Այս տարի Երեւան քաղաքի բոլոր դպրոցների, մանկապարտեզների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական հաստատությունների շենքերի առջեւ եւ Երեւան մուտք գործող հիմնական 3 մայրուղիներում կտեղադրվեն Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը: Նա նշել է, որ 3 մայրուղիների վրա դրոշները կտեղադրվեն 30 մետր բարձրության վրա, իսկ մյուս տեղերում՝ մոտ 15-20 մետր: Ըստ Ֆ. Բասենցյանի, այս տարի շարունակվելու են իրականացվել փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման, որոշ փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Շարունակվելու են նաեւ փողոցներում արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքները: Նա հայտնել է, որ այսօր շինարարական աշխատանքներ են ընթանում Արշակունյաց պողոտայում. կառուցվում է պողոտան բաժանող միջնապատ: Պողոտայի երկու շարժման ուղղությունները բաժանող միջնապատը կունենա 4 կմ երկարություն եւ կձգվի մինչեւ Աշխատանքի հրապարակ: Ֆ. Բասենցյանը տեղեկացրել է, որ միջնապատի կառուցման համար պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ: Ըստ վարչության պետի, այժմ հիմնանորոգվում է Գարեգին Նժդեհ փողոցի կամուրջը, որի աշխատանքներն իրականացնելու համար տրամադրվել է 1 մլրդ 800 մլն դրամ: Փետրվարի 25-ից կդադարեցվի երթեւեկությունը այդ կամրջի վրայով, եւ կկազմակերպվեն շինարարության երկհերթ աշխատանքներ: Կամրջի բացումը տեղի կունենա հոկտեմբերին: Ֆ. Բասենցյանը նշել է, որ այս տարի նաեւ նախատեսվում է վերակառուցման աշխատանքներ իրականացնել Դավիթ Բեկ փողոցում, որի համար տրամադրվել է 1 մլրդ 935 մլն դրամ: Ֆ. Բասենցյանն ասել է, որ այս տարի իրականացվելու են նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության շենք տանող Նոր Նորք համայնքի Բագրեւանդ փողոցի վերակառուցման, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի եւ Աշտարակի խճուղու վերակառուցման աշխատանքները: Նախատեսվում է նաեւ Նորք-Մարաշ համայնքի անտառների համար կառուցել 7 կմ երկարությամբ ինքնահոս ջրագիծ: Այս տարի նախատեսվում է իրականացնել նաեւ Երեւանի 3-րդ կարգի 5 բազմաբնակարանային վթարային շենքերի վերականգնման եւ ամրացման աշխատանքներ: Այդ շենքերը գտնվում են Աջափնյակ եւ Էրեբունի համայնքներում: Ըստ Ֆ. Բասենցյանի, այս տարի 4-րդ աստիճանի վթարային մեկ հանրակացարանի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու նպատակով նախատեսվում է կառուցել մեկ շենք: