Մեր ժամանակներում թատրոն կամ կինո գնալիս հագուստի ձեւն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Տղամարդիկ հագնում են մուգ գույնի կոստյում, կանայք` տոնական զգեստ: Կանայք երկար երեկոյան զգեստ հագնում են այն դեպքում, եթե պետք է մասնակցեն հանրահայտ պրեմիերայի: Բնականաբար, մեզ ոչ ոք չի արգելի մտնել թատրոն ջինսե տաբատներով ու կաշվե բաճկոններով, պարզապես դա անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում է ոչ միայն դերասանների ու արտիստների, այլ` բոլոր ներկաների նկատմամբ: Նման վայր հաճախելիս ցանկալի չէ առատ օծանելիքի օգտագործումը, քանի որ օծանելիքի հոտը տարածվում է փակ տարածքում, որտեղ շատ մարդ կա, եւ կարող է տհաճ զգացողություններ առաջացնել մարդկանց մոտ` գլխացավ, սրտխառնոց: Թատրոն պետք է գալ ներկայացումը սկսելուց մի քիչ շուտ` արտաքին տեսքը կարգի բերելու համար: Երբեմն սխալմունք է տեղի ունենում, եւ հնարավոր է՝ 1 տեղի համար տոմս է վաճառվել 2 հոգու, պետք չէ աղմուկ-աղաղակ անել, այլ հանգիստ պետք է կարգավորել անհարթությունը:
Տղամարդը առաջինը պետք է մտնի կինոսրահ, այնուհետեւ նրան հետեւի կինը: Պետք է շարքերի արանքով անցնել դեմքով դեպի նստածները: Իսկ եթե ձեր տեղերը սրահի կենտրոնական մասում են, պետք չէ սպասել վերջին զանգին, այնուհետեւ տեղավորվել, դա կարելի է մի քիչ շուտ անել, որպեսզի անհանգստություն չպատճառեք նստածներին: Հակառակ դեպքում` կարելի է ներողություն խնդրել: Ներկայացման ժամանակ սրահում նկատելով ազատ տեղ, որն ավելի հարմար է, քան ձերը, մի շտապեք զբաղեցնել այն, քանի որ հնարավոր է՝ այդտեղ նստողն ուշանում է: Ընդմիջման ժամանակ կարելի է մտնել ճաշարան, բայց հետո չի կարելի սննդամթերքով մտնել սրահ: Ներկայացման ավարտից հետո կարիք չկա, որ ծափահարությունները ուղեկցվեն ինչ-որ սուլոցներով ու ռեպլիկներով (սովորաբար այդպես արվում է ԱՄՆ-ում): Սրտանց ու ամենաբարձր ծափահարություններն իսկական շնորհակալություն հայտնելու նշան են: Մի քանի գործողությունից բաղկացած սիմֆոնիաները կարիք չկա ընդհատել ծափահարություններով: