Հոգեորսության դեմ

25/02/2009

ԼՂՀ-ում հոգեորսության դեմ պայքարի աշխատանքներ են տարվում: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, ըստ որի՝ բաժինը լուրջ միջոցառումներ է իրականացնում Արցախում հոգեորսությունն օրենքով սահմանված կարգով պատժելու ուղղությամբ: Նրա խոսքով, հոգեորսության դասական օրինակ կարող են ծառայել «Եհովայի վկաներ» կազմակերպության կողմից Արցախում ծավալվող քարոզչական աշխատանքները, «մանավանդ, երբ առանց հրավերի մտնում են մարդկանց տները եւ տարածում, այսպես կոչված, աշխարհի վախճանաբանության մասին սեփական, խիստ կասկածելի տեսակետներ եւ տարաբնույթ գրքեր»: Օրենքով արգելվում է չգրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը, սակայն, Ա. Սարգսյանի խոսքով, «խնդիրն այն է, որ Արցախում անօրինական գործող որոշ կրոնական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետությունում ունեն պետական գրանցում եւ հաճախ շահարկում են հենց այդ փաստը, մոռանալով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն հայկական երկու պետություններ են, որոնց որոշ օրենքներ տարբեր են՝ ըստ էության եւ կիրարկման կարգերով»: Դրանց թվին է պատկանում, օրինակ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը: Ըստ Ա. Սարգսյանի` անօրինական գործող կրոնական կազմակերպություններն օգտվում են այն իրավիճակից, որում հայտնվել է միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունը, որի յուրաքանչյուր քայլը, մանավանդ` մարդու իրավունքների հետ կապված, «շահագրգիռ պետությունների եւ միջազգային կառույցների մանրադիտակային զննումների ներքո է»: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի դրույթների խախտման համար կրոնական կազմակերպությունները եւ անհատները ենթակա են պատասխանատվության ԼՂՀ Վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ որի` երբ հավատացյալը (բացառությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու անդամի) կատարում է հոգեւոր քարոզչություն ոչ իր կրոնական կազմակերպության շրջանակում, դա դիտվում է որպես հոգեորսություն: Ոստիկանության կողմից արձանագրվելու դեպքում օրինախախտին առաջին անգամ արվում է նկատողություն (կազմվելով համապատասխան արձանագրություն), կրկնվելու դեպքում նշանակվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Դարձյալ խախտման դեպքում, ըստ օրենքի, դատարանն իրավունք ունի ԼՂՀ կառավարության համապատասխան բաժնի կամ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա վճիռ կայացնել ԼՂՀ-ում գրանցված կրոնական կազմակերպության լուծարման մասին: