«Այն հանգամանքը, որ քաղաքական առաջնորդներն ազատազրկման մեջ են գտնվում իրենց քաղաքական գործունեության հետ կապված հանցագործությունների մեղադրանքով, մտահոգություն է հարուցում եւ արժանի է մեր ուշադրությանը»,- անցած շաբաթ Երեւան կատարած այցից հետո տված հարցազրույցում` անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստին, հայտարարել է Հարավային Կովկասում Եվամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա, ինչպես հարիր է եվրոպական պաշտոնյաներին, խուսափել է օգտագործել «քաղբանտարկյալ» արտահայտությունը` ասելով, թե՝ «չէի ցանկանա պիտակներ օգտագործել»: Այդուհանդերձ, Սեմնեբին Երեւանում այցելել է քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել է ՀՀ նախկին արտգործնախարար, 2008 թ. ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին: Եվ խոսելով այդ հանդիպման մասին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է. «Ակնհայտ է, որ դա արտակարգ իրադրություն է, երբ հարցը օրակարգում է մնում իրադարձություններից մեկ տարի անց` ոչ միայն ցավ եւ վախ պատճառելով, այլեւ նպաստելով հասարակության մեջ պառակտման շարունակմանը»: