«Դա վախի եւ հնարավորության զուգակցում էր»

25/02/2009

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նախորդ շաբաթ այցելել էր Երեւան եւ մի շարք հանդիպումներ էր ունեցել ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո նա բացառիկ հարցազրույց է տվել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին` հատուկ «168 Ժամի» համար:

– Դուք Հայաստան եք այցելել երկար ընդմիջումից հետո, հատկապես, եթե հիշենք Ձեր հաճախակի այցերը Երեւան 2008թ. ետընտրական ժամանակահատվածում: Ի՞նչ հիմնական տպավորություններ ունեք:

– Հիմնական տպավորությունն այն դերն է, որը տնտեսական ճգնաժամը խաղում է հայ հասարակության քաղաքական հատվածի մտածողության մեջ: Տնտեսական ճգնաժամի ռիսկերը պարունակում են սոցիալական գործոններ, որոնք, իրենց հերթին, կարող են փոխադրվել քաղաքական դաշտ: Այդ ամենը, ցավոք, տեղի է ունենում քաղաքական բեւեռացման լույսի ներքո, որը Հայաստանում շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո: Հավանաբար, ամենախնդրահարույցը հենց այն է, որ հայ հասարակությունը այդպես էլ համաձայնության չի եկել այդ բարդ իրադարձություններից հետո: Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ հարաբերություններին, ապա մենք ականատես ենք դարձել պարադոքսալ զարգացումների այն իմաստով, որ Վրաստանում տեղի ունեցած պատերազմն ամրապնդեց կապը Հարավային Կովկասի երկրների ու ԵՄ-ի միջեւ: Այդ պատերազմից հետո ԵՄ-ում շատերի համար ակնհայտ դարձավ, որ Կովկասի անվտանգության հարցերն ուղղակի ազդեցություն ունեն ԵՄ-ի վրա, եւ Եվրոպական Միությունն այլ այլընտրանք չունի, քան տարածաշրջանի երկրների հետ ավելի հստակ հարաբերություններ հաստատելը` ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու եղանակով: Դա հիմք է հանդիսանում ԵՄ Արեւելյան Գործընկերության նախաձեռնության համար, որում ներգրավված են լինելու Հարավային Կովկասի երկրները, Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսը: Ուրախ եմ, որ Հայաստանը խանդավառությամբ ընդունեց այդ գաղափարը: Եղել են այլ դրական զարգացումներ եւս: Օրինակ, մենք նկատում ենք որոշակի ջերմացում թուրք-հայկական հարաբերություններում. պատերազմն այդ երկու երկրներին ցույց տվեց աշխարհագրական ներուժն օգտագործելուց հրաժարվելու ռիսկերն ու բացասական գործոնները: Այն փաստը, որ տարածաշրջանում դեռեւս փակ սահմաններ կան, իսկ հաղորդակցման կարեւոր միջանցքները չեն օգտագործվում, ռիսկեր է պարունակում ողջ տարածաշրջանի համար:

– Այսօր Հայաստանում բացակայում է երկխոսությունն իշխանությունների ու ընդդիմության միջեւ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն առաջադրում է իր պայմանները: Իշխանությունները կարծում են, որ ընդդիմությունը նախ պետք է ճանաչի 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ վերջինս պնդում է, որպեսզի ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ իրավիճակն այս փակուղուց դուրս բերելու համար:

– Այցիս ընթացքում կողմերի մոտ նկատեցի հակամարտությունն ու շփման բացակայությունը շուտափույթ կերպով հաղթահարելու անհրաժեշտության գիտակցությունը: Դա ունի մի քանի պատճառներ, որոնցից առաջինն, իհարկե, ժամանակն է: Մյուս պատճառը մարտահրավերներն են, որոնց Հայաստանը դիմակայել է նախորդ տարվա ընթացքում: Իշխանություններն ու ընդդիմությունը հասկանում են երկիրն ու բնակչությանը Վրաստանի պատերազմի, ինչպես նաեւ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներից ու արձագանքներից հնարավորինս զերծ պահելու անհրաժեշտությունը: Ստեղծված իրադրությունը հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել հասարակության որքան հնարավոր է լայն զանգվածներ:

– Դուք հանդիպել եք ազատազրկման մեջ գտնվող Ալեքսանդր Արզումանյանին: Այդ փաստը վկայո՞ւմ է այն մասին, որ Դուք նրան համարում եք քաղբանտարկյալ, ինչպես պնդում է ընդդիմությունը:

– Չէի ցանկանա պիտակներ օգտագործել, սակայն այն հանգամանքը, որ քաղաքական առաջնորդներն ազատազրկման մեջ են գտնվում իրենց քաղաքական գործունեության հետ կապված հանցագործությունների մեղադրանքով, մտահոգություն է հարուցում եւ արժանի է մեր ուշադրությանը: Ակնհայտ է, որ դա արտակարգ իրադրություն է, երբ հարցը օրակարգում է մնում իրադարձություններից մեկ տարի անց` ոչ միայն ցավ եւ վախ պատճառելով, այլեւ նպաստելով հասարակության մեջ պառակտման շարունակմանը:

– Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Ձեր հանդիպմանը նա ասել էր, որ Հայաստանը հույս ունի աջակցություն ստանալ ԵՄ-ից` համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման համար: Հնարավո՞ր է, որ մշակվեն օգնության նոր ծրագրեր, թե՞ խոսքը հիմնականում առկա ծրագրերը վերաշեշտադրելու մասին է:

– Կարծում եմ` երկու տարրերն էլ կարող են լինել: Օրինակ, ԵՄ-ի հետ կապված ֆինանսական ինստիտուտները, ինչպիսին է Եվրոպական ներդրումային բանկը, կարող են ֆինանսավորել կարեւոր նախագծեր: Խոսքը կարող է գնալ նաեւ գոյություն ունեցող ծրագրերը վերաշեշտադրելու մասին:

– Վերջին 6-7 ամիսների ընթացքում մենք հետեւում ենք հայ-թուրքական երկխոսությանը: Ի՞նչ եք կարծում` այն կարո՞ղ է այս տարվա ընթացքում հանգեցնել կոնկրետ արդյունքների` դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը:

– Երկու կողմերն էլ զգուշավոր են իրենց սպասելիքներում, եւ ես դա իմաստուն եմ համարում` այդչափ զգայուն բանակցություններում: Այնուամենայնիվ, ես ոգեւորված եմ տեսածովս ու լսածովս: 2008թ. սեպտեմբերի 6-ին ես Երեւանում ներկա էի մի պատմական իրադարձության, որը տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման շրջանակներում: Ես ոգեշնչված էի մեծ սպասումի այն մթնոլորտով, որն այդ ժամանակ զգացի: Կարծում եմ` դա ոգեշնչման աղբյուր էր նաեւ երկու երկրների առաջնորդների համար:

– Անվտանգության հարցերով Մյունհենյան կոնֆերանսի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանն ասաց, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Դուք համաձա՞յն եք նրա հետ:

– Կովկասում առկա են մի քանի հակամարտություններ, որոնք հսկայական բացասական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգության ու բարեկեցության վրա: Դա նշանակում է, որ Թուրքիայի ու Հայաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, կամ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը հսկայական դրական ազդեցություն կունենա: Տվյալ դեպքում խոսքը համատեղ շահերից օգտվելու մասին է` չնայած որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքների առկայությանը:

– Ձեր կարծիքով` ի՞նչը նպաստեց երկխոսության մեկնարկին: Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների քաղաքական խիզախությունն ու կա՞մքը, Վրաստանի պատերա՞զմը, թե՞ այլ գործոններ: Հարց է ծագում. եթե դա այսքան հեշտ էր, ինչո՞ւ ավելի վաղ չէր արվում:

– Կարծում եմ, այս դեպքում խոսքը վախի եւ հնարավորությունների զուգակցման մասին է: Վախը ծնվեց Վրաստանի պատերազմի ուղղակի ազդեցության ներքո, ինչպես եւ այդ պատերազմի արդյունքում առաջացան հնարավորություններ:

– Անցյալ տարի Երեւանում ԵՄ խորհրդատվական առաքելություն հիմնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ի՞նչ փուլում է գտնվում այդ գործընթացը, ե՞րբ է առաքելությունը սկսելու աշխատանքը, եւ ո՞ր ուղղություններն են նրա համար առաջնահերթ լինելու:

– Այդ առաքելությունը իրենից նախեւառաջ ռեսուրս է ներկայացնում. խորհրդատուները պարտադիր կատարելի հրահանգներ չեն տալու: Նրանք գտնվելու են ՀՀ իշխանությունների տնօրինության ներքո եւ աջակցելու են այն հարցերում, որոնք իշխանությունները կարեւոր կհամարեն: Առաքելության մեջ ներգրավվելու են տարբեր ոլորտներում մեծ փորձ ունեցող մարդիկ, եւ չափազանց օգտակար կլինի, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն օգտագործել այն հենց այնպես, ինչպես մենք ենթադրում ենք: Կարծում ենք` դա կնպաստի Հայաստանի եւ նրա պետական տարբեր կառույցների մտածելակերպի` եվրոպական փորձին մերձենալուն եւ այդպիսով ՀՀ եւ ԵՄ միջեւ ավելի սերտ կապեր հաստատելուն: Առաքելությունը Հայաստանում սկսելու է աշխատել առաջիկա ամիսների ընթացքում:

– Ներկայումս շատ է խոսվում ԵՄ Արեւելյան Գործընկերության մասին: Չե՞ք կարծում, որ այդ նախաձեռնության մեջ ներգրավված երկրների, մասնավորապես` Հայաստանի սպասումները մի փոքր չափազանցված են, եւ հետագայում դա կարող է հիասթափության պատճառ դառնալ:

– Դա կարեւոր քայլ է. այն Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) կատարելագործված տարբերակն է: ԵՄ-ն եւ իր գործընկերները դեռեւս ամբողջությամբ չեն օգտվել ԵՀՔ հնարավորություններից, եւ այդ հեռանկարն իր մեջ շատ նոր տարրեր պարունակող դրական քայլ է: Արեւելյան Գործընկերությունը ենթադրում է ԵՄ-ի հետ շատ ավելի ամուր երկկողմ շփումների հաստատում եւ տարածաշրջանային փոխգործակցության հեռանկար: Երկկողմ շփումները նախատեսում են ավելի ամուր քաղաքական պարտավորություններ` խոսքը ազատ առեւտրի, տեղաշարժման ազատության ուժեղացման եւ տարբեր ուղղություններով ավելի առաջադեմ համագործակցության մասին է: Տարածաշրջանային բաղադրիչը բաղկացած է լինելու համագործակցության հարթակներից մի քանի բնագավառներում, որոնք կոչված են լինելու համապատասխանել հարեւան երկրների համատեղ շահերին: Իհարկե, պահպանվելու է տարբերակվածության բարձր աստիճանը` կախված կոնկրետ երկրների ցանկությունից ու հնարավորություններից: