«Ժառանգությունը» վերջնականապես փոշմանեց

25/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Փետրվարի 21-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում միանգամից երկու որոշում է կայացվել: Առաջին` ոչ նպատակահարմար է համարվել Ազգային ժողովում կուսակցության խմբակցության 7 անդամների կողմից մանդատները վայր դնելը, եւ երկրորդ` որոշում է կայացվել` մասնակցել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին:

Մանդատները վայր դնելու հարցին «Ժառանգության» խորհուրդն իրեն իրավունք է վերապահել անդրադառնալ այն ժամանակ, երբ «մանդատների վայր դնելը վերջին հնարավորությունը լինի հասնելու Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատման եւ իրական բարեփոխումների իրագործման»: Միաժամանակ` «Ժառանգությունը» խորհրդի նիստում ընդունված փաստաթղթում ընդգծում է, թե 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում Հայաստանում առաջացած ներհասարակական ճգնաժամը մինչ օրս ոչ միայն հաղթահարված չէ, այլեւ էլ ավելի է խորացել: «Ներքաղաքական տագնապալի այս վիճակը եւ 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության լեգիտիմության պակասն էապես թուլացնում են նաեւ նրա մանդատը Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում, խոցելի դարձնում հայկական կողմի դիրքորոշումն ընդհանրապես` ստիպելով գնալ միակողմանի եւ չարդարացված զիջումների: Այս ամենին ավելանում է նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների բացասական ազդեցության օրեցօր ավելացումը Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, եւ դրա արդյունքում ուժգնանում է սոցիալական լարումը, որի դրսեւորումներին մենք արդեն ականատես ենք դառնում»,- ասված է «Ժառանգության» խորհրդի կայացրած որոշման մեջ, որտեղ նաեւ նշվում է. «Նման պայմաններում ավելի կարեւոր է դառնում երկրում օրինականության եւ արդարության հաստատման համար պայքարի համընդգրկուն եւ համալիր բնույթը, օրենսդիր մարմնում երկրի կարեւորագույն այս հարցերի շուրջ ընդդիմության դիրքորոշման պաշտպանությունը եւ տեսակետների արտահայտումը»: «Ժառանգությունը» կարեւորում է նաեւ «ընտրողների ձայները պաշտպանելու գործում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում ընդդիմության կողմից ներկայացված գոնե մեկ անդամի առկայության անհրաժեշտությունը»: «Ժառանգությունը» նաեւ արձանագրել է, որ 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունները եւ դրան հաջորդած ՏԻՄ ընտրությունները եւս մեկ անգամ փաստեցին գործող իշխանությունների կողմից օրինական եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի բացակայությունը: «Մենք նաեւ վրդովմունքով նշում ենք, որ երկրում շարունակում են մնալ տասնյակ քաղբանտարկյալներ, բացահայտված չեն մարտի 1-ի հանցագործությունները, սպանությունները, եւ որեւէ պատիժ չեն կրել դրանց պատասխանատուները: Մարտի 1-ի բացահայտմանն ու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ուղղված ԵԽ ԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ իշխանությունը չի կատարել, իսկ ընթացող քաղաքական դատավարությունները ցույց են տալիս, որ դատական համակարգը շարունակում է մնալ գործադիրի քաղաքական պատվերների սպասարկուի դերում»,- ասված է կուսակցության խորհրդի կայացրած որոշման մեջ: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, մանդատները վայր դնելու կողմնակիցները խորհրդի նիստում իրենց դիրքորոշումը հիմնավորել են նրանով, որ ԱԺ-ում 7 անդամ ունեցող խմբակցությունը չի կարող լիարժեք օրինաստեղծ քաղաքականությամբ զբաղվել իշխանամետ մեծամասնության պայմաններում: Ա. Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, բազմաթիվ օրինագծերի դեպքում իրենք հնարավորություն են ունեցել ազդելու այդ պրոցեսների վրա: