72-ամյա Օֆելյա տատիկը զարմանալի հոգու տեր մարդ է: Անծանոթ մարդուն այնպիսի հյուրընկալությամբ է դիմավորում, որ նույնիսկ որեւէ բանով օգտակար լինելու պատրաստակամությունից` շփոթվում է: Մենությունից մարդկային կարոտ է դարձել. ուզում է խոսել, շփվել, հյուրասիրել: Զարմանում է, որ Երեւանից լրագրող է եկել ու հետաքրքրվում է, թե ինչպե՞ս են գյուղի թոշակառուներն ապրում: Օֆելյա տատը հաշմանդամ որդու` Հակոբի հետ ապրում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում: Ասում է` «Շատ դժվարությամբ ենք ապրում: Կյանքը բարդացել ա, աղջիկ ջան, ապրում ենք ուղղակի ողջ մնալու համար: Ոչ մի հետաքրքրություն…»: Օֆելյա տատն ու Հակոբն իրենց գոյությունը հաղթահարում են թոշակով: 52-ամյա այս տղամարդը մտավոր հետամնացություն ունի եւ 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 9600 դրամ թոշակ, իսկ Օֆելյա տատի թոշակը 28.000 դրամ է: Չնայած սոցիալական ծանր պայմաններին՝ Օֆելյա տատը պահարաններից հանում է հյուրերի համար «պահած» քաղցրավենիքն ու ստիպում անպայման հյուրասիրվել: 72-ամյա ծեր կինը առօրյա կենցաղային, հողամասի աշխատանքներն ինքնուրույն է «գլուխ բերում», դրա համար էլ երկու տարի առաջ ընկել, ոտքը կոտրել է: Մեկ անգամ վիրահատել են, սակայն պարտադիր երկրորդ վիրահատությունն է պետք: Կաղալով մի կերպ իրեն քարշ է տալիս մի սենյակից մյուսը: Ասում է` «Էնքան պարտք արեցի բուժման համար, որ մինչեւ հիմա թոշակիցս տնտեսում եմ, որ պարտքս մարեմ: Հիմա չեմ կարա նորից վիրահատության գնամ, մեծ գումարներ են պետք: Բայց սենց էլ չեմ կարա մնամ, ոտքիս մեջ շշեր են դրել, պիտի վիրահատեն, որ հանեն»: Բժշկական հետազոտությունից պարզվել է, որ ողնաշարը ծռվել, կորացել է, ինչի համար նույնպես վիրահատություն է պետք: Բժիշկները հորդորել են վիրահատությունը Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող հիվանդանոցում կատարել, սակայն Ողջաբերդից կոտրված ոտքով Երեւան հասնելն Օֆելյա տատի համար մահվան հավասար բան է: Ասում է` «Է՜հ, աղջիկ ջան, հոգսերն էնքան շատ են, որ մարդ իրա առողջության մասին մտածելու ժամանակ չունի: Ես ծեր կին եմ, էսօր կամ, վաղը չկամ: Շարքից դուրս եմ եկել… 2-րդ կարգի կոտրվածքի համար հաշմանդամության կարգ էլ չտվեցին»: Հարցնում եմ` «Գյուղում կյանքը ո՞նց է»: Պատասխանում է` «Ո՞նց պիտի լինի… տխուր: Անասուն չունեմ, կաթ, մածուն չեմ ստանում: Մի կերպ յոլա ենք գնում: Հացն առնում ենք, սեփական ոչ մի բան չունենք: Էլ առաջվանը չեմ, որ էս տարիքիս անասուն պահեմ, հող մշակեմ, հացն իմ ձեռքով թխեմ»: Կարոտով հիշում է անցյալը. «Ես 15 տարի մեր անտառտնտեսությունում եմ աշխատել, 20 տարի գործարաններում եմ աշխատել, փոստում ցրիչ եմ աշխատել, իսկ հիմա անաշխատունակ եմ, ոչ ոքի պետք չեմ: Մեր պետությանն անաշխատունակ, ծեր մարդը պետք չի»: Օֆելյա տատն անկեղծանում է` ասելով, որ թեեւ կոմունիստների օրոք աշխատող մարդը շատ փող էր աշխատում, այդուհանդերձ` «Փողը կար, բայց խանութներից բան առնելը պրոբլեմ էր, իսկ հիմա խանութներում ամեն ինչ թափած ա, բայց փող չկա: Կյանքը շատ տխուր ա, ինչների՞ս վրա ուրախանանք, բալա ջան»: Օֆելյա տատի եւ Հակոբի ուրախությունը հեռուստացույցն է, որով փորձում են լցնել իրենց դատարկ օրը: Ողջաբերդ գյուղում մտավոր հետամնացություն ունեցող Հակոբին շատերն են ճանաչում: Ասում են` Հակոբը «լավ ուղեղ» ունի, աշխարհագրության գիտակ է: Մայրն ասում է, որ Հակոբը զարմացնելու աստիճան գիտելիքներ ունի, սակայն անաշխատունակ է, պարզ հարցերում խնամքի կարիք է զգում: Հակոբի միակ խնամակալը հաշմանդամ, ծեր մայրն է, ով աննկարագրելի ցավերի մեջ կարողանում է, այնուամենայնիվ, որդուն օգնել, տնային աշխատանքները անել եւ ուժ գտնել օրվա դատարկությունն ու մենակությունը հաղթահարելու համար: Թեեւ Օֆելյա տատը 72 տարեկան, ոտքից կախ, ողնաշարի վնասվածքով կին է, բայց նրա տունը շշմելու աստիճան կոկիկ, մաքուր ու հարդարված է:
Ինձ հրաժեշտ տալիս Օֆելյա տատը շնորհակալությունների տարափ է տեղում. «Աղջիկ ջան, շուտ-շուտ արի, մեկ-մեկ մեզ հիշի, կարոտ ենք մարդու: Թե չէ` մեզ ընտրությունից ընտրություն են հիշում»: