«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը կրկին հիշեցնում է, որ իր գույքի աճուրդը կայացել է օրենքի կոպիտ խախտումներով: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը։ Ընկերությունը լուրջ կասկածներ ունի նաեւ հարկադիր կատարողների կողմից վերոհիշյալ պայմանների պահպանման կապակցությամբ: Այդ իսկ պատճառով Ընկերությունը 20.02. 2009թ. պաշտոնապես դիմել է ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները` հանձնման-ընդունման ակտով: Առ այսօր որեւէ պատասխան Ընկերությունը չի ստացել եւ Ընկերությունը համոզված է, որ բավականին երկար ժամանակ ԴԱՀԿ ծառայությունը ձգելու է այդ փաստաթղթերի տրամադրումը: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողն իր կողմից ընդունված որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձեւով ուղարկվում է պահանջատիրոջը եւ պարտապանին: Ի խախտումն այս նորմի հարկադիր կատարողը որոշումներն ուղարկում է ուշացումով: Օրինակ, 2008թ. նոյեմբերին ընդունված հարկադիր կատարողների խումբ ձեւավորելու մասին որոշումը հանձնվել է Ընկերությանը միայն 2009թ. փետրվարին, ընդ որում` դիմելուց հետո: Այս գործելակերպը հիմք է տալիս կարծելու, որ կամ հարկադիր կատարողը չի տիրապետում իր գործունեությունը կարգավորող օրենքի պահանջին, կամ համապատասխան որոշումները եւ փաստաթղթերը վարույթում է տեղադրում հետագայում` հետին ամսաթվով, կամ էլ լինելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ուղղակի հսկողության ներքո, յուրաքանչյուր նույնիսկ աննշան գործողություն կատարելուց առաջ թույլտվություն է հայցում: Ակնկալում ենք, որ ԴԱՀԿ ծառայությունն այս հայտարարությանը հրապարակավ ծանոթանալուց հետո, կշտապի փարատելու մեր կասկածները, տրամադրելով կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները (ներառյալ` աճուրդի կազմակերպման հետ կապված նախավճարի, հիմնական վճարի եւ պայմանագրի պատճենները):
«ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ
գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյան