«Հարկային ու մաքսային օրենսդրությունը, ընդհանուր առմամբ, ես կգնահատեի դրական, իսկ հարկային վարչարարությունը` ոչ: Հաճախ անհասկանալի է, եւ շատ դժվար է օտարերկրյա ներդրողներին բացատրել, թե ինչու է հարկային որեւէ վարչարարություն կիրառվում մեկ ուրիշի փոխարեն, կամ ինչու այս կամ այն օրենքը տվյալ դեպքում չի կիրառվում»,- երեկ հայտարարեց «Սինոպսիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մուսայելյանը: Վերջերս կառավարությունը շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգեց 3 տարով: Սա, ըստ նրա, նախորդ կարգի համեմատ, իհարկե, առաջընթաց է: «Բայց, կարծում եմ, թերի է այս օրենքը, որովհետեւ գլոբալ առումով մենք սպասում ենք, որ այն ընկերությունները, որոնք սեփական կարիքների համար սարքավորումներ, հոսքային գծեր են ներմուծում, ընդհանրապես պետք է ազատված լինեն ԱԱՀ-ից»,- ասաց Հ. Մուսայելյանը: Խոսելով ինտերնետի որակի եւ գների մասին` Հ. Մուսայելյանն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը նշեցին, որ Հայաստանն այս առումով դեռեւս շատ վատ վիճակում է գտնվում: «Ունենք գնի իջեցում եւ որակի բարձրացում, բայց դեռ շատ հետ ենք միջազգային չափանիշներից: Ասենք, եթե նախկինում ինտերնետը ՀՀ-ում 200 անգամ էր թանկ միջազգային գներից, այժմ մոտ 120 անգամ է թանկ: Սակայն որակը կոնկրետ մեզ համար ավելի կարեւոր է: Անորակության պատճառով վտանգվում են լուրջ պրոյեկտներ»,- նշեց Հ. Մուսայելյանը: Բ. Ենգիբարյանն էլ շեշտեց, որ ինտերնետի հետ կապված խնդիրներն ունեն ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: «Սուբյեկտիվն այն է, որ ունենք ճիշտ կառավարման հետ կապված խնդիրներ, իսկ օբյեկտիվը կապված է տարածաշրջանում մեր դիրքի հետ, այսինքն` Հայաստան մտնող կապուղիների թիվը սահմանափակ է»,- ասաց Բ. Ենգիբարյանը: