ՏԱՂ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
Դեպ Երուսաղեմ գնամ,
Դեպ այն աստվածաշեն քաղաքը,
Դեպ այն գեղեցկաշեն տաճարը,
Դեպ այն շուշանի նման Սիոնը:
Աննմանին ո՞վ նման.
Աննման:
Մի թռչնիկ էր պայծառ կեցած
Այն խաչաթեւի վրա,
Թեւերն արծաթածալ ուներ
Արեգակի շողի նման:
Աննմանին ո՞վ նման.
Աննման:
Ձայնիկն էր ողորմիկ ածում՝
Գաբրիելյան փողի նման,
Աչերն արտասուքով լցնում՝
Առավոտյան ցողի նման:
Աննմանին ո՞վ նման.
Աննման:
– Ա՜յ գեղեցկագեղ թռչնիկ,
Որ նստել ես այդ խաչաթեւիդ վրա,
Ձայնիկդ ինչո՞ւ ես ողորմիկ ածում՝
Գաբրիելյան փողի նման,
Ինչո՞ւ ես աչերդ արտասուքով լցնում՝
Առավոտյան ցողի նման:
Աննմանին ո՞վ նման:
Աննման:
Ա՜յ գեղեցկագեղ թռչնիկ,
Առ քեզ են հրավերներս ավետյաց,
Դու սեգ խաղ առած ցնծա:
Աննմանին ո՞վ նման.
Աննման:
ՏԱՂ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
(փոխ)
– Ես խաչ կանգնել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Ի խաչ ելնել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Հոգիս առ Հայր ավանդել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Գերեզման մտնել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Դժոխքն ավերել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Հոգիս ազատել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Երրորդ օրն հառնել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Երկինք համբառնալ եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Աջից Հոր նստել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Հոգիս առաքել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Դասերն սրբերի սփոփել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Մյուս անգամ ես գալ եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Մեղավորներին կշտամբել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Եվ զարդարանքները պսակել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Փառք փրկողին մեծ.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Որ մեզ ազատեց խաչով.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Սրանով է պահում անփորձանք.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Դասակից վերիններին արարող.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
ՏԱՂ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
(փոխ)
– Ես խաչ կանգնել եմ կամենում.
Աննման.
Խաչ ելնել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Գերեզման մտնել եմ կամենում.
Աննման.
Դժոխքն ավերել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Երրորդ օրն հառնել եմ կամենում.
Աննման.
Երկինք համբառնալ եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
– Հոր աջից նստել եմ կամենում.
Աննման.
Մյուս անգամ ես գալ եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նըման:
– Մեղավորներին կշտամբել եմ կամենում.
Աննման.
Եվ զարդարանքները պսակել եմ կամենում.
Աննմա՜ն:
– Աննման է,
Աննմանին ո՞վ նման:
ԳԱՆՁ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
Գանձ բաղձալի մեծ բարության՝ գտնված եւ ծածկված, լրություն անթերի, ամենքին կրող եւ համայնում: Քեզ՝ որ վերին երկինքը, քո անհուն խորանը, անմատչելի եթերը, հրանյութ զորությունների եւ քո միջեւ տարածվող անջրպետը չէր կարող տանել՝ սահմանված ցուցանվեցիր, խնամարկու գթության անքանակ պատկեր, փառաց Աթոռի վրա՝ բարձունքների անճառ թագավոր: Ահա ընդունիր խնկախառն աղերսանքը սուրբ Եկեղեցու այս նվիրական հարկի տակ, աղաչում ենք:
Խրախճանք պերճալի, կոչում ընտանի, ձայն ախորժելի, անպարագրելի, որ հովերի թեթեւ թեւերի վրա ամենավստահ կառավարությամբ տիրապես բազմած քեզ գահույք սարքեցիր, ելքի լրումի խորհրդավոր ավետիսի առակով, հարմարությամբ գործն ի կատար ածողդ, քո բնակության վայրը նկատելով, հավետ անջրպետված եւ միշտ մեր հոգիներում, մեկը՝ աթոռ եւ մյուսը՝ պատվանդան, բոլոր ազգերի լուսատարր վայր: Ահա՛ ընդունիրգ
Իմաստագործ անսխալաստեղծ, պատշաճակերտ արարիչ համայնի, որ հաճեցիր սկզբնաձեւն կառուցանել առաջակառույց այս հրաշազարդ հաստատության օրինակը: Նախ բնակարանը, ապա՝ բնակիչը, ձգեցիր երկինքը եւ այնտեղ՝ երկնայիններին, հաստատեցիր Եդեմը եւ հետո Ադամին, տապանի շինությունը եւ այնտեղ ապրողներին, նախկին տաղավարը եւ Աբրահամյան հյուրընկալությունը, օժտված կոթողը եւ Աստծո տունը, մեր վերելքի սանդուղքը եւ քո էջքի հետքը, ահարոնյան վրանը պաշտամունքի եւ գիրը Կտակարանի՝ ասունների դատիչ, բարձր Գարիզի ընտրող իմաստություն, մեծն Սողոմոնի տաճար լուսակիր, լեռ Տիրոջ եւ տուն Աստծո, հեռավոր ազգերի բարձրադիր նշան, աշխարհակոչ դու ձայնարկու փող, ըստ քո անհաս խորհուրդը տեսանողների: Ահա՛ ընդունիրգ
Գեղապաճույճ աշտարակ կանգուն, երկաթեղեն սյուն անկործանելի, եւ պղնձե պատվար ամուր, ոսկեձույլ աշտանակ լույսի, կղզի պարփակված ալիքներով ամուր՝ ըստ Եզեկիելի երկրորդ տեսիլքի: Նոր հրավերով Ծուրից եկած, ի խնդիր իմաստության Սաբայից փութացած գՔանանի օտարասերմ ազգերից, հոժարընթաց Բաբելոնից: Փեսայի սիրով խոցված ոգի, դուռ հյուսված մայրիների տախտակներով, բյուրեղյա քարեր՝ կարկեհաններով ընդելուզված, ոսկենկար ամրություններ՝ արծաթյա մարտկոցներով, աստվածաշեն քաղաք կենդանի հոգու ներգործությամբ խոսյալ Հիսուսի, սրբությամբ ամրացած պարարտ լեռ: Ահա՛ ընդունիրգ
Ուրախ եղիր դշխո հարս պանծալի՝ պսակավոր մեծ զարմանուհի, բազմազավակ կուսությամբ բերկրյալ: Որ ի սկզբանե այնտեղ գծագրվեցիր, եւ այստեղ նորի մեջ հանդերձվեցիր ոսկեփայլ չքնաղ գոյությամբ: Հագարի կոչման եղանակով աղախինը փոխվեց Սինայից Սաղիմ, եկավ ինքնին Հոր անդրանիկը, իբրեւ կցորդ Հակոբի լքված ազգին: Քեզ իբրեւ պաշտելի հիմեր հաստատեց գունդն առաքյալների, աստեղանիշ լուսավորությամբ՝ բոցաշունչ շուքով պաճուճված: Մաքուր արգանդի մեջ անախտ ծնունդներ երկնելով իբրեւ ժառանգներ Աստծո, որ հույսի ակնկալության հայտնի օրինակ է՝ խաղաղությունն իսկապես գտնելու: Ահա՛ ընդունիրգ
Րաբունը լույսի, հզոր թագավոր փեսան երկնավոր` անճառ խորհրդով խնջույքի հանդեսին պարակարգեց քեզ համար կանոններ անփոփոխելի: Բազմամասն ձեւերի օրինակ բոլոր էության նույն տեսությամբ, բյուրատեսակ կերպարանքներով կաթողիկեի շինության համար. զանազան տոհմերի հասակներ՝ հնազանդության նույն ժողովատեղում: Ծածկույթի տուն եւ տեղ եւ հարկ, տոթի դեմ պատսպարան եւ վեմ օգնական, մեր մարմնավոր գոյությանն հոգի պարգեւող, Աստծուն մարդկանց հետ ընտանեցնող, բազմակույտ ազգերի միացուցիչ, մեղապարտների քավության հույս, նախացուցակ համարձակյալների, կատարյալ անձերի խմբարան: Ահա՛ ընդունիրգ
Իմաստության Հոր բնակություն, յոթնաստեղյան սյուներով կառուցված, որի մեջ սուրբ սեղանի գահավորակի վրա, իբրեւ երկնավոր հաց ճաշակվելու համար, կամավոր զոհաբերությամբ պատարագվում է օրհնյալը, կենաց մանանան եւ երկնավոր գառնուկը, որ բառնում է մեղքերը ողջերի եւ ննջեցյալների: գՆույն ինքն ամենայն ինչ՝ ամենայնի մեջ, ավելի մեծ զոհ, քան Աբելինը, որ ցրվածներին է համախմբում անբռնադատ եկավորությամբ, քաղցր սիրով, կաթնամատույց ծոցի մեջ ձեռքերով է կանչում դեպի անմատույց ամրոցը, որ պատսպարանն է փախստականների. դեպի հոգեկիր վերնահարկ սրահը, ուր աշակերտներին հրաշազարդեց։ Որտեղ իշխանաբար կարգված են գահերը վերադիտողների՝ ըստ երիցության ի պատիվ քո օրվան՝ ուրախալի անբիծների խմբի անկյունակալ գլխավորները. հայրապետը մեր՝ եպիսկոպոսներով, քահանաներով եւ սարկավագներով, վարդապետները՝ դպիրներով եւ հոգեպայծառ վարժապետական շնորհով, մեր թագավորն՝ իր զավակներով, եւ նրանք, որ հպատակներն են իր՝ իշխաններ, պետեր եւ զինվորներ՝ հարազատ սիրով ամենքից օրհնված: Ահա հիշիր եւ ողորմիր հարստության հույսով ննջող հոգիներին, խնդրում ենք:
Եվ առավել եւս` հորդորումը սիրո:
Միավորել վերստին քեզնից մերժվածներին, քո մեջ բազմողի միջնորդությամբ, աղաչում ենք:
Գտնված ակն պատվական մարգարտի՝ անճառ ներգործությամբ այս ծովածուփ աշխարհի մեջ՝ Մարիամ սուրբ Աստվածածին, դուստր լույսի եւ մայր Սիոնի, հավատի անձեռագործ հիմի ճշմարիտ պատկեր՝ որին այս օրինակի անունով օծվելով կնքվեցիր հարսնացուն քեզնից մարմնացած միածին Որդու Աստծո, քեզ հետ բարեխոս ընդունիր, մեղապարտներիս հաշտության համար, անմահ կենաց շառավիղը՝ սրբերի կոչման Կարապետին եւ մարտիրոսների Պսակին՝ առաքյալներով եւ մարգարեներով, եւ այն, որ մեր Լուսավորիչն է՝ միանձնյա ճգնավորներով հանդերձ, այն առագաստի մեջ պսակվածների բազմությամբ՝ մեծ Աստծո երեւման ահավոր օրը: Եվ այժմ ողորմյա մեզ տեր Աստված՝ ըստ մեծ ողորմության քո:
ԳԱՆՁ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
Գանձ անքնին, ծածկված մեծություն զորեղ ահավոր, միշտ բարի եւ երեքսրբության անսահմանելի՝ օրհնանուն կենդանի, անճառ իսկություն՝ փակված զգալիներից, համագո անթարգմանելի, անհասանելի հեռավոր եւ անընդմիջելի մերձավոր, անմահ թագավոր: Ահա թող խնկվեն Քո առջեւ մաղթանքները մեր քո առաջ Ամենակալ, աղաչում ենք:
Մասնիկներից համայն գոյության, քառյակ կողմերից, ի մի եղելություն հաստատեցիր երկիրը. խորհուրդ կրկին, ձեռնարկ վերստին, ընդդիմակ միջոց երկու միջնորդների՝ եղծման եւ նորոգման. նմանություն կենաց փայտի: Ահա թող խնկվեն մաղթանքները մեր Քո առջեւ, Ամենակալ, աղաչում ենք:
Բարձունքներում անբավ եւ անհետազոտելի, գովեստով օրհնաբանված՝ ահեղ, անմատույց, հրեղեն դասերի ներբողական անլռելի նվագով եւ պանծալի երգով պսակված ամենակալ Աստված. երկնքի երկրակշիռ սահմանների վրա, չորս արփիակերպերի թեւերով. բազմաձեւ անպատում պատիվներ կարգեցիր Քեզ: Ադենական դրախտում հանցանքի տունկից՝ ձայնելով կանչեցիր օրհնության ծառին: Ահա թող խնկվեն Քո առջեւ մաղթանքները մեր, Ամենակալ, աղաչում ենք:
Գուշակ գարնան բարձրաթռիչ երկնքի օրինակով գթած կամքիդ համաձայն, Նոյան տապանիդ լաստին ամրացրու. պատկեր փրկության, կերպարան հրաշալի, ապաստան հույսի, վերնայինների մեջ գերազանց այս ժողովուրդը ուխտով միջնորդված խաչիդ թեւերով առ քեզ մոտեցրու: Ահա խնկում ենք մաղթանքները մեր Քո առջեւ, Ամենակալ, աղաչում ենք:
Ո՜վ գիր Աստծո մատնեմատով գրված կենսունակ տախտակ անխորտակելի եւ ավանդ նոր օրենքի սրբամասնության անեղծանելի. լրում կանխավ պատմված ըղձալի ավետիսի օրինակների, բյուր տարրերից սրանով հայտնվեցիր մեզ օգնության:
Տիպ պաշտելի եւ գրավական աշխարհի, շավիղ անհետազոտելի՝ արարչի արյամբ նկարված լուսափառապես: Ահա խնկում ենք դարձյալ խնդրվածքները մեր Քո առջեւ, Ամենակալ, աղաչում ենք:
Րաբունապետ եւ իմաստության պարգեւատու Տեր Հիսուս Քրիստոս, միակ ուսուցիչ անիմանալիի, որ հավիտյանս չի նկարագրվի. պատկեր Հոր անհաս՝ ի վեր քան խոսքը. այս նշանով ուղղիր, սրանով զորեղապես հաստատիր աշխարհի սյուները, պահիր ամրությամբ ըստ քո իրավունքի բանավոր ոչխարներիդ հովվապետին, եպիսկոպոսներին՝ քահանաներով եւ սարկավագներով, վարդապետներին՝ դպիրներով եւ եկեղեցու բովանդակ պաշտոնյաներով, մեր թագավորին՝ իր զավակներով, պետության հպատակ նահանգներով հանդերձ, սրտով երկյուղած դարձրու նրանց եւ պանծալի խաչովդ զորացրու: Ահա խնկում ենք մաղթանքները մեր Քո առջեւ, Ամենակալ, աղաչում ենք:
Առ քեզ ենք համբառնում ձեռքերս, սրտերս եւ հոգեկան զգայություններս. արձանացրու մեզ անշարժ պնդությամբ սուրբ խաչիդ թեւերի հովանու ներքո: Արքային հաղթող, դատավորին իրավարար, իշխաններին հանդարտ, զինվորներին պարկեշտ արա: Ձիավարժներին սանձ տուր, սոսկականներին՝ անբծություն, հետեւակներին՝ խրախույս, քաղաքացիներին՝ օրինասիրություն, նվիրատուներին՝ հաջողություն, ուխտավորներին՝ սփոփանք, ննջեցյալներին՝ հանգիստ, եւ ողջ ժողովրդին քո սրանով՝ ամրություն, պաշտպանություն, քավություն, առողջություն եւ ողորմություն, օրհնյալ հավիտյան: Ահա հիշիր եւ ողորմյա հարության հույսով ննջեցյալներին, խնդրում ենք:
Եվ առավել եւս սիրո հորդորում եւ բարի գործեր մեզ պարգեւել ենք խնդրում: Միացնել մարմինները մեր հոգեւոր ընտրության սիրո նույն շավղին, որ առ Տե՛ր է, խնդրում ենք:
Գոհաբանություն միշտ երկրպագողներիցս խաղաղարարի խնամքների համար, պաշտպանությամբ Փրկչի ծնողի եւ անպարագրելի մարմնարանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եւ միշտ Կույսի. աղերսով եւ աղաչանքով ջրով մկրտողի հոգին հրավիրողին՝ Հովհաննես Մեծ Կարապետին, պաղատանքով հոգու օծությամբ թագավորացած սրբազգեստ առաքյալներին, նահատակությամբ նախավկայի քո՝ սուրբ Ստեփանոսի, որ է անդրանիկ որդին երկրորդ Ադամի փրկագործ չարչարանքների, խնդրանքով եւ աղոթքով արի եւ երջանիկ նահատակված մարտիրոսների խոստովանողական դավանությամբ Սուրբ Գրիգորի՝ Հայաստանեայց Լուսավորչի եւ անմերձենալիները նվիրողի. Մշտապաշտոն բազկատարածությամբ մաքուր ճգնավորների եւ ամենայն ընտրյալների՝ քեզ հետ պսակվածների խաչակիր վարքով՝ մեծ օրվա մեջ: Եվ այժմ ողորմյա մեզ, Տե՛ր Աստված մեր, ըստ մեծ ողորմության քո:
ԳԱՆՁ ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ
Գանձ լույսի, փառակից Որդու անճառ զորություն, ահեղ մեծություն, անբավ բնություն, լույս լույսից, ոգի Բարձրյալի, պատկեր անփոփոխ, պարզ անզննելի, հոգիների հաստիչ, մարմինների հանդերձիչ, պաշտելի անուն, ճշմարիտ բարի, անեղանելի, Հոր էակից եւ Տե՛ր բոլորի: Ահա հաճությամբ ընդունիր Քեզ դավանողների երկրպագությունը. աղաչում ենք:
Վարդապետ մեր հասողության հանճարի, Աստծո անթարգմանելի խորությունների. սոսկ Դու ես իսկությամբ տեսակ առանձին, ոգի տիրական, կատարելության ուրույն կերպարան, որից գոյացան արարածներն ամենայն, ուստի իբր օրինակ նոր փրկության՝ աշխարհատարած անզարդության հին նսեմություն, գեղատխուր անպատրաստության նախկին խավարը՝ արարչատես ներգործությամբ, վայելուչ հրաշազարդությամբ, ջրերի վրա քո շրջմամբ, բխողիդ խոսքով փոխեցիր լույսի: Ընդունիր, ահա:
Փառատրող վերին զորքերից սրբաբանված՝ կազմիչդ ամենքի՝ օրենքների եւ մարգարեների կտակարանների ազդում եւ պատճառ, իմաստունների եւ քարոզողների գրքերի առաքիչ եւ Տե՛ր ահավոր շունչ եւ ձայն կենդանի, երկնքի հանդերձիչ եւ Նոյի օրերի տիեզերահեղձույց ծովի ցամաքիչ, սնոտիաժողով միաբանյալների առաջին ձայների շուրթերը բաժանող հրավեր նոր եւ պանծալի մի այլ բարբառի միակերպություն, Եգիպտակործան հողմ սաստիկ, եւ ամպ-վերարկու. Հակոբի տոհմին, նույնը ուժգին կամ հանդարտ Եղիայի ժամանակ. աստվածայնապես հրամայեցիր, որ քոյինաշունչ պատգամներն ու ապագայի գուշակությունները հրովարտակվեն պատմագրությամբ. որով ճանապարհը հաղթողի մահվան եւ Բելիարի վերջին օրերի՝ սրանով ծանուցեցիր: Ընդունիր, ահա:
Գովեստ քեզ անեղծ եւ Տեր անստեղծ, ամենիշխան եւ թագավոր երկնքի, ինքնակալ աջ զորեղության՝ մարդեղացած Աստծո օծում, Հորդանանում աղավնակերպ ցուցված, Հորը հավասարափառ եւ համաթիվ, հրամանատար Հիսուսի գործերին, եւ տնօրինականների գուշակություն, լուսավոր տեսքով հովանի արարչատես ահաբեկլայներին Թաբոր լեռան վրա, անցած դարերի նախնի՝ հայրերի ժամանակ այլազան հրաշքների երեւումով՝ ճշմարտության օրինակ, կանխագրվածների հայտնի նշանակ, սկզբնատիպ թագավորությունների կնիք, օծման յուղի մաքրություն՝ սահման եւ սկիզբ: Ընդունիր ահա:
Ով զարմանալի եւ սքանչելապայծառ աստվածահեղ բնություն անթերի, այնտեղից անհատնում եւ այստեղ աննվազ. բոցի երեսին բուրող՝ ճնշումով խառնված օրհնյալ խունկերով բարեբանված. հիանշմար մրրիկ ահարկու՝ հրաբաժան լեզուներով հանգչած ի պարծանս աշակերտների: Պենտեկոստեի լրման օրերին կենաց հրաճաշակ բաժակը մատռվակեցիր քո սիրելիներին, թերին իսկապես լցրեցիր, տարակույսը փարատեցիր, տգիտությունն իմաստնացրիր, բարի ավանդը կրկնեցիր, ըղձագին փափագը մարմնավորեցիր, քեզ սպառողներին ծանուցվեցիր, աղերսագին կարկառված ձեռքերին արագ հայտնվեցիր, հեծեծագին պաղատանքի ձայներին փութով ժամանեցիր, երկյուղով թաքնվածներին խնդությամբ տոգորելով տիեզերքով մեկ տարածեցիր, հավաստի վկա շնորհի լրումին Միածնի ավետավոր խոստման. ավազանի ջրին միացրիր շնորհիդ լույսը՝ երկնքի քաղցրավետ օդով, երկնքի անմահական կենաց ժառանգորդ գրեցիր: Ընդունիր ահա:
Բովանդակ աշխարհի մաքրություն եւ ազդարար խնամակալ, զորեղ բարեխոս եւ խաղաղարար, առ Քեզ ենք պաղատում անսկիզբ Աստված, շնչավորների ստեղծիչ, հոգի կերպավոր եւ անձ դիմավոր. Որդու մերձավոր, ամենայնի թագավոր. Հորը միավորյալ, որի անաչառ բաշխված շնորհներով են լցվում երկինքն ու երկիրը: Ընդունիր քո ընտրյալներին եւ զորացրու քո պատվերների կատարման մեջ, մեր վերադիտող քահանայապետը՝ քոյինակրոն սրբության պատվով, այցելուն եւ դատավորը, որ կցորդված է Քեզ, կրթիչ վարդապետները, որ Քեզ են դավանում, բազմամասնյա դասերի գումարը՝ հանուն Քեզ ենք ժողովված. մեր բարեպաշտ թագավորն իր զավակներով, զինվորներով ու զորապետերով, ձիավորներով եւ հետեւակներով, ռամիկներով եւ քաղաքացիներով, ուխտավորներով եւ նվիրատուներով, աղքատներով եւ ամենայն հասակի մարդկանցով, որ հովվում եւ բարձրացնում ես, ամենառատ լիապարգեւ Տեր, փրկության կարիքներով քեզ աղաչողներին: Ընդունիր ահա:
Ամենայն տեսնող աչք առ Քեզ է հառած, բարեգործ, փրկության հույսի ապավեն, կենաց առաջնորդ դեպ լույսը վերին. ողջերի հոգատար, մեռյալների հանգիստ, ամենավստահելի խնամող ուղեկից, բերկրության տեղ եւ ցնծության վայր, անպարագելի ամենակալ. վերանորոգելով դասակարգիր հանդիսապես՝ հավատիդ մեջ հանգչողներիդ, ո՛վ բարեբանյալ խնդությամբ օրհնվածդ բարձունքներում: Ահա հիշիր եւ ողորմյա հարության հույսով ննջողներին, խնդրում ենք:
Միաձուլիր մարմինները մեր հոգեւոր սիրո նույն շավղում առ Տերը, խնդրում ենք: Գերազանց կոչում եւ ձայն կենդանի, ահավոր մեծանուն հզոր, հոգի հեզության, գթության, մարդասիրության եւ ողորմության, բարեխոսությամբ անմահների մոր իսկուհի կույսի, Քո միջոցով Տիրամայր եւ Աստվածածին հանդերձվածին, աղերսարկու մաղթանքով կանանց ծնունդների մեջ մեծագույնին՝ մկրտող Կարապետին, եւ քո համագոյակից ձեռնադրողին, խնկանվեր հայցվածով երջանիկ առաքյալների եւ մարգարեների մարտիրոսական հանդեսով Սուրբ Ստեփանոսի եւ նրանով զորացած վկաների, մեծավաստակ առաքինությամբ քեզ դավանող Սուրբ Գրիգորի եւ մեր ամենքի Լուսավորչի, մաքրակրոն կրոնավորների աղաչանքով եւ քեզ Աստված խոստովանողների, որ վերջին մեծ օրը կհայտնվես նորոգելու քեզանից գոյացածներիս, միայն ողորմած: Եվ այժմ ողորմի մեզ Տեր Աստված մեր ըստ քո մեծ ողորմության:
ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ
Գանձ անապական, ծածկված մեծություն, ահավոր, անիմանալի խորհուրդ՝ երկրում հայտնված Սուրբ Աստվածածին, անհասանելի բանն Աստված բնավորաբար քո մեջ կրեցիր եւ ծնեցիր փրկչին աշխարհի, իբրեւ կաթնասուն գիրկդ վերցնելով Միածին Որդուն, որ երեւաց այսօր ի ցնծություն մարդկանց ազգին, ազատելով առաջին Ադամին անեծքից առաջին: Ուստի եւ լուծարելով նախամայր Եվայի կնիքը դատապարտության, ծնելով Որդուն միածին: Արդ, բարեխոսիր առ Քրիստոս Թագավորը՝ հասնել մեզ օգնության, աղաչում ենք:
Րաբուն ճշմարիտ, լույսի Թագավոր, անեղ եւ անսկիզբ, անբաժանելի զորություն, անքակ միություն, որ իսկապես անտանելի զորությամբ կրեցիր քո որովայնում, որ չբոցակիզեց հուրն աստվածության. մորենի անկիզելի, կրող մեղքերի, լուծարող հանցանքների, սուրբ Աստվածածին. այսօր այրին ընծայված եւ մոգերից երկրպագված, որոնք ընծաները մատուցեցին. աստվածության խորհրդի. հովիվներին հայտնված եւ խանձարուրով պատված, եւ երջանիկ հոգեւոր զորքերին երգակցելով հողեղեններս ասում ենք. «Փառք ի բարձունս» քեզանից ծնվածին, ամեն օրհնյալդ կանանց մեջ. արդ, բարեխոսիր առ Քրիստոս Թագավորը՝ մեզ օգնության հասնել, աղաչում ենք:
Անմարմին հրեշտակների վերին զորքերից երգաբանված, Գաբրիել հրեշտակապետն ավետեց.
– Ուրախ եղիր եւ բերկրի, Տերը քեզ հետ է, անհարսնացյալդ կանանց մեջ, Տերը քեզ հետ է, արդարության արեգակի ծագման արեւելքը եղար, ծագելով լույսն աստվածագիտության սրտերում լսողների սուրբ Երրորդության փառաբանիչների, որ ծնեցիր ուրախությունը տիեզերքի՝ Քրիստոս Աստծուն, ամենօրհնյալդ կանանց մեջ, արդ, բարեխոսիր առ Քրիստոս Թագավորը՝ մեզ օգնության հասնել, աղաչում ենք:
Գովված ակն պատվական, սո՜ւրբ Աստվածածին, որ որովայնում քո կրեցիր բանն Աստված, որ առաջ՝ քան հավիտյանս, մեր ունակ բնությամբ մարմին առար եւ չարչարվեցիր մեզ համար, խաչին համբերելով, դրվելով ի նոր գերեզման անապականաբար, երրորդ օրն հարություն առար արփիափայլ հրաշքով, զարդարեցիր նորածիններիս սուրբ ավազանով. արդ, բարեխոսի՛ր առ Քրիստոս Թագավորը՝ մեզ օգնության հասնել, աղաչում ենք:
Որ զարմանավոր եւ ահագին երեւալով, վերին զորքերից ծածկվելով, չբավելով անտանելի զորությանը, սրբասաց սերովբեներն ահասարսուռ դողում էին, եւ բազմաչյա քերովբեները թեւասքողված ծածկում էին երեսներն իրենց, չբավելով անչափ եւ անտանելի լույսին, ահից բռնված չէին համարձակվում նայել: Նա այսօր երկրում երեւաց կամքով Հոր, խոնարհությամբ կույսի արգանդում բնակվելով, ծնվեց անճառապես Աստված եւ մարդ կատարյալ, չբաժանվելով Երրորդության փառաց աթոռից, իսկապես անթերի լցնելով, որին անգիտակ էին զորքերը վերին, աստվածության խորհուրդը ծանուցեց մարդկանց անճառելի զորությամբ. արդ, բարեխոսի՛ր առ Քրիստոս Թագավորը՝ մեզ օգնության հասնել, աղաչում ենք:
Տիեզերքի խորհուրդ եւ աստվածության մաքրված տաճար, զի քեզնից հայտնվեց խորհուրդն անճառելի, խափանելով խավարը մեղաց դիվամոլ կռապաշտության, փառաբանելով ամենազոր սուրբ Երրորդությունդ, տաճար եւ առագաստ աստվածային Բանի, սուրբ Աստվածածին, դուստր հավատի եւ մայր լույսի, քեզանով ճանաչեցինք երրորդությունն անբաժանելի: Փրկչի երեւման օրն ահավոր օգնական եղիր քո հիշատակը տոնողներիս, ամենօրհնյալդ կանանց մեջ. արդ, բարեխոսի՛ր առ Քրիստոս Թագավորը՝ մեզ օգնության հասնել, աղաչում ենք:
Ի պարծանս կույսերի երեւալով, սուրբ Աստվածածին, լուծարելով առաջին Եվայի դատապարտությունը, ծնունդ տալով Որդուն միածին, որ կենդանություն եղավ արարածներին, քեզանից հայտնված բանն Աստված, որ առաջ էր քան լինելությունն աշխարհի. անդադար աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ հաստատություն շնորհի իր եկեղեցուն, պահելով միշտ անվրդով ամենաչար խաբեություններից թշնամու. հայրապետները մեր թող վերակացու լինեն աստվածային տեսչությամբ, քահանաներն ու սարկավագները պաշտոնավարեն սրբությամբ, թագավորները եւ իշխանները եւ նավորդները խաղաղությամբ հասնեն փրկության նավահանգիստ, աշխարհականներին՝ առողջություն եւ առհասարակ շենություն, մեզանից հրաժարյալներին՝ գթություն, ողորմություն եւ հանցանքների թողություն, ամենքի զորացնի իր աստվածային զորությամբ: Ահա հիշիր հոգիները ննջեցյալների եւ ողորմյա նրանց մեծ գալստյան օրը քո, Տեր, խնդրում ենք:
Ժողովել վերստին քեզանից մերժվածներին, մարմնացյալիդ միջնորդությամբ, քեզանից ենք խնդրում:
Գոհաբանություն միշտ մեզնից՝ մեզ փրկողիդ, կուսածին անմեղիդ եւ անմահ Աստծուդ, ընդունիր այժմ մեր աղաչանքը ամենօրհնյալ տիրուհուդ բարեխոսությամբ, հայցմամբ մեծ մարգարեի՝ քեզ ձեռնադրողի հոսանքներում Հորդանանի՝ Հովհաննես Կարապետի խնդրանքով, քարաձիգ նահատակությամբ սուրբ Ստեփանոսի՝ առաջին մարտիրոսի եւ Հոր աջ կողմում քեզ տեսնողի, արիաբար աշխատող սուրբ առաքյալների եւ մարգարեների, քեզ դավանող սուրբ Գրիգոր եւ մեր ամենքի Լուսավորչի, աղերսարկությամբ մարտիրոսների, որոնք հեղեցին արյունն իրենց իբրեւ անուշ հոտ քեզ ընդունողիդ՝ Տիրոջդ ամենակալ: Եվ այժմ ողորմյա մեզ, Տե՛ր Աստված մեր, ըստ մեծ ողորմության քո:
Գրաբարից աշխարհաբարի վերածեց Վառդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ