Ժամանակին, երբ բոլորը խոսում էին ճգնաժամի ծանր հետեւանքների մասին՝ իշխանությունները ամեն կերպ համոզում էին, որ ողբերգություն տեղի չի ունենա։ Ավելին՝ խորհուրդ էին տալիս դրա մասին չխոսել։ Սակայն այն ժամանակ էլ բոլորի համար պարզ էր, որ կգա մի օր, երբ ամենաշատը հենց իրենք կսկսեն խոսել այդ մասին՝ տնտեսության տխուր պատկերը արդարացնելու նպատակով։ Այդպես էլ եղավ։
Օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 20-ին նիստ է գումարել, որի մասին պատմող հաղորդագրության մեջ ասվում է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները ներկայումս գնահատվում են որպես ավելի լայնամասշտաբ եւ խորը, ինչն արտահայտվում է միջազգային կառույցների կողմից համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների նվազման ուղղությամբ ճշգրտումներով»։ Ինչ վերաբերում է արդեն իսկ առկա դժվարություններին, ապա թե՛ ԿԲ-ն, թե՛ ՀՀ կառավարությունը կարծես սկսել են իրերը կոչել իրենց անուններով։ «Համաշխարհային պահանջարկի կտրուկ նվազումը բացասաբար է ազդել հատկապես տնտեսության արտահանելի հատվածի վրա, ընդ որում, բացի «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբից, մնացած հիմնական ապրանքախմբերի գծով արտահանման էական նվազում է արձանագրվել»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցած տնտեսական համաժողովում խոստովանել է, որ կրճատվել է արտահանումը, մեծ մասամբ սառեցվել է մասնավոր շինարարությունը, ավելացել է գործազրկությունը եւ վատացել քաղաքացիների սոցիալական վիճակը: Տնտեսության անկումն արդեն իսկ այնքան նկատելի է, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում մեղմել պատկերը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, 2009թ. հունվար ամսվա ՀՆԱ-ն 2008-ի հունվարի համեմատ նվազել է 0.7%-ով։ Այսինքն, հունվարի համար մենք ունենք ոչ թե տնտեսական աճ, այլ անկում։ Համեմատության համար նշենք, որ 2008 թ. հունվարի ՀՆԱ-ն 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 9.9%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 21.2%-ով։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 1000 հոգով։ Ծառայությունների ոլորտը 2008-ի հունվարին արձանագրած 7.4%-անոց աճի դիմաց այս տարի գրանցել է ընդամենը 1.4%-անոց աճ։ Ամենատխուր թվերը, սակայն, վերաբերում են արտաքին առեւտրաշրջանառությանը. ծավալները նվազել են 24.5%-ով։ Ընդ որում, նվազել են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալները։ 2008թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ներմուծումը նվազել է 20.2%-ով՝ կազմելով 220.1 միլիոն դրամ։ Իսկ արտահանումը նվազել է գրեթե կրկնակի՝ 43.9%-ով, կազմելով 34.2 միլիոն դոլար։
Բնականաբար, չի կարելի անտեսել նաեւ շինարարության ոլորտը, որը, ինչպես փետրվարի 18-ին շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Տ. Սարգսյանը, եղել է վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ տնտեսական աճի կարեւորագույն շարժիչներից մեկը։ Շինարարության ծավալները 2008թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.4%-ով։ Թվում է` վատ ցուցանիշ չէ, սակայն, երբ համեմատում ենք 2008-ի նույն ցուցանիշի հետ՝ 79.7%, պարզ է դառնում, որ այս տարի տնտեսական աճի ցուցանիշների առումով իրոք խնդիրներ ենք ունենալու։ Սա, ըստ երեւույթին, մտահոգում է կառավարությանը, ու թերեւս «կարեւորագույն շարժիչը» վերանորոգելու նպատակով է պայմանավորված վարչապետի հանդիպումը կառուցապատողների հետ։ Շինարարության ոլորտին անդրադարձել է նաեւ ԿԲ-ն՝ նշելով. «Շինարարության ճյուղում արտաքին զարգացումների բացասական ազդեցությունը պայմանավորվել է ինչպես անորոշության էական ավելացմամբ, այնպես էլ մասնավոր տրանսֆերտների աճի տեմպի նվազմամբ»։ Այս ամենի տողատակում ի հայտ է գալիս մի իրողություն. 10 տարի շարունակ «վագրաձեւ» աճ արձանագրած Հայաստանի տնտեսությունը կախված է դրսից եկող փողերից՝ մասնավոր տրանսֆերտներից։ Վարչապետն էլ Ծաղկաձորում ասել է. «Գաղտնիք չէ, որ մեր տնտեսական համակարգի յուրահատկություններից մեկը այն է, որ մեծ կշիռ ունի մասնավոր տրանսֆերտների ծավալը, եւ մեր գնահատականներով` մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի տեմպը կնվազի, եւ, բնականաբար, այդ ֆոնի վրա ավելի է վատթարանում քրեածին իրավիճակը, եւ բարձրանում են կոռուպցիոն ռիսկերը»։ Ավելացնենք նաեւ, որ Ծաղկաձորում անցկացված տնտեսական համաժողովը ստացել է «Հայկական Դավոս» հավակնոտ անվանումը։ Եվ եթե իսկական Դավոսը դատարկ խոսակցություններից այն կողմ չանցավ, ապա «Հայկական Դավոսը», վարչապետի հավաստմամբ, մեծ օգուտ է տալու. այն փորձելու է «բացահայտել այն հարաբերական առավելությունները, որոնք մենք այսօր ունենք` ինչով կարող է Հայաստանը լինել գրավչական, որպեսզի նրանք իրենց ներդրումները բերեն Հայաստան, իրենց բիզնեսները տեղափոխեն Հայաստան»: Թե ինչ հարաբերական առավելություններ Հայաստանն այսօր ունի, որոնք չունեն, օրինակ, մեր հարեւանները, դժվար է ասել։ Համենայն դեպս, համաժողովում, որպես ներքին դրական գործոն, նշվել է մասնավորապես Հայաստանի կայուն բանկային համակարգը։ Մինչդեռ նույն կառուցապատողները, պաշտոնական հաղորդագրության համաձայն, դժգոհել են վարկավորման վիճակից։ ԿԲ խորհուրդն էլ արձանագրել է, որ «ներկայումս ձեւավորված տոկոսադրույքները շարունակում են գրավիչ մնալ կապիտալի ներհոսքի առումով»: Շարունակում են գրավիչ մնալ, բայց կապիտալի ներհոսք, արի ու տես, տեղի չի ունենում։ Փոխարենը՝ իշխանությունները հույս ունեն, որ տեղի կունենա մարդկանց ներհոսք։ «Եվ ընդհանուր առմամբ` համաշխարհային ճգնաժամը ժամանակ է, որպեսզի մարդիկ հիշեն իրենց հայրենիքի մասին եւ վերադառնան հայրենիք»,- ասել է Տ. Սարգսյանը: Թե այս ամեն ինչի հետ ինչ կապ ունի «հայրենիքի մասին» հիշողությունը, գիտի, թերեւս, միայն «հայկական աշխարհի» մասնագետ Տ. Սարգսյանը, որը, վստահաբար, շատ լավ գիտի նաեւ այն, որ փողը հայրենիք չունի, եւ հայրենասիրական զեղումներով հնարավոր չէ ներդրումներ ներգրավել: Պարզապես, տարբեր համահայկական երեւույթներից՝ հիմնադրամ, բանկ թե մեկ այլ բան, մեր երկրում ամենակենսունակը համահայկական պոպուլիզմն է։