Երեկ Ամերիկյան կինոակադեմիան 81-րդ անգամ շնորհեց կինոաշխարհում ամենահեղինակավոր մրցանակները` «Օսկարները»:
Այս տարվա մրցանակաբաշխությունը կարելի է ռեկորդային համարել այն առումով, որ անակնկալներ գրեթե չեղան: Երեկոյի բացառիկ հաղթողը դարձավ անգլիացի Դենի Բոյլի մեծ աղմուկ հանած «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը, որն արժանացավ 8 «Օսկարի», այդ թվում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում: Հիշեցնենք, որ այս ֆիլմը պատմում է հնդկական Մումբաի քաղաքի ետնախորշում ծնված եւ մեծացած մի երիտասարդի մասին, որը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղով շահում է 20 մլն ռուփի: Այս ֆիլմի մրցակիցներն էին` Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը», Ստիվեն Դալդրիի «Ընթերցողը», Գաս Վան Սենտի «Հարվի Միլկը», Ռոն Հովարդի «Ֆրոստն ընդդեմ Նիքսոնի» դրաման: Հատկանշական է, որ «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը անգլիական արտադրության է, իսկ մրցանակակիրները կա՛մ անգլիացի էին, կա՛մ հնդիկ: Եվ ընդհանրապես, այս տարի Ամերիկյան կինոակադեմիան շռայլ գտնվեց ոչ ամերիկացիների հանդեպ: Լավագույն դերասանուհի ճանաչվեց անգլիացի Քեյթ Ուինսլեթը` «Ընթերցողը» դրամայում գլխավոր դերակատարման համար, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Պենելոպա Կրուսը` «Վիկի Կրիստինա Բարսելոնա» ֆիլմի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարը» հետմահու շնորհվեց ավստրալիացի Հիթ Լեջերին: Մրցանակը ստացան դերասանի ծնողներն ու քույրը: Գլխավոր անվանակարգերում միակ ամերիկացի օսկարակիրը դարձավ տաղանդավոր դերասան Շոն Փենը, ով երկրորդ անգամ ոսկե արձանիկին արժանացավ «Հարվի Միլկ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Այս տարվա մյուս ֆավորիտը` Բրեդ Փիթի մասնակցությամբ «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը» ժապավենը հնարավոր 13 «Օսկարից» արժանացավ ընդամենը 3-ին: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթեց ճապոնական «Մեկնումներ» ժապավենը: