ՀՀ քաղծառայության համակարգում այս տարի կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է կեղծված դիպլոմով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մեկ դեպք: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ քաղաքացիական ծառայությունից: Դեպքի հետ կապված բոլոր փաստերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվությունը տրամադրվել են ՀՀ Դատախազությանը: Մինչ այդ Քաղաքացիական ծառայության խորհուրդը միջնորդություն է ներկայացրել տվյալ քաղաքացիական ծառայողին աշխատանքից ազատելու համար: Իսկ 2008-ին կատարած ուսումնասիրությունների արդյունքում քաղծառայության համակարգում հայտնաբերվել է ստաժի եւ դիպլոմների կեղծման 7 դեպք, որոնց հետ կապված նյութերը նույնպես ներկայացվել են Դատախազություն: Այս տարվա ընթացքում խորհուրդը դեռ պլանային ուսումնասիրություններ չի իրականացրել: Մեկ ուսումնասիրություն է կատարվել խորհրդի նախագահի հանձնարարությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում: Նշված կառույցում աշխատող մեկ քաղծառայող դիմում էր ներկայացրել Քաղծառայության խորհուրդ եւ նախագահի աշխատակազմ` բողոքելով որոշակի գործընթացներից: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկայացված բողոքն անհիմն է: