Դեռեւս քննարկում են

25/02/2009

ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում երկու հիմնական թեկնածուի անուն է շոշափում` ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Այսօր ավելի շատ քննարկվում է գործող քաղաքապետի եւ նաեւ Գագիկ Բեգլարյանի հարցը: Իհարկե, քննարկման փուլերում այլ մարդիկ էլ կան, բայց հակվածությունը ավելի շատ այս երկուսի կողմն է»,- նշել է Սահակյանը` ավելացնելով, որ այդ հարցում որոշիչ է լինելու նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը: Ըստ Գալուստ Սահակյանի, ճիշտ է, որ քաղաքապետի ընտրություններին կուսակցությունները ոչ թե կոալիցիոն սկզբունքով, այլ առանձին ցուցակներով մասնակցեն: Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որը այդ հարցի շուրջ բանակցություններ է սկսել այլ ընդդիմադիր ուժերի հետ: Մեր տեղեկություններով, սակայն, մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում «Ժառանգությունը» որպես քաղաքապետի թեկնածու՝ ներկայացնելու է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը: