Ինչո՞ւ է փակվել Day.az-ը

25/02/2009

Փետրվարի 18-ից դադարել է գործել ադրբեջանական Day.az էլեկտրոնային թերթը: Day.az-ի էլեկտրոնային հասցեում տեղադրված ժամանակավոր էջում գրված է, որ կայքը փակված է տեխնիկական պատճառներով եւ գործունեությունը կվերսկսի փետրվարի 25-ին: Սակայն բազմաթիվ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում նրան, որ այն կվերաբացվի, կամ, որ վերադառնալու դեպքում կպահպանի իր լրատվական քաղաքականությունը: Այդ կարծիքին է նաեւ «Ազատություն» ռ/կ Ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը: «Ադրբեջանական Day.az ինտերնետային կայքի փակումը ազատ խոսքի եւ լրատվության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքի դրսեւորումը կարող է լինել, եթե պատճառը զուտ տեխնիկական չէ»,- «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությանը ասել է Քենան Ալիեւը, ուշադրություն հրավիրելով նաեւ այն փաստի վրա, որ կայքը գործունեությունը դադարեցրեց երկրում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի օրը` փետրվարի 18-ին:

Մարտի 18-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեով նախատեսվում է վերացնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում 2 ժամկետից ավելի անընդմեջ ընտրվելու օրենսդրական արգելքը:

«Բազմաթիվ փորձագետներ են հիմնական պատճառը համարում առաջիկա հանրաքվեն: Հաշվի առնելով,որ Day.az-ի տերերը մոտ են իշխանական շրջանակներին, դժվար է միանշանակ պնդել, որ կայքը փակվել է հենց այդ պատճառով: Բայց նկատենք նաեւ, որ վերջին շրջանում Day.az-ը անկողմնակալ լրատվություն ապահովում էր, եւ կայքում աշխատող լրագրողները անկախ դիրքորոշմամբ հանդես գալիս էին: Թեեւ էջի ղեկավարները վկայակոչում են զուտ տեխնիկական պատճառներ, բայց շրջանառվում են տարբեր վարկածներ»,- նշել է Ալիեւը: Մյուս հնարավոր պատճառը նա համարել է ռուս հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ հարցազրույցի հրապարակումը: Day.az-ին տված հարցազրույցում Բերեզովսկին սուր քննադատության էր ենթարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով` «կոռուպցիոներ»: «Բերեզովսկին հայտարարել էր, թե Պուտինը 40 միլիարդ դոլարի հասնող գումարներ ունի, թե Պուտինն է կանգնած Կովկասում տեղի ունեցող հակամարտությունների հետեւում,- նշել է Ք. Ալիեւը` հավելելով,- Բայց կայքի ղեկավարները հերքում են, որ դա կարող էր լրատվամիջոցի փակման պատճառը լինել, առանց նշելու, թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը»:

Բորիս Բերեզովսկին այդ հարցազրույցում չէր բացառել նաեւ ՌԴ-ի մասնակցությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիլ Ռզաեւի սպանությանը` փետրվարի 11-ին: «Ազատություն» ռ/կ Ադրբեջանական ծառայության ղեկավարը հավանական չի համարել հնարավոր պատճառների շարքում մատնանշվող այն վարկածը, թե Day.az-ը կարող էր փակվել Ադրբեջանի տնտեսական վիճակի վատացման մասին նյութի հրապարակման պատճառով: Ալիեւի կարծիքով, պարզապես զուգադիպել է, որ դա է եղել կայքի վերջին նյութը, նշելով, որ երկրի տնտեսության վիճակը վերջին շրջանում բազմաթիվ լրատվամիջոցներ են քննադատում:

«Եթե դա այդպես լինի, ուրեմն կհիմնավորվի կայքը տեխնիկական պատճառներով փակելու վարկածը: Բայց եթե ընթերցողները նկատեն տեղեկատվության որակի տարբերություն, ուրեմն կայքը փակվել է ճնշման տակ եւ ճնշման տակ էլ պետք է աշխատի երկար ժամանակ: Ադրբեջանում կա նման փորձ. երբ երկու տարի առաջ փակվեց ANS հեռուստաընկերությունը, վերաբացվելուց հետո թեմատիկան եւ աշխատանքը լրիվ փոխված էր»,- հայտարարել է Քենան Ալիեւը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից Ադրբեջանում եթերազրկված են «Ազատություն» ռ/կ-ն, «Ամերիկայի ձայնը» եւ BBC-ի ադրբեջանական ծառայությունը: