Կենդանի երգելու հրաման է ստացվել

25/02/2009

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք Մշակույթի նախարարությունից հրահանգ են ստացել՝ թույլ չտալ դահլիճում «պլյուսային» ֆոնոգրամայի տակ երգել։ Այդ մասին հայտարարվել է բեմեր ունեցող բոլոր պետական ձեռնարկություններին։ «Այդ որոշումը մեր սրտով է»,- ասաց Ռ.Սիրունյանը, ով հաճախ է առնչվում փոփ-աստղերի ու նրանց կատարած «անկենդան», սկզբից մինչեւ վերջ ձայնագրված երգերի հետ, քանի որ շատ երգիչներ նախընտրում են իրենց «պլյուսային» համերգները կատարել հենց Ֆիլհարմոնիկի դահլիճում։ Այդ դահլիճը շատ հարմար է ու գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, այդ պատճառով էլ հաճախ է վարձակալվում։ Տնօրենը փաստեց, որ անցյալ տարվա ընթացքում փոփ-երաժշտության շնորհիվ իրենք 140.000 ամերիկյան դոլար են վաստակել, ինչը թույլ է տվել հոգալ դահլիճի պահպանման համար նախատեսված ծախսերը։ «Փոփ-աստղերը ամիսը 1-2 անգամ են ելույթ ունենում մեր բեմում, թեեւ տպավորություն է, որ՝ ավելի շատ»,- ասաց նա։ Մինչ այսօր դահլիճը երկու «տաբու» է ունեցել, չէր կարելի քաղաքական հավաքներ ու աղանդավորական ուղղվածության համերգներ անցկացնել։ Հիմա գումարվեց եւս մեկը. ուզում ես համերգ տալ, բարի եղիր երգել։ Բերանը բացուխուփ անելն այլեւս թույլատրելի չէ։ Ռ.Սիրունյանը չգիտե, թե ի՞նչ սանկցիաներ են կիրառվելու այդ հրահանգը խախտողների համար, երգի՞չն է տուգանվելու, թե՞ դահլիճի տնօրինությունը։ Հայտնի չէ նաեւ տուգանքի չափը։ «Այդ մասին հավանաբար պետք է տեղեկանանք նախարարից»,- ասաց նա։ Հետաքրքիր է, ո՞ր երգիչները կկարողանան դիմանալ այս որոշմանը։ Երեւի, շատ քչերը։ Իսկ մեծամասնությունը թերեւս կնախընտրի տուգանք վճարել ու շարունակել ձեւացնել, որ ինքը երգիչ է։ Եթե որոշումը պետք է լուրջ հետեւանքներ ունենա, ապա անպայման պետք են հսկիչներ, որոնք կայցելեն համերգներ ու կանջատեն ձայնագրման պուլտը։ Եվ կաշառք չեն վերցնի։ Արդյունքում կերեւա՝ ով ո՞վ է։