Վերջին ժամանակներում ստացվեց այնպես, որ թատրոններում առաջին պլանում հայտնվեցին տնօրենները։ Այդպես է պարտադրում օրենքը, քանի որ թատրոնները պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են եւ ենթարկվում են անմիջական ղեկավարի՝ տնօրենին։ Այժմ գեղարվեստական ղեկավարին ընտրում ու նշանակում է հենց տնօրենը։
Իրավաբանական տեսակետից անթերի այդ դրույթը, սակայն, ժամանակակից Հայաստանում երբեք չի կիրառվել։ Պատճառը նրանում է, որ տնօրենը թատրոնի թույլ օղակն է, եւ դեռ չկան նախադեպեր, երբ տնօրենները թատրոնի ղեկն իրապես են իրենց ձեռքը վերցնում՝ թատրոնի գլխավոր ֆիգուր դառնալով, խաղացանկային քաղաքականություն հաստատելով, տարբեր բեմադրություններ անելու համար ռեժիսորներ ու դերասաններ հրավիրելով ու նրանց «արտադրանքը» գովազդելով։ Տնօրենն այն մարդն է, ով, ի տարբերություն գեղղեկի, պատրաստ է «ստվերում» մնալ, բայց որակյալ ու պահանջարկ ունեցող «արտադրանք» տալ ու, ի վերջո, ցանկանում է իր թատրոնը մրցունակ դարձնել։ Հայաստանյան փորձը վկայում է, որ այդ դերը չի կարող կատարել գեղարվեստական ղեկավարը, քանի որ նա (դա հին ու արմատավորված ավանդույթ է) ուզում է ինքը բեմադրել եւ շատ հաճախ «սայթաքում» է, քանի որ ինքն իրեն սկսում է շատ լուրջ վերաբերվել ու կորցնում է բեմի «հոտառությունը»։ Տասնյակ տարիներ շարունակ մեր թատրոններում բեմադրել են հիմնականում գեղարվեստական ղեկավարները (կամ էլ, լավագույն դեպքում, նրանց զավակները)։
Եվ հենց գեղղեկի միանձնյա ղեկավարությունը փոքր-ինչ սահմանափակելու համար էլ տնօրեններին լայն լիազորություններ են տրվել, որոնք մինչ օրս ոչ մի թատրոնում գործնականորեն չեն օգտագործվել։ Լիազորությունները միայն տեսական դաշտում են, քանի որ տնօրեն-մենեջերներ մենք այդպես էլ չունեցանք։ Թատրոնների տնօրենները հիմնականում զբաղվում են տնտեսական հարցերով (վերանորոգում է, դահլիճները վարձակալության է տալիս) եւ երբեք սեփական գեղարվեստական գաղափարով հանդես չեն գալիս։
Տնօրենի ու գեղղեկի հարաբերությունները երկսայրի սուր են հիշեցնում։ Եվ մեկն է վատ, եւ մյուսը։ Կամ էլ երկուսը միասին են վատ։ Լավը մեկն է, բայց՝ ո՞րը։
Մշակույթի նախարարությունը բոլորովին նոր բանաձեւ առաջարկեց, այն մեկ տարի առաջ միջամտեց թատրոնների ընթացքին ու ժամանակավորապես «սառեցրեց» գեղղեկի պաշտոնը։ Դրա արդյունքում մի թիզ անգամ չբարձրացավ տնօրենի դերակատարությունը, փոխարենը գեղարվեստական խորհուրդներ ստեղծվեցին (իսկ խորհուրդներ կամ հանձնաժողովներ ձեւավորելը նախարարության ամենաուժեղ կողմն է)։ Երկու ակադեմիական թատրոններում՝ Սունդուկյանի անվան ու Օպերայի եւ բալետի թատրոնում գործում են խորհուրդներ, որոնց կազմում, թատրոնների անդամներից բացի, նախարարության ներկայացուցիչներ ու քննադատներ կան։ Խորհուրդը խորհուրդներ է տալիս, իսկ թատրոնի տնօրենը դրանց «ականջ է դնում» կամ՝ չի դնում, խորհուրդներին հետեւելը նրա հայեցողությանն է թողնված։ Ահա այս մոդելով էլ պիտի փորձեն «վերակենդանանալ» մեր ակադեմիական թատրոնները։ Սա նույնպես տեսություն է, որն իրողություն կդառնա տնօրենի ձեռքում որպես ձեռնարկ հայտնվելուց հետո միայն։
Թատրոնի տնօրեններն ընդհանրապես ոչ նախանձելի դերում են գտնվում։ Թվում է, որ նրանց որոշումներ կայացնելու ազատություն է տրված, բայց իրականում նրանք երկու ժամանակային ֆորմացիաներում են ապրում, խորհրդային մոդելը ստիպում է բերանը բաց սպասել պետական ֆինանսավորմանն ու Մշակույթի նախարարության բարեհաճությանը, իսկ մյուս կողմից՝ նրանք ընդունում են, որ պետք է համարձակվեն ու վերջիվերջո մրցունակ ու որակյալ ներկայացումներ թողարկելու մասին մտածեն։ Օպերայի ու բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն այդ իրավիճակը «երկակի» է անվանում։ Իսկ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի կարծիքով՝ հիմա աշխատանքներ են ընթանում, բայց փոփոխությունները դժվար են ընկալվում։ Ս.Դավթյանն ասում է. «Տնօրենը կյանքի է կոչում խորհրդի որոշումները»։ Թեեւ՝ չի բացառում, որ կարող է եւ «կյանքի չկոչել»։ Ստացվում է, որ գեղղեկ-տնօրեն չհստակեցված հարաբերությունները նույնությամբ գեղխորհուրդ-տնօրեն հարաբերությունների հարթակ են տեղափոխվել։ Մասնագիտությամբ իրավաբան Ս.Դավթյանը գիտե, որ ինքը «դե յուրե» կարող է, ասենք, գեղարվեստական ղեկավար նշանակել, բայց ասում է, որ երբեք չի դիմի այդ քայլին։ Եթե տնօրենը ինքնակամ որոշում կայացնի, հենց իրեն կհեռացնեն պաշտոնից, քանի որ տնօրեն նշանակում ու հեռացնում է Մշակույթի նախարարությունը։ Այդպես եղավ Կամերային երաժշտական թատրոնում, երբ տնօրենը հեռացրեց գեղղեկին, իսկ հետո հեռացրեցին հենց տնօրենին։
«Դե ֆակտո» թատրոնների համար ավելի հեշտ ճանապարհ է նախանշվել, նրանց որոշակի շրջանակների մեջ են դրել եւ խորհուրդներ տալով՝ այսուհետ հուշելու են թատրոնի հետագա քաղաքականությունը։ Միգուցե Սունդուկյանի անվան թատրոնի դեպքում դա արդարացված մոտեցում է, քանի որ թատրոնը վաղուց արդեն անղեկ ու հնամաշ է։ Ամեն դեպքում, խորհրդի արդյունավետության մասին պետք է վկայեն նոր բեմադրությունները։ Այս տարի դրանց սպասելու ենք առավել մեծ ուշադրությամբ, չէ՞ որ պրոֆեսիոնալ խորհուրդ կա, որն ըստ տնօրենի՝ «շատ գեղեցիկ վիճաբանություններ» է ունենում, իսկ խորհրդի որոշումներն ընդունվում են «բաց քվեարկությամբ»։ Այսպիսով բաց ու թափանցիկ աշխատող Սունդուկյանի անվան թատրոնում այս տարի հետեւյալ պրեմիերաներն են լինելու. Արմեն Էլբակյանը կբեմադրի «Մուսա լեռան 40 օրը», Վահան Բադալյանը՝ «Մակբեթի լեգենդը», Վիգեն Չալդրանյանը՝ Մաքս Ֆիշի պիեսը։
Նախատեսվում են նաեւ Բրեխտի ու Գորկու պիեսների բեմադրությունները։ Այդ շարքն ընտրել է ամսական առնվազն 2 անգամ հավաքվող գեղխորհուրդը, որը ստեղծվել է Մշակույթի նախարարության պատվերով ու փոխնախարարի անմիջական մասնակցությամբ։
Ժամանակակից դրամատուրգիան մեր օրերում «կաղում» է, այդ պատճառով էլ հայ հեղինակները Մայր թատրոնում այս տարի չեն բեմադրվի։ Ս.Դավթյանն ասում է, որ իրենք «ժամանակակից պիես փնտրում են, բայց չեն գտնում»։ Իսկ հանդիսատեսին թատրոն բերելու գործում Սունդուկյանի անվան թատրոնը վաղուց արդեն առաջատար է, այն գտել է դահլիճը լցնելու ուղիները։ Մարզերին, բուհերին, դպրոցներին կամ տարբեր հիմնարկներին պարտադրվում է թատրոնի տոմսեր գնել, իսկ հետո հանդիսատեսին ավտոբուսներով թատրոն են բերում ու ավտոբուսներով թատրոնից տուն են վերադարձնում։ Այդ մոդելի կիրառման արդյունքն այն է լինում, որ մարդիկ Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացումները դիտելով, այլեւս չեն ուզում ընդհանրապես թատրոն հաճախել։ Ըստ տնօրենի՝ այս տարի վիճակագրությունը փաստում է, որ հանդիսատեսի հաճախելիությունը 90% է եղել։ «2007թ. հաճախելիությունն ավելի բարձր է եղել՝ 97%»,- ասաց նա։ Շատ կարեւոր է, որ վիճակագրական թվերը ինքնախաբեության պատճառ չդառնան, քանի որ մարդը հանդիսատես է դառնում այն ժամանակ, երբ սիրահոժար է տոմս գնում, իսկ երբ նրան պարտադրում են դա անել, նա ընդամենը մարդաքանակ ապահովող «զոհ» է համարվում, այլ ոչ թե՝ հանդիսատես։ Ս.Դավթյանը, բարեբախտաբար, խոստովանում է, որ իրենց 90%-ով լցված դահլիճներում թատերասեր հանդիսատես չկա։ Նախկին գեղղեկ Վահե Շահվերդյանն, օրինակ, ճիշտ հակառակն էր պնդում։ Եվ այդ եղած հանդիսատեսի շնորհիվ էլ թատրոնի դրամարկղն անցյալ տարի համալրվել է 50 մլն դրամով։ Ըստ տնօրենի՝ անհամեմատ ավելի քիչ են (15 մլն դրամ) դահլիճն ու թատրոնի տարածքը վարձակալության հանձնելուց ստացված ֆինանսական հոսքերը։ «Եթե ուզենք, ամիսը 25 օր դահլիճը վարձով կտանք, բայց մենք դա չենք անում, քանի որ հասկանում ենք, որ թատրոնը դաստիարակչական դեր ունի»,- ասում է նա։ Թույլ տանք մեզ փոքր շտկում անել, դաստիարակել՝ չի նշանակում՝ ձանձրացնել։ Եվ այս առումով ավելի ազնիվ են շոու-ներկայացումների պրոդյուսերները, որոնք գովազդում են ներկայացումն ու հանդիսատեսին ինքնակամ տոմս գնելու են դրդում։ Իսկ պետական թատրոնները երաշխիքներ են ուզում, ուզում են տոմսերի իրացումն իրականացնել առանց ավելորդ գլխացավանքի, ուզում են, որ իրենց փոխարեն պետական խորհուրդները որոշումներ կայացնեն ու փող հատկացնեն՝ ըստ կանոնակարգի՝ մոռանալով, որ թատրոնում երաշխիքներ ընդհանրապես լինել չեն կարող։ Եվ հենց դրանում է թատրոնի արդիական ու գեղեցիկ դերը։ Եթե նոր գաղափարներ, թարմ նյարդեր ու հավակնոտ ռիսկեր թատրոն մուտք չեն գործում, թատրոնի ներկայացումները «մահացած» են ծնվում։ Պետք է հասկանալ՝ ինչի՞ մասին եւ ո՞ր լեզվով պետք է խոսել հանդիսատեսի հետ։
Հանդիսատեսին դաստիարակել հաստատ հարկավոր չէ, նրա հետ պետք է խոսել ու մտածելու առիթներ տալ։ Իսկ համաշխարհային թատերական փորձը ցույց է տալիս, որ թատրոններն իրենց կիզակետին են հասնում միայն այն ժամանակ, երբ ղեկավար են ունենում։ Ղեկավարը չի կարող բազմագլուխ լինել, այն միշտ մեկն է լինում, այնպես, ինչպես նավը մեկ նավապետ է ունենում։ Արվեստում, մանավանդ՝ թատրոնում, ամեն ինչ անհատն է որոշում։ Ներկայացումը մեկ հեղինակ է ունենում, որը համախմբում է բեմն իր պատկերացումների համաձայն, եւ ինքն է շեշտադրումներ անում։ Սունդուկյանի անվան թատրոնն այժմ հրավիրել է լավագույն հայ թատերական ռեժիսորների, որոնք պետք է կարողանան հավասարակշռել իրենց գաղափարները, թատերախմբի հնարավորությունները ու չմոռանան, որ կա գեղխորհուրդ, որը տալու է իր խորհուրդ-պարտադրանքները։ Սրի սայրերը շատացել են, եւ բոլորն ուղղահայաց (դեպի վերին մշակութային գերատեսչություն) են ձգվում։ Իսկ թատերասեր հանդիսատեսին մնում է հուսալ, որ Սունդուկյանի թատրոնի խաղացանկում եղած 24 բեմադրությունները նույնպես կվերահսկվեն պետության կողմից հաստատված գեղխորհրդի կողմից, ինչպես նաեւ՝ կդադարեցվի տոմսերի ստիպողական վաճառքը, իսկ «մահացած» ներկայացումները ճիշտ ժամանակին «հողին կհանձնվեն», որպեսզի թատրոնի ընդհանուր փտումը կանխվի։ Կուռ մշակութային քաղաքականությունը հենց այդպես է սկսվում։ Չի կարելի մեռած զավակին տանը պահելով՝ նոր երեխայի ծննդին սպասել։