Եվս 350 մլն եվրո

25/02/2009

Բրյուսելում անցկացվող Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հույս է հայտնել, որ մարտի 19-20-ին տեղի ունենալիք վեհաժողովում Եվրամիության անդամ երկրները կաջակցեն նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված Արեւելյան գործընկերության ծրագրին, որին նախատեսվում է մինչեւ 600 միլիոն եվրո հատկացնել: Վալդները հայտարարել է, որ ծրագիրը ավելի կարեւորվել է ռուս-վրացական օգոստոսյան հակամարտության եւ գազի մատակարարման շուրջ հունվարին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցած հակասությունների համատեքստում: Ուստի Եվրահանձնաժողովը նախատեսում է նախապես հայտարարված 250 միլիոն եվրոյից բացի՝ եւս 350 միլիոն եվրո հատկացնել Արեւելյան գործընկերության ծրագրին, որի նպատակն է՝ կայունություն եւ տնտեսական աճ ապահովել Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում: