանոց տպաքանակների: Մեզանում լրիվ այլ պատկեր է: Գրողների մեծամասնությունը «բարձր» գրականություն ստեղծելու հավակնություններ է ցուցաբերում` միաժամանակ երազելով «զանգվածային» գրականության տպաքանակների մասին: Այդպես չի լինում: Եթե ուզում ես, որ քո գործերը կարդան բոլորը, բարի եղիր գրել բոլորի համար: Իզուր չի, որ երբ մի քանի տարի առաջ Հայաստան այցելեց Կոելյոն, հայ գրողների մի մասը քամահրանքով վերաբերվեցին նրան, իբր թե` ինչ մի գրականություն է նա ստեղծում, որ: Իհարկե, Կոելյոյի ստեղծածը այլ բան չէ, քան նույն «սերիալային» գրականությունը: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե դա կարդում են:

Գրողական «մեծամտության» պատճառով էլ մենք չունենք «զանգվածային» գրականություն: Եվ այդ բացն ամբողջությամբ ծածկում են սերիալները: Այնինչ սերիալներն առօրյայի ներկայացման ամենապարզունակ տարբերակն են: Ուստի հանրության նույնիսկ այն հատվածը, որը «բարձր» գրականության ընթերցող չի, սակայն սերիալային պարզամտություն էլ չունի, մնում է «անտեր»: Իհարկե, կա համարժեք գրականություն ռուսերեն լեզվով, սակայն՝ ա. ռուսական առօրյան տարբերվում է մեր իրականությունից եւ բ. ռուսաց լեզվի իմացությունը մեր հասարակությունում գնալով նվազում է: Ուստի տեղի է ունենում նաեւ սերիալ չդիտող հատվածի դեգրադացիա մինչեւ սերիալային մակարդակ: Իսկ սերիալները, պետք է ասել, որ պատվով են իրականացնում գրականության` հասարակության հայելին լինելու գործը: Սկզբում ցույց էին տալիս կենցաղը, այնուհետեւ այդ կենցաղ մուտք գործեց կրիմինալը: Դրանից հետո կրիմինալը ձեռք բերեց ինքնուրույն նշանակություն, դարձավ ինքնաբավ: Այժմ արդեն մենք տեսնում ենք կրիմինալի մուտքը հասարակական կազմակերպման ոլորտ, քաղաքականություն: Սա է մեր կյանքի սյուժեն ու պոտենցիալ գրականությունը: Այլ հարց է, որ այդպիսի գրականության բացակայությամբ առկա գրականությունը վերածվում է հակագրականության:

Հ.Գ. Աշխարհահռչակ «Լուվր» թանգարանում այս օրերին բացվել է կոմիքսների ցուցահանդես, քանի որ թանգարանի տնօրինությունը, վերլուծելով ժամանակակից զարգացումները, գտել է, որ կոմիքսներն արդի արվեստի լիարժեք մաս են, ուստի պետք է ներկայացված լինեն «Լուվրում»: