Երեւանցի տղան՝ Ամերիկայից

03/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գոռ Կիրակոսյանը սովորում է Art Centre of Designe ամերիկյան
համալսարանի վերջին կուրսում, նկարահանում է տեսահոլովակներ եւ ֆիլմեր:
Թեեւ երիտասարդ այս բեմադրիչն իր կյանքի մեծ մասն անցկացրել է
Ամերիկայում, բայց շարունակում է մնալ «սովորական երեւանցի տղա», գալիս է
Երեւան՝ «պարզապես հանգստանալու եւ աշխատելու»:

«Ես ինձ ամերիկացի չեմ համարում, նույնիսկ անգլերեն խոսում եմ հայկական
շեշտադրությամբ: Ամերիկայում իմ երեւանցի ընկերների հետ ապրում ենք
համարյա թե երեւանյան կյանքով: Շատ հայեր Ամերիկայից գալիս են ու էստեղ
իրենց ամերիկացու պես պահում, բայց եթե Գլենդելի կենտրոնով շրջես,
անպայման նրանցից գոնե մեկին սպորտային շալվար ու «չուստեր» հագած
կտեսնես»,- ասում է նա: Գոռն իր հայրիկի՝ «Արայի դանս շոու» պարային խմբի
հիմնադիր Կարո Կիրակոսյանի հետ Ամերիկայում ստեղծել է հեռուստատեսային
«Դեմք շոու» կատակերգական հեռուստածրագիրը, նկարահանել է Էլվինա
Մակարյանի, Նունե Եսայանի, Զարուհի Բաբայանի տեսահոլովակները: Եվ նկատել,
որ կա «դրսի եւ ներսի համար նկարահանած կլիպեր»: «Այստեղ մարդկանց
ուղեղները նորի հանդեպ բաց չեն: Քանի որ ես Ամերիկայում եմ ապրում եւ
սովորում, սկսել եմ այստեղ կատարվածին ուրիշ հայացքով նայել»,- ասում է
նա: «Այստեղի եւ այնտեղի» համար արված կլիպերը հստակ զատելով՝ նա
կարողանում է երկու լսարանին էլ բավարարել: Ունի աշխատելու մեծ
ցանկություն: Փոքրիկ Երեւանում, որտեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, նա
իրեն կաշկանդված չի զգում՝ իր եւ հայրիկի ծանոթների մեծ մասն այստեղ են:
Միակ բանը, որ չի հասկանում, շենքերի մեջ ապրելն է. «Զարմանում եմ, ինչպես
են էս մարդիկ ապրում՝ ամեն օր հարեւանների ձայները, վերանորոգման աղմուկը,
«ժավելի սպիրտ» կանչը լսելով: Երեւի սովորում եմ»:
Գոռի հայ-ամերիկյան հայացքը Երեւանում որսացել է նոր լիամետրաժ
գեղարվեստական ֆիլմի գաղափար: Առաջին՝ «Ես ատում եմ Ռոմեո եւ Ջուլիետին»
ֆիլմը կարճամետրաժ էր: Ֆիլմը մի ռեժիսորի պատմություն է, ով չուզելով է
նկարահանում «Ռոմեո եւ Ջուլիետը», քանի որ սիրո այդ անմար պատմությունը
նրան հիշեցնում է իր անձնական կյանքը: Այդ փոքրիկ ֆիլմը ֆիլմ է մեկ այլ
ֆիլմի մեջ, եւ Գոռի համար՝ էքսպերիմենտ: Նրան ավելի մոտ է
կատակերգությունը: «Մարդկանց հետ շփվելով, ես պատմություններ եմ հավաքում
եւ շատ եմ ուզում նկարահանել ֆիլմ այստեղի կյանքի մասին»,- ասում է նա:
Գոռն արդեն սկսել է երեւանյան նկարահանումները: «Հիմա ես գիտեմ, թե ինչպես
եմ ուզում պատկերել Երեւանը, մի քանի տարի առաջ ես իմ քաղաքը դեռ չէի
զգում, տեսնում էի այնպիսի բաներ, որոնք տեսնել չէի ուզում»,- ասում է նա:
«Մեծ պատմություն փոքր քաղաքում» կոչվող ֆիլմը տրագիկոմեդիա է լինելու,
որտեղ ծիծաղն ու արցունքները միահյուսված կլինեն: Ըստ սյուժեի՝ բազմանդամ
մի ընտանիք պատրաստվում է ընտանիքի հոր հուղարկավորությանը եւ, ծիսակարգի
համաձայն, մեծ թաղում կազմակերպում: Բոլոր ողբերգական աստիճաններն
անցնելով՝ հարազատները հանկարծ հայտնաբերում են, որ մահացածն իրենց հայրը
չէ: Եվ սկսում են ողջ Երեւանում փնտրել իրենց դիակը: «Սա երգիծանք է, ես
չեմ ուզում թույլ տալ, որ այս պատմությունը լուրջ ընկալվի»,- ասում է
Գոռը: Չցանկանալով բացել ֆիլմի բոլոր գաղտնիքները, Գոռը նշում է միայն, որ
ֆիլմի դերակատարները լինելու են Հրանտ Թոխատյանը եւ Վահագն Սիմոնյանը:
Հիմնական պատմությունն առաջ տանողները լինելու են երիտասարդները:
Ամերիկյան կինոյի կանոնները համալսարանում ուսումնասիրող Գոռը գիտի, որ
ամերիկյան ստանդարտներով սցենար գրելուց եւ նույն ստանդարտներով
նկարահանել սովորելուց հետո, նոր պետք է փորձել օրիգինալ մտահղացումներն
իրականացնել: «Այն մարդիկ, ովքեր ստանդարտները լավ իմանալուց հետո սկսում
են այդ ստանդարտները կոտրել, նրանք են առաջ գնում եւ կինոպատմության մեջ
հետք թողնում»,- ասում է նա: «Մեծ պատմության» սցենարը Գոռն օրիգինալ է
համարում, իսկ Ամերիկայում մոնտաժելուց հետո նա պատրաստվում է ֆիլմը
ցուցադրել մեծ էկրանին: «Եթե իմ ուզածով լինի, կփորձեմ կինոփառատոներ
ներկայացնել»,- ասում է նա: Եվ հետո ավելացնում. «Երբ Հոլիվուդ հրավիրեն,
պետք է լավ ֆիլմ ունենամ ներկայանալու համար»: